Հայաստանում առաջին անգամ ցուցադրւեցին Անահիտ աստւածուհու բրոնզաձոյլ գլուխն ու ձեռքը
«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմութեան թանգարանում տեղի ունեցաւ «Մայր աստւածութիւն. Անահիտից Մարիամ» ցուցադրութեան բացման արարողութիւնը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրւում են հեղինակաւոր Բրիտանական թանգարանից տեղափոխւած Անահիտ աստւածուհու յայտնի բրոնզէ արձանի գլուխը եւ ձեռքը։ Հաղորդում է 168.am-ը:
«Ցուցահանդէսի շրջանակում հնարաւորութիւն ունենք մեր գործընկեր Բրիտանական թանգարանի հետ երկարատեւ համագործակցութեան արդիւնքում ՀՀ-ում տեսնել 19-րդ դարի 70-ական թթ. պատմական Հայաստանից գտնւած եւ Անահիտ դիցուհուն վերագրւող բրոնզէ արձանից պահպանվւած դէմքը եւ ձեռքը»,- լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանի Պատմութեան թանգարանի տնօրէն Դաւիթ Պօղոսեանը։
Թանգարանի հնագիտութեան եւ դրամագիտութեան բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ Արմինէ Զոհրաբեանը սա համարում է նշանակալի իրադարձութիւն` ընդգծելով, որ Բրիտանական թանգարանը շատ քիչ դէպքերում է համաձայնում առարկաներն ինչ-որ մի տեղ ուղարկել։
«Բրիտանական թանգարանի աշխատակիցը յօդւած է հրապարակել, թէ ինչպէս է Անահիտի արձանը յայտնւել իրենց մօտ։ Մի գիւղացի է գտել, տարել Կ. Պոլիս, այնտեղ ձեռքից ձեռք է անցել, յետոյ յայտնւել է օսմանեան ներկայացուցչի ձեռքում` Իտալիայում, ապա նա աճուրդի է հանել։ Արձանը գնել է իտալացի ոսկերիչ, եւ Իտալիայի կառավարութիւնն ամէն ինչ արել է, որ տանի Իտալիա, բայց Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։ Ամենուրէք շեշտւում է, որ սա յայտնաբերւել է Հայաստանից։ Այո՛, պատմական Հայաստանի` Փոքր Հայքի տարածքում` Եկեղեաց գաւառում է յայտնաբերւել, որը Անահիտի սրբավայրն է հանդիսացել»,- մանրամասնեց գիտաշխատողը։
Նշենք, որ ցուցահանդէսի շրջանակում ներկայացւած են նաեւ թանգարանի հաւաքածուից մի շարք ցուցանմուշներ, որոնք ամփոփում են Մայր աստւածութեան գաղափարը` նեոլիթեան ժամանակաշրջանից մինչեւ մեր օրեր։
Ցուցահանդէսը կը տեւի մինչեւ մարտի 21-ը։