Իրան՝ կրօնների ապաստան. Սէյէդ Աբբաս Սալեհիի պատգամը համերաշխութեան ու միասնութեան մասին

«ԱԼԻՔ» – Երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութիւնում «Գրքի եւ ընթերցանութեան շաբաթւան» նւիրւած միջոցառում անցկացւեց, ներկայութեամբ մշակոյթի նախարար Սէյէդ Աբբաս Սալեհիի, փոխնախարար Մոհսէն Ջաւադիի, մշակութային կազմակերպութիւնների եւ արհմիութիւնների նախագահ Ալիռեզա Նուրիզադէի, մշակութային կազմակերպութիւնների ղեկավարների եւ կրօնական համայնքների ներկայացուցիչների:
Սալեհին՝ Իրանի մշակոյթի նախարարը յիշեցրեց այն փաստը, որ Իրանը միշտ եղել է կրօնների ապաստան, ինչը, նրա խօսքով, իրանցիները շարունակել եւ շարունակելու են վարւել նոյն ոգով:
Նա յիշելով Իրանի ամբողջականութեան համար զոհւած բոլոր նահատակների հերոսական էութիւնը, այդ թւում իրանահայ նահատակների, նշեց, որ նրանց թողած ժառանգութիւնը հազարաւոր տարիների պատմութեան պահպանման համար է եւ որպէս արժէք՝ ազգային հարստութիւն է, որը մենք միշտ յիշում ու պահպանելու ենք։
Նախարարն օրինակելի համարեց դաւանանքով տարբեր իրանցիների միջեւ պատմական ու մշակութային համատեղ կեանքն ու միասնութիւնը եւ նշեց. «Նոյնիսկ այս դահլիճում նոյն սեղանի շուրջ տեսանելի է հազարամեակների ընթացքում միահիւսւած համատեղ պատմութիւն, որտեղ միաւորւել ենք դժւար օրերին, միասին ուրախացել ու տխրել ենք եւ ստեղծել յարգանքով լի խաղաղ գոյակցութիւն»:
Սալեհին մինչեւ հրատարակչութիւնների խնդրին անցնելը նշեց. «Մեր ընդհանուր խնդիրները ոչ միայն սոցիալական կամ միջավայրային են, այլեւ լեզւական փոփոխութիւններ են, ընտանեկան ու սերնունդների դաստիարակման խնդիրներ են: Լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլեւ մշակոյթի կրող ու ինքնութեան յատկանիշ»:
Նախարարն ընդգծեց երկու հիմնական նպատակ. Առաջինը՝ կրօնների աւելի լաւ ըմբռնումը. «Եթէ կարողանանք ներկայացնել կրօնների բուն, տրամաբանական ու արդարացի ուսմունքները, դա կը բարձրացնի երկրի հեղինակութիւնը որպէս կրօնների ապաստան:
Երկրորդը՝ միասնութիւնը յանուն հայրենիքի. «Իրանը պարզապէս հող չէ, այլ հոգի է եւ իմաստ: Մենք՝ բոլոր կրօններից ու համայնքներից, պէտք է կանգնենք կողք կողքի՝ պահպանելու այս ընդհանուր ինքնութիւնը»:
Նախարարը յաւելեց՝ Իրանի գեղեցկութիւնը նրանում է, որ ունի կլիմայական բազմազանութիւն եւ դրանով աւելի գեղեցիկ է: «Նոյն օրինակով՝ եթէ միայն մէկ մշակոյթ ու կրօն լինէր, երկիրը կորցրած կը լինէր իր գեղեցկութեան մի մասը: Այս ամբողջականութիւնը կարող է նպաստել Իրանի իւրօրինակ մշակութային «կլիմայի» զարգացմանը՝ ինչպէս բնութեան դէպքում»:
Մինչեւ նախարարի ելոյթը, հրատարակիչերի հարցերով փոխանախարար Մոհսէն Ջաւադին ընդգծել էր գրքի կարեւորութիւնն Իրանի մշակութային զարգացման եւ համատեղ ժառանգութեան պահպանման գործում, յիշեցնելով, որ կրօնական փոքրամասնութիւնների համայնքները գրատպութեան միջոցով նպաստել են երկրի մշակութային հարստացմանը: Նա ընթացքում նոտագրելով ներկանների կողմից բարձրաձայնւած խնդիրները, դրանք փոխանցեց նախարարին դահլիճ մուտք գործելուց յետոյ:
Էրշադում՝ մշակութային կազմակերպութիւնների եւ արհմիութիւնների նախագահ Ալիռէզա Նուրիզադէն, եւս շնորհակալութիւն յայտնելով կրօնական համայնքների ներկայացուցիչներին, նշեց՝ նրանց ակտիւ մասնակցութիւնը ցոյց է տալիս խաղաղ համակեցութեան, ինչպէս նաեւ բազմազանութեան կարեւորութիւնը: Նա նաեւ յայտնեց, որ նախորդ տարւայ ընթացքում գրանցումների եւ միջոցառումների գծով արտօնագրերի հաստատումը արագացւել է եւ իրականացւում է ոչ ուշ քան՝ երկու ժամւայ ընթացքում:
Միջոցառման աւարտին կրօնական համայնքների ներկայացուցիչներն ու գրականութեան գործիչները ներկայացրեցին իրենց մտահոգութիւնները, գաղափարները եւ գործնական առաջարկները, ինչն ուղեկցւում էր մշակութային եւ գիտական ոլորտներում նոր նախաձեռնութիւնների հեռանկարների մասին ելոյթներով:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ















