Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախահայութեան վերադարձին այլընտրանք չկայ

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

Քաղաքագէտ

 

1991 թ. սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագրի ընդունումից աւելի քան երեք ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին՝ 34 տարիներ առաջ ճիշտ այս օրը, ութ երկրներից՝ Հայաստանի Հանրապետութիւնից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Ուկրաինայից Արցախ ժամանած գրեթէ 40 անկախ միջազգային դիտորդների ներկայութեամբ Արցախի Հանրապետութիւնում անցկացւել է հանրաքւէ արդէն հռչակւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հարցով, որին մասնակցել է քւէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետութեան անկախութեանը կողմ է արտայայտւել քւէարկութեան մասնակիցների 99.89%-ը:

Հանրաքւէի ընթացքին եւ ձայները հաշւելու պրոցեսին հետեւած անկախ միջազգային դիտորդները հանրաքւէից անմիջապէս յետոյ հրապարակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հանրաքւէի արդիւնքների մասին ակտ»-ում նշել են, որ իրենք որեւէ խախտում չեն արձանագրել ո՛չ քւէարկութեան եւ ո՛չ էլ ձայները հաշւելու ընթացքում:

Անկախ դիտորդները յայտնել են նաեւ, որ քւէաթերթիկները տպագրւել են երեք լեզուներով՝ հայերէն, ռուսերէն եւ ադրբեջաներէն:

Դիտորդները միաժամանակ նշել են, որ «…որ հանրաքւէն անցկացւել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ (Ադրբեջանի կողմից իրականացւող – Ս. Հ.-Ջ.) ռազմական ագրեսիայի պայմաններում, որն արտայայտւել է Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի չդադարող հրետակոծութիւններով տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառեալ հրթիռներ եւ հրետանի: Քւէարկութեան օրը հրետակոծութիւններից զոհւել են 10, վիրաւորւել 11 հայեր: Ստեփանակերտ քաղաքի կանանց եւ երեխաների մեծ մասը գիշերում է նկուղներում, փակ են մանկապարտեզները, դպրոցները:… Պայթեցւել է քաղաքի ջրամատակարարման ցանցը, չկայ հաց, դեղորայք»:

Ահա այսպիսի ծանր ու դաժան պայմաններում արցախահայութիւնը, զարգացնելով Արցախի դարաւոր պետականութեան հարուստ աւանդոյթները, դրսեւորելով բարձր քաղաքական եւ քաղաքացիական գիտակցութիւն, ժամանակի ԽՍՀՄ եւ միջազգային իրաւական ակտերին համապատասխան, ձեռնարկել է օրինական քայլեր՝ իր պետական-իրաւական հետագայ կարգավիճակի հարցը լուծելու ուղղութեամբ: 

Նկատի ունենալով Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման նպատակով արցախահայութեան իրականացրած քայլերի յաջորդականութիւնը՝ կարող ենք պնդել, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը յարակից Շահուեանի շրջանի հետ միասին հանրապետութիւն հռչակելու, ինչպէս նաեւ հռչակւած հանրապետութիւնը նոյն թւականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքւէի արդիւնքում արցախահայութեան կամարտայայտութեան համաձայն անկախ հռչակելու իրաւական գործընթացն իրականացւել է միջազգային ու ԽՍՀՄ օրէնսդրութեան պահանջներին համապատասխան եւ դրանց բծախնդիր պահպանմամբ:

Հարկ է նշել, որ Եւրոպական խորհրդարանը 1999 թ. մարտի 11-ին ընդունած «Կովկասում խաղաղութեան գործընթացին աջակցելու մասին» բանաձեւում Արցախի անկախութեան հռչակման վերաբերեալ, մասնաւորապէս, արձանագրել է հետեւեալը. «հաշւի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է իր անկախութիւնը 1991 թւականի սեպտեմբերին՝ հետեւելով ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների կողմից նմանատիպ հռչակագրերի ընդունմանը»:

Փաստօրէն, միջազգային հանրութիւնը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակման օրինականութիւնն (լեգալութիւն) ու լեգիտիմութիւնը:

19 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 2006 թ. դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետութեան ժողովուրդը, զարգացնելով պետականութեան շինարարութիւնը, համաժողովրդական հանրաքւէի արդիւնքում ընդունել է նաեւ մայր օրէնք՝ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը:

Անհրաժեշտ է նշել, որ Արցախում սահմանադրաիրաւական մշակոյթն ունի աւելի քան 1500 տարիների պատմութիւն:

Դեռեւս 488 թւականին աշխարհում առաջիններից մէկը, իսկ հայոց մէջ առաջինը հէնց Արցախում է ընդունւել մայր օրէնք, որը պատմութեանը յայտնի է «Սահմանադրութիւն կանոնական» անունով:

20-րդ դարասկզբին Օսմանեան Թուրքիայի կողմից ստեղծւած արհեստածին, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի կողմից 2023 թւականի սեպտեմբերին միջազգային իրաւական ակտերի կոպտագոյն խախտմամբ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման, ինչպէս նաեւ ի հակառակ իր պարտաւորութիւնների Հայաստանի վարչակազմի անգործութեան հետեւանքով Արցախի պետականակիր բնիկ տերերը, ենթարկւելով ցեղասպանութեան, հարկադրւած լքել են իրենց նախնիների գրեթէ 3000-ամեայ բնօրրանը:

Երբեք, որեւէ պարագայում չպէտք է հաշտւել ստեղծւած անբնական ու անօրէն իրավիճակի հետ:

Արցախահայութեան վերադարձին այլընտրանք չկայ ու չի կարող լինել:

Արցախի բնիկ տէրերը պէտք է վերադառնան Արցախ տիրոջ իրաւունքով եւ կարգավիճակով, որտեղ պէտք է շարունակեն գործել Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ու օրէնքները, իսկ Արցախի ժողովրդի կողմից ձեւաւորւած վարչակազմը պէտք է շարունակի կատարել իր պարտականութիւններն ու իրականացնել իր լիազօրութիւնները:

Related Articles

Back to top button