Հայաստան - ԱրցախՄշակութային

Յովիկ Աւանէսով. «Ահազանգ. Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացւած Արցախի հերթական եկեղեցին»

Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն Յովիկ Աւանէսովը հերթական ահազանգն է հնչեցնում. «17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը գտնւում է Տոնաշէն բնակավայրի մօտ՝ այժմ բռնազաւթւած Ադրբեջանի կողմից, ենթարկւել է վնասման։ 2024-2025 թթ. հեռացւել է վանքի մետաղեայ ծածկի մեծ մասը, որը տեղադրւել էր 2009 թ. վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից։

Հայերէնում յայտնի Ս․ Ամենափրկիչ վանք (Նապատ)՝ համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ եւ օժանդակ շէնք՝ խաչքարերով ու արձանագրութիւններով։ Աղբիւրները յիշատակում են նաեւ 1888 թ․ վերականգնում։ Ստորեւ ներկայացւած են վանքի 1989 եւ 2009 թթ. լուսանկարները՝ վերջին վերականգնումից յետոյ։

Սուրբ Ամենափրկիչ վանքը Ադրբեջանում ընդգրկւած չէ յուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է անում ադրբեջանական իշխանութիւններին ներառել այս յուշարձանը որպէս 17-րդ դարի հայկական վանք եւ ապահովել դրա ամբողջական պաշտպանութիւնը:

Հայկական Մշակութային ժառանգութեան համակարգւած ոչնչացումը, աղաւաղումն ու իւրացումն Արցախի բռնազաւթւած տարածքներում այլեւս չի կարող դիտարկւել որպէս անփութութեան դրսեւորում կամ ռազմական գործողութիւնների երկրորդական հետեւանք։ Այն ձեւաւորում է Ադրբեջանի պետական քաղաքականութեան հիմնարար առանցքը, որն իրականացւում է հաստատուն, աւտորիտար կառավարման համակարգի կողմից՝ բազմիցս դրսեւորելով բացայայտ թշնամանք պատմական փաստերի, մշակութային բազմազանութեան եւ միջազգային իրաւակարգի նկատմամբ։

Տեղի ունեցող գործընթացները կանխամտածւած, երկարաժամկէտ եւ համակարգային պետական դոկտրինի դրսեւորումներ են, որոնք ուղղւած են հայկական մշակութային հետքի լիարժէք վերացմանը։ Եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, արձանագրութիւնների, ամբողջական բնակավայրերի ու բնակելի թաղամասերի ոչնչացումը, պատմաճարտարապետական յուշարձանների «վերագրումները», դրանց գործառոյթների փոփոխութիւնը, մշակութային ժառանգութեան իւրացումը, ինչպէս նաեւ ամբողջական պատմական լանդշաֆտների պետական վերահսկողութեամբ «վերակառուցումը» ներկայացնում են այն քաղաքականութիւնը, որը գիտնականների, գիտական կենտրոնների եւ մասնագիտացւած իրաւապաշտպան կառոյցների կողմից յաճախ բնութագրւում է որպէս համակարգւած մշակութային ցեղասպանութիւն՝ ուղղւած բնիկ հայկական քաղաքակրթական ներկայութեան վերացմանը իր պատմաաշխարհագրական միջավայրից։

Հայկական ժառանգութեան ջնջման գործընթացով Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են վերացնել այն նիւթական եւ փաստագրական շերտերը, որոնք վկայում են տարածաշրջանում հայերի տեղաբնիկութեան մասին։ Սա ոչ միայն պատմութեան կեղծման փորձ է, այլեւ տարածքային յաւակնութիւնների հաստատման մեխանիզմ՝ մշակութային փաստերի ֆիզիկական ոչնչացման միջոցով։ Այդ քաղաքականութիւնը վերածւում է ժառանգութեան ոչնչացման ինստիտուցիոնալացւած գործառոյթի՝ իշխանական վերահսկողութեան եւ գաղափարական գերակայութեան ապահովման նպատակով, ինչը բացայայտօրէն հակասում է միջազգային իրաւունքի նորմերին։

Այս քաղաքականութեամբ Ադրբեջանը հանդէս է գալիս ոչ թէ որպէս տարածաշրջանի բազմաշերտ ժառանգութեան պատասխանատու պահպանող, այլ՝ որպէս մարդկութեան համընդհանուր մշակութային հարուստ ժառանգութեան նկատմամբ թշնամաբար գործող միաւոր։ Փոխանակ դառնալու մշակութային միջավայրի պահպանման եւ գիտական ուսումնասիրութեան երաշխաւոր, այն գործում է քաղաքակրթական արժէքների դէմ՝ քանդելով, իւրացնելով ու կեղծելով այն պատմական վկայութիւնները, որոնք հակասում են իր պաշտօնական նարատիւներին։

Հայկական պատմական նիւթական յուշարձանների համակարգային վերացման, պատմութեան պետականօրէն ուղղորդւող վերաշարադրման եւ ընտրեալ յիշողութեան պարտադրման աճող միտումները վկայում են մի յստակ գաղափարական կառուցւածքի մասին՝

վերացնել աշխարհաքաղաքականօրէն «անցանկալի» մշակոյթը՝ վերացնելով դրա նիւթական յիշողութիւնը։

Այս դոկտրինը, որն իրականացւում է վարչական կարգաւորումներով, զինւած բռնազաւթմամբ, պետական քարոզչութեամբ եւ մշակութային ժառանգութեան մեթոդական ոչնչացմամբ, ներկայանում է որպէս ժամանակակից մշակութային հալածանքի ամենաարտայայտիչ օրինակներից մէկը։ Այն բնորոշում է ռազմաքաղաքական կառավարման համակարգի խորքային արժէհամակարգային քայքայում, որը մշակութային յիշողութիւնը դիտարկում է որպէս վերացման ենթակայ խոչընդոտ, այլ ոչ թէ պահպանելի համամարդկային արժէք։

Եթէ միջազգային հանրութիւնը չձեռնարկի համարժէք եւ արդիւնաւէտ քայլեր, ապա վտանգի տակ կը դրւի մի ամբողջ պատմական-քաղաքակրթական ժառանգութիւն, որն ունի համամարդկային արժէք»։

168.am

Related Articles

Back to top button