ՄԱԿ-ում Իրանի դեսպան. «ՄԱԿ-ի կանոնադրութիւնը կանգնած է լուրջ փորձութեան առջեւ՝ անպատժելիութեան եւ քաղաքական շահարկումների հետեւանքով»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին, ուրբաթ օրը Նիւ Եօրքում հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նշելով, որ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, որն ընկած է միջազգային իրաւունքի եւ բազմակողմ համագործակցութեան հիմքում, այսօր կանգնած է լուրջ փորձութեան առջեւ՝ ագրեսիւ գործողութիւնների շարունակման, անպատժելիութեան մթնոլորտի եւ քաղաքական շահարկումների պատճառով։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրաւանիի խօսքով՝ ստեղծւած իրավիճակում կան երկու բացայայտ օրինակներ, որոնք պահանջում են Անվտանգութեան խորհրդի անյապաղ եւ յատուկ ուշադրութիւնը։
Նա որպէս առաջին օրինակ նշել է Իսրայէլի՝ տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թւում՝ Իրանի դէմ իրականացւող ագրեսիւ գործողութիւնները։ Դեսպանը յիշեցրել է, որ 2025 թւականի յունիսի 13-ին Իսրայէլը՝ ԱՄՆ-ի անմիջական աջակցութեամբ եւ մասնակցութեամբ, առանց որեւէ հիմքի, սկսել է լայնածաւալ պատերազմ Իրանի դէմ։
«Անվտանգութեան խորհրդի լռութիւնն ու անգործութիւնը նման խախտումների հանդէպ ոչ միայն խրախուսում են ագրեսորներին, այլեւ լրջօրէն խաթարում են ՄԱԿ-ի կանոնադրութեան հիմքերը»,- ընդգծել է նա։
Իրաւանին երկրորդ մտահոգիչ դրսեւորումը համարել է Անվտանգութեան խորհրդի լիազօրութիւնների «դիտաւորեալ եւ քաղաքական դրդապատճառներով չարաշահումը» եւրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից, որոնք ԱՄՆ-ի ճնշման ներքոյ փորձել են վերագործարկել այսպէս կոչւած Snapback մեխանիզմը՝ համաձայն 2231 բանաձեւի։
Նրա խօսքով՝ այդ փորձը՝ ուղղւած Իրանի դէմ չեղարկւած պատժամիջոցների վերականգնմանը, «օրինական հիմք չունեցող եւ անհիմն քայլ է, որը հակասում է թէ՛ բանաձեւի տառին, թէ՛ Համատեղ համապարփակ գործողութիւնների ծրագրի ոգուն»։
Իրաւանին յիշեցրել է, որ այս նախաձեռնութիւնը մերժւել է ոչ միայն Անվտանգութեան խորհրդի մի շարք անդամների, այդ թւում՝ երկու մշտական անդամների կողմից, այլեւ միջազգային հանրութեան լայն շրջանակի՝ մասնաւորապէս Չմիաւորման շարժման 121 անդամ պետութիւնների կողմից։
«Այս քայլը լիովին անօրինական է, եւ հետեւաբար՝ ոչ իրաւաչափ»,– շեշտել է նա։
Դասպանը յաւելել է, որ ՄԱԿ-ի նկատմամբ վստահութեան թուլացումը բխում է ոչ թէ կազմակերպութեան սկզբունքներից, այլ դրանց անկողմնակալ եւ արդար կիրառման բացակայութիւնից։
«Երբ ագրեսիան մնում է անպատիժ, իսկ միակողմանիութիւնը փոխարինում է երկխօսութեանն ու բազմակողմ համագործակցութեանը, ՄԱԿ-ի կանոնադրութիւնը կորցնում է իր բովանդակութիւնն ու նպատակն, իսկ Անվտանգութեան խորհրդի հեղինակութիւնը՝ իր կայունութիւնը»,- նշել է Իրաւանին։
Նա կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետութիւններին վերահաստատել իրենց հաւատարմութիւնը կանոնադրութեան գերակայութեանը եւ վերադառնալ իրական բազմակողմ մօտեցմանը՝ հիմնւած հաւասարութեան, փոխադարձ յարգանքի եւ իրաւունքի գերակայութեան վրայ։
«Անվտանգութեան խորհուրդը պարտաւոր է իր հիմնական պատասխանատւութիւնը իրականացնել անաչառ, արդիւնաւէտ եւ ոչ ընտրողական ձեւով՝ ապահովելով, որ ոչ մի պետութիւն, անգամ եթէ այն հզօր է, չկարողանայ շահարկել կամ օգտագործել այս կառոյցը սեփական քաղաքական նպատակների համար»,– եզրափակել է Իրանի ներկայացուցիչը։



