Աշխարհի գաւաթ․ Արթուր Դաւթեանը դարձեալ նւաճեց ոսկէ մեդալը

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացւող սպորտային մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութեան երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Արթուր Դաւթեանը նւաճեց յաղթողի կոչումը:
Յենացատկի վարժութեան եզրափակիչում Դաւթեանը հաւասարը չունեցաւ՝ վաստակելով 15,050 միաւոր:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրէում անցկացւած աշխարհի գաւաթի խաղարկութեան առաջին փուլում Արթուր Դաւթեանը ոսկէ մեդալակիր էր դարձել 14,933 միաւորով:
Յակոբ Սերոբեանի գլխաւորած հաւաքականից Կոտբուսում բրոնզէ մեդալակիր է դարձել Վահագն Դաւթեանը: Օղակների վարժութեան եզրափակիչում Դաւթեանը վաստակել է 14.600 միաւոր:
Աշխարհի գաւաթի խաղարկութեան փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հաւաքականի օլիմպիական ուղեգիր ունի Արթուր Դաւթեանը, որը նւաճել է 2023 թւականի աշխարհի առաջնութիւնում բազմամարտում:
Sport.news.am