
«ԱԼԻՔ» – Մերձաւոր Արեւելքում իր ձեռքբերումներով ու գիտական բարձր ցուցանիշերով յայտնի Ռազի բժշկագիտական հետազօտութիւնների ու տեխնոլոգիաների 30-րդ փառատօնում դոկտ. Մասուդ Փեզեշքիանը կարեւորել է գիտութեան դերը հասարակութեան խնդիրների լուծման հարցում եւ նշել. «Գիտութեան զարգացման միջոցով կարելի է յաղթահարել խնդիրները եւ հասնել զարգացման ու առաջընթացի գագաթներին»,- տեղեկացրել է ԻՌՆԱ-ն:
Հանրապետութեան նախագահը յաւելել է. «Այսօր Իրանի նկատմամաբ ծանր ճնշումներ են բանեցւում: Պէտք է անպայման նշել, որ մենք երբեւէ պատերազմ չենք ցանկացել: Այստեղ հաւաքւածներս բժիշկներ ենք եւ նոյնիսկ յանցագործներին ենք բուժելու: Համոզւած ենք, որ դատողութիւններ անելը մեր գործը չէ եւ ուրիշն է, որ պիտի դատի այդ մարդկանց: Մինչդեռ նրանք, ովքեր վտանգելով տարածաշրջանի անվտանգութիւնը պնդում են, որ եկել են պաշտպանելու մարդու իրաւունքները, սպանդի են ենթարկել աւելի քան 40,000 մարդու՝ Գազայում ու Լիբանանում: Իսկ փոխարէնը մեզ են մեղադրում մարդու իրաւունքների ոտնահարման մէջ, ինչը ծայրաստիճան անարդար է»։