Ժիրայր Դադասեան. «Յետընթացը, աւերը, որը կայ շատ ասպարէզներում, վտանգաւոր է, պէտք է փորձել գոնէ եղածը պահպանել, մինչեւ կը գան մշակոյթի համար նպաստաւոր ժամանակներ»

Մարտի 15-ին, Լէոնիդ Ենգիբարեանի ծննդեան օրն է։ Տարիներ շարունակ Ծաղկաձորում անցկացւում էր Լէոնիդ Ենգիբարեանի անւան Մնջախաղի միջազգային փառատօն, որն անցկացւում էր պետական աջակցութեամբ։ Մնջախաղի փառատօնը առիթ էր դարձել, որպէսզի աշխարհի տարբեր երկրներից դերասաններ, դերասանական խմբեր ժամանէին Հայաստան, ծանօթանային մեր երկրի մշակոյթին եւ մի քանի օր փառատօնի շնորհիւ Ծաղկաձորը վերածւում էր փառատօնային քաղաքի, որը նաեւ նպաստում էր զբօսաշրջութեան զարգացմանը։ Այս փառատօնի շրջանակներում 2012 թւականին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղադրւեց աշխարհահռչակ Լէոնիդ Ենգիբարեանի բրոնզէ արձանը։ Չնայած իր գրանցած յաջողութիւններին, 2018 թւականից յետոյ փառատօնը չի անցկացւել, աւելին՝ որեւէ յոյս չկայ, որ այն երբեւէ տեղի կունենայ։
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավար, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ, փառատօնի հիմնադիր Ժիրայր Դադասեանի խօսքով՝ թէպէտ այս տարի Լէոնիդ Ենգիբարեանի համար յոբելեանական տարի է, սակայն փառատօն անցկացնելու վերաբերեալ որեւէ խօսք չկայ։
«Եթէ փառատօնը նախարարութեանը, Ծաղկաձորին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր պէտք է շահագրգռւած լինէին, պէտք չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել։ Եթէ նախարարութիւնը ֆինանսաւորէր՝ կանէինք, բայց այս պահին ուշ է խօսել այդ մասին: Առնւազն նախորդ ամռանը ես պէտք է իմանայի, որ այս տարւայ ամռանը կարող է անցկացւել, որովհետեւ դա հսկայական ժամանակ եւ աշխատանք է պահանջում, պէտք է թիմը կրկին հաւաքել, միջազգային քանդւած կապերը վերականգնել: Հիմա մի ամբողջ աշխատող մեքենայ նորից պէտք է գործարկել, որպէսզի կարողանաս աշխատեցնել»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Ժիրայր Դադասեանը։
Նախորդ տարի յոբելեանական էր նաեւ Մնջախաղի պետական թատրոնի համար՝ 50-ամեակն էր, ինչը, սակայն, կրկին որեւէ ձեւով չեն նշել։
«Նախարարութիւնում ասել էի, որ մեր թատրոնի 50-ամեակն է լրանում, գոնէ թատրոնի շէնքի նորոգումն աւարտեն, փառատօն անենք, մեծ ծրագիր էի գրել, թէ ինչեր ենք ուզում անել, բայց ինչպէս ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Ինչ վերաբերում է մեր թատրոնի շէնքին՝ ինչ ասեմ՝ դա էլ իմ ճակատի գիրն է։
Խօսքը մի երրորդ յարկ վերանորոգելու մասին է: Մեր տարածքը երրորդ յարկում է միայն, մինչդեռ այնպիսի տպաւորութիւն է, որ մի ամբողջ շէնք է յատկացւել մեզ:
Շինարարութիւնը սկսւել է 2019 թւականի դեկտեմբերից, մինչեւ այսօր ի՞նչ են անում՝ չգիտեմ, ընդհանրապէս տեղեակ չեմ, ինձ հետ չեն խորհրդակցում, ինձ չեն հարցնում: Այսինքն՝ ի՞նչ խորհրդակցեն, մէկ է՝ չեն աշխատում, ոչ մի բան չի արւում, տեսնում ենք էլի»,- յաւելեց մեր զրուցակիցը։
Ժիրայր Դադասեանը շեշտեց, որ եթէ նոյնիսկ շինարարական աշխատանքներն աւարտեն այս տարւայ ընթացքում, հնարաւոր չի լինի անմիջապէս անցնել ստեղծագործական աշխատանքի, որովհետեւ լուսաձայնային ամբողջ տեխնիկայի հարց պէտք է լուծւի, տենդերներ պէտք է յայտարարւեն։
«Մենք ստիպւած աւելի շատ դրսում ենք խաղում՝ հիւրախաղեր, փառատօներ: Վերջերս եղել ենք Թիֆլիսում, Իրանում, Ռուսաստանում: Պատանի հանդիսատեսի թատրոնի շէնքում էինք ներկայացումներ անում, բայց արդէն մի տարի է՝ դուրս ենք եկել այնտեղից, մեզ ասացին՝ վերանորոգում ենք սկսում, դուրս եկանք, վերանորոգում դեռ չեն սկսել: Ռուսական թատրոնի հետ պայմանաւորւեցինք, որ գոնէ ամսական մի օր բեմ տրամադրեն՝ մշտապէս ներկայացում խաղալու համար: Ֆիքսւած մի օր ունենք ամսւայ մէջ, ընկերական տրամադրում են։
Պէտք է փորձել գոնէ եղածը պահպանել, մինչեւ կը գան մշակոյթի համար նպաստաւոր ժամանակներ: Այս յետընթացը, աւերը, որը կայ շատ ասպարէզներում, վտանգաւոր է, հիմա իմ խնդիրը պահպանելն է այն, ինչը գոնէ կայ»,- ասաց Ժիրայր Դադասեանը։
Ինչ վերաբերում է Մնջախաղի թատրոնի գործունէութեանը, Ժիրար Դադասեանն ուրախութեամբ նշեց, որ նախորդ տարի բեմադրել են երկու ներկայացում:
«Մէկն իմ բեմադրութիւնն է, որն իրականացւեց Փարաջանովի 100-ամեակի շրջանակներում՝ Փարաջանովի թանգարանի բակում, որը շատ յարմար էր: Մենք միշտ խաղալու ենք այնտեղ, երբ եղանակը թոյլ տայ: Քանի որ տեղ չունենք խաղալու, գոնէ այդ մի ներկայացումը հաստատ միշտ կարող ենք այնտեղ խաղալ: Ի դէպ, Փարաջանովի ծննդեան օրը Թիֆլիսում էլ խաղացինք այն, ընդորում՝ շատ հետաքրքիր մի վայրում՝ իրենց Հանդիսութիւնների պալատում: Երկրորդ ներկայացումը, որն ինձ համար շատ կարեւոր է, «Ուրւականների սոնատն» է՝ ըստ Իւհան Աւգուստ Ստրինդբերգի համանուն պիեսի, որը, բեմադրել է մեր թատրոնի դերասանուհի Ինա Հախնազարեանը»,- ընդգծեց Ժիրայր Դադասեանը։