Արթուր Խաչիկեան. «Եթէ Իրանը հրաժարւի Հայաստանի հարցում կարմիր գծերից, կառաջանայ սուպեր Թուրքիա»
Հայաստանը կը սկսւի հալւել՝ շրջապատւած լինելով երեք կողմից

«Աշխարհաքաղաքական իրավիճակը գտնւում է էլ աւելի մեծ էսկալացիայի շեմին»,- 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի եթերում ասել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտութեան դոկտոր Արթուր Խաչիկեանը՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմում ստեղծւած իրավիճակին՝ Կիեւի ահաբեկչական յարձակումներին ՌԴ տարածքում, ստամբուլեան գլոբալ բանակցութիւններին ու էսկալացիայի ռիսկերին:
Նրա խօսքով՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի, Արեւմուտքի միջեւ բաւականին վտանգաւոր իրավիճակ է ստեղծւել միջուկային գերտէրութեան նկատմամբ ահաբեկչական վերջին յարձակումներից յետոյ, որը Ռուսաստանը չի կարող անպատասխան թողնել, ինչի մասին ՌԴ նախագահն արդէն յայտարարել է, իսկ ՌԴ ԶՈՒ-ն կոնկրետ:
Արթուր Խաչիկեանի որակմամբ, իրադարձութիւններն ընթանում են էսկալացիայի ճանապարհով, ընթանում է սպառազինութեան ինտենսիւ մրցավազք Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եւրոպայի միջեւ, աւելացւում են սպառազինութեան արտադրութեան ծաւալները:
«Մենք ընթանում ենք դէպի մեծ պատերազմ, կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են միմեանցից, կողմերի համար չափազանց դժւար է լինելու պայմանաւորւել, այս երեք տարւայ դժւարութիւններից, կորուստներից ու տարածքային ձեռքբերումներից յետոյ շատ դժւար է լինելու ՌԴ-ի համար դրանցից հրաժարւել:
Յաղթող կողմը երբեք տարածքներ չի զիջում, միւս կողմից՝ Ուկրաինայի համար է բարդ լինելու այդ ամէնը ճանաչել ՌԴ տարածք: Մենք ընթանում ենք դէպի մեծ էսկալացիա եւ կը տեսնենք, թէ ինչ է անելու ՌԴ ղեկավարութիւնը»,- ասել է Խաչիկեանը:
Նրա կարծիքով՝ ՌԴ նպատակն է ցոյց տալ, որ Զելենսկիին չարժի վստահել, որ վերջինս իրականացնում է ահաբեկչական գործողութիւններ, հետեւաբար՝ ինչպէ՞ս է հանարւոր նրա հետ պայմանաւորւել:
«Եթէ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ չանդամակցութեան եւ արեւմտեան ուժերի չտեղակայման պարտաւորութիւններով պայմանագիր ստորագրւի, ապա այդ պայմանագիրը չի իրականացւի: Եթէ բանակցութիւնների ընթացքում են նման քայլեր իրականացւում, ապա ինչպէ՞ս վստահել նման կողմին: Ռուսական կողմը նաեւ կը ցանկանայ ապացուցել Թրամփին, որ լարման պատասխանատուն ոչ թէ Ռուսաստանն է, այլ Ուկրաինան՝ համոզելով Թրամփին դուրս գալ հակամարտութիւնից, չաջակցելով Ուկրաինային:
Եւրոպացիներն ապակառուցողական դերակատարութիւն ունեն, ֆանատիկօրէն են տրամադրւած, թէեւ նրանց պատերազմելու հնարաւորութիւնները չափազանց քիչ են: Ուստի մենք ներկայումս կանգնած ենք բաւականին վտանգաւոր փուլում, եւ եթէ միւս կողմից նման անմտածւած քայլերը շարունակւեն, դա կը ստիպի Ռուսաստանին վճռական քայլերի դիմել»,- ասել է վերլուծաբանը:
Արթուր Խաչիկեանը չի բացառել նաեւ հնարաւոր յարձակումն Իրանի նկատմամբ:
«Ներկայումս թւում է, թէ ցանկանում են պայմանաւորւել Իրանի հետ, Ռուսաստանի շահերից է բխում, որ այդ հարցը խաղաղ լուծում ստանայ, դա բխում է նաեւ Հայաստանի շահերից, ծայրայեղ անցանկալի է, որպէսզի պատերազմ սկսւի: Հարցն այն է՝ արդեօք Իրանն իրաւունք ունի՞ ուրան հարստացնել ընդհանրապէս»,- ասել է Խաչիկեանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի թշնամիների (Թուրքի-Ադրբեջան) համար այդ պղտոր ջրում ձուկ բռնելու համար բարենպաստ մթնոլորտ է ստեղծւում:
«Այդ դէպքում ձուկը մենք ենք: Ես, երեք տարի է՝ ասել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ճնշումներ բանեցնել Իրանի ուղղութեամբ, որպէսզի մեր հաշւին զիջումներ լինեն, ինչպէս Ղարաբաղում եղան մեր հաշւին: Թէ ի՞նչ է անելու ՀՀ կառավարութիւնը՝ ընդհանրապէս անհնար է հասկանալ: Իրանն է պաշտպանում Սիւնիքը, բայց նրանց կողմից շատ սխալ կը լինի հրաժարւել դիրքորորոշումներից Հայաստանի հարցում, քանի որ կառաջանայ սուպեր Թուրքիա, Հայաստանը կը սկսւի հալւել, երբ շրջապատւած կը լինի երեք կողմից, եւ մենք մեզ այստեղ այլեւս հարմարաւէտ չենք զգայ, դրանից յետոյ Թուրքիան դուրս կը գայ Կասպից ծով: Թուրքերը կարող են շատ շուտով այլ՝ շատ աւելի կոշտ լեզւով խօսել ե՛ւ Իրանի, ե՛ւ Ռուսաստանի հետ»,- ամփոփել է քաղաքագէտը: