Մշակութային

Աւետիս Ահարոնեանի խօսքը իր գրական գործունէութեան քառասունամեայ յոբելեանական հանդէսում

Իմ սիրելի հայրենակիցներ.

Կեանքիս ամենէն դժւարին օրերից մէկն է: Ի՞նչ ասեմ բոլոր փառաբանութիւններին, ներբողներին, գովքի, համակրանքի, յարգանքի, սիրոյ բոլոր այս սրտաբուխ զեղումներին, որ իմ բարի, արդար ու վշտաբեկ ազգը շռայլեց ինձ աշխարհի բոլոր ծայրերից, ուր մեր դժխեմ, նզովւած բախտը շպրտել է մեր վտարանդի հայրենաբաղձ բեկորները: Յուզւած եմ, խորապէս զգացւած ու անհունօրէն երախտապարտ: Ինչո՞ւ չասեմ սակայն, ինչպէ՜ս չասեմ, որ այս բոլորը ինձ յիշեցնում է ծնողի քնքշութիւնը դէպի իր զաւակը. չէ՞ որ իւրաքանչիւր մօր համար իր որդին ե՛ւ ամենէն առաքինին է, ամենէն շնորհազարդւածը, ե՛ւ ամենէն կատարեալն ու փառաւորը: Եւ ահա ես եւս, ցեղիս մայրական քնքշութեան, գորովի, գուրգուրանքների առջեւ լռում եմ, ու գլուխս խոնարհում ակնածանքով: Այս հանդիսաւոր ժամին, հաւատացէք ինձ, որ այս օրը ես չեմ փնտրել, վասնզի մեծարանքի, գովքի սպասումն ու ակնկալութիւնը բիրտ ժխտումն է հանրային գործի ներքին արժէքի, եւ զոհաբերութեան բարձր իմաստին է բախւում: Ակնկալւած փառքն իրական ու ճշմարիտ փառքին ոսոխն է: Գիտեմ, որ սպասում էք իմ խօսքին: Գիտեմ նաեւ, որ չպիտի կարողանամ գոհացնել ձեզ:

Ամիսներից ի վեր մեր բոլոր գաղութներից խանդավառ ցոյցերի, մաղթանքների եւ օրհնանքի ձայներ եմ լսում:

Ու մտովի խորհում եմ եւ տրտմութեամբ ինքս ինձ հարցնում, թէ ո՞ւր է այս բոլորի իմաստը: Եթէ այդ ամէնը ինձ համար է եւ իմ խեղճ անւան շուրջը, ապա դա շատ-շատ է եւ նոյնիսկ աւելորդ: Ապա եթէ հայի լեզւի, հայ գրի, հայ գրականութեան համար է, շատ քիչ է, վասնզի կապւած է առիթի հետ:

…Հայոց լեզո՜ւ, հայոց լեզո՜ւ, քեզ յարգա՜նք… Հոգիս պայթում է այն մտածումից, թէ ի սփիւռս աշխարհի վայրաւատին տարտղնւած ցեղիս զաւակները` իմ զաւակները, կարող են մի անիծակուռ օր իրենց աչքերը փակել մայրենի լեզւից ճառագայթող գեղեցկութեան առջեւ եւ ուրանալ իրենց մայրերի օրօրները, որոնց վրայ ազգի ճակատագիրն է դրոշմւած Աստծու ձեռքով: Եւ իմ սերո՞ւնդը… Է՜հ, նա էլ իդէալի արբեցուցիչ ու կախարդական աղբիւրից խմեց եւ տառապանքն ու ազատութիւնը սիրեց որպէս իր մօր ստինքները: …Ստրկութեան շղթաներից դեռ նոր-նոր իր հոգին ազատագրած այս ազգը գրի, խորհրդի, գեղեցիկի պաշտամունքի պէտքն ունի: Սիրեցէք մեր գիրն ու գրականութիւնը, սիրեցէք մեր լեզուն մեր հին-հին հայրերի, մեր Սահակների ու Մեսրոպների պէս, Նարեկացու, Աբովեանի պէս:

Ազգային խոշոր փլուզումների, թշւառութեան օրերին, երբ կատաղութեան ու աւերածի մրրիկները քրքջալով անցնում են օրհասների վրայով, ամէն ինչ անցնում է… Ու մնում են կանգուն միայն գիրն ու լեզուն, որոնք իրենց խորհրդաւոր ծոցում հարազատ մօր քնքշութեամբ ծածկում ու պահպանում են անաղարտ այն ամէնը, ինչ փլւել է ու խորտակւել, բոլորն, ինչ մի նկուն, աւերւած ազգը կարող է ըղձալ, յուսալ ու երազել:

…Մեր վերածնութեան ռահւիրաները, դարբնողները, Պեշիկթաշլեան, Դուրեան, Ծերենց ու Ալիշան, Աբովեան ու Նալբանդեան, Րաֆֆի ու Գամառ Քաթիպա: Եւ յետոյ ամբողջ մեր պսակաւոր Պլեադան նահատակ գրագէտների, որոնց վսեմ ճակատները հողին տալուց առաջ անապատի բարկ արեւը համբուրեց, եւ որոնց աչքերի հետին ցոլքերը երկնքի աստղերը խմեցին:

…Եւ ես չեմ, որ գրել եմ, այլ իմ հայրենիքի հոգին է բռնել իմ գրիչը քառասուն տարուց ի վեր: Ես գրել եմ այնպէս, ինչպէս իմ հայրենիքն է շշնջացել իր հողմերի սոյլերով, իր մրրիկներով, իր երգերով ու պարերով, իր ցաւերով ու խնդութեամբ: …Այսպէս եմ գրել ես: Իզուր իմ ստեղծագործութեան մէջ որեւէ գրական դպրոց փնտրեցին: Իմ գրական դպրոցը Հայ Հայրենիքը եւ առհասարակ մարդկային ցաւն ու տառապանքն է. ինձ համար մարդկային ամէն էակ գերագոյն նպատակ է եւ ոչ միջոց եւ իր կեանքի ցաւագին հեղհեղումները` բարձրագոյն արժէք, որ կարող է գեղեցկացնել ամենադժւարահաճ արւեստը:

…Մեր իրաւունքի եւ արդարութեան յաղթանակը ես տեսնում ու ապրում եմ էութեանս բոլոր թելերով, անգամ մեր դժխեմ օրերի այս թանձր ու ցուրտ մթնոլորտի սարսուռների մէջ: Ես տեսնում եմ այդ գերագոյն յաղթանակը ցեղիս զաւակների բոց ու կրակ աչքերի մէջ, մեր մանուկների, մեր պատանիների, մեր վարդ կոյսերի շողարձակ բիբերի մէջ, ուր եռում է ստեղծագործող, անհանգիստ իմաստութիւնը եւ հայրենիքի անմար կարօտը:

…Ես հաւատում եմ, հայ ժողովուրդ, քո Դարձին, ինչպէս հաւատում եմ, որ ամէն առաւօտ արշալոյսը կը բացւի: Հաւատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդաւոր հայեացքի տակ մեր Հայրենիքը կայ, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքուշ ձեռների մէջ եւ ակնդետ ու խռովայոյզ` նայում, նայո՜ւմ է ճամբաներին: Եւ հեռու չէ այն օրը, երբ իր բազուկները տարածած, նա կընդունի հեռաւոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զաւակների կարօտակեզ բազմութիւնները. եւ բիւրաւոր ձայներ կը թնդան Մայր Արաքսի ափերին.

Արմենիա, Արմենիա, ո՜վ իմ հոգու յաւիտենական ապաստան, ո՜վ իմ պաշտելի հայրենիք:

1930 թ.

Սորբոնի համալսարան

Related Articles

Back to top button