Էդւարդ Շարմազանով. «Փաշինեանին սատարում են միայն Թուրքիան եւ ԵՄ որոշ ուժեր, բայց այդ աջակցութիւնն էլ է թուլանում»

Հայաստանի կառավարիչները հլու-հնազանդ իրականացնում են Ադրբեջանի բոլոր պահանջները։ Փաշինեանի ռեժիմը խելօք կատարում է Ալիեւի ցուցումները եւ իրականացնում Հայաստանի ադրբեջանացման քաղաքականութիւն։ Թէ ինչ է ասում՝ «յաշիկ առ յաշիկ» հետ բերելու եւ այլնի մասին, արդէն կարեւոր չէ։ Մէկը, որն ասում էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «թաւշեայ յեղափոխութիւնը պէտք է բերի Հայաստանի հզօրացման», պատերազմից երկու օր առաջ ասում էր՝ «եթէ պէտք լինի, մէկ հարցազրոյցով Ադրբեջանում ներքին քաղաքական յուզումներ կառաջացնեմ», պատերազմի 44 օրերին ասում էր՝ «յաղթում ենք», պատերազմից յետոյ էլ պնդում էր, թէ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, այսօր վերածւել է Ադրբեջանի կամակատարի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդւարդ Շարմազանովը:
«Խաղաղութիւն, իհարկէ, հնարաւոր է։ Այսօր Արցախում ու Նախիջեւանում էլ է խաղաղ, բայց այնտեղ հայ չկայ։ Ստամբուլի հայկական համայնքն էլ է խաղաղ ապրում, բայց կիսաստրկացած վիճակում։ Մեզ այդպիսի խաղաղութիւն պէ՞տք է։ Մեր նպատակը ո՞րն է՝ խաղաղութիւն-ստրկացո՞ւմը, թէ՞ արժանապատիւ խաղաղութիւնը։ Նիկոլ Փաշինեանը մեզ տանում է խաղաղութիւն-ստրկացման, ոչ թէ արժանապատիւ խաղաղութեան։ Եռաբլուրը չի առաջացել, որպէսզի Հայաստանը լինի խաղաղութիւն-ստրկացման կարգավիճակում, կամ Հայաստանի վարչապետի աթոռին նստած մէկը կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, մի բան էլ փոխի Սահմանադրութիւնը՝ ոտնձգելով Հայաստանի Անկախութեան հռչակագրի նկատմամբ, որը հիմքն է մեր պետականութեան՝ Երրորդ Հանրապետութեան»,- ասաց քաղաքական գործիչը:
«Այս ամէնը թոյլ չտալու համար մեր հասարակութիւնը, այսինքն՝ բոլորը պիտի հասկանան, որ պետական շահ ու հայրենիք կայ, ամէն ինչ նիւթական ու օրւայ հացով չէ։ Փաշինեանն այսօր գնում է դպրոցներ ու մատաղ սերնդին քարոզում է, թէ կեանքի գլխաւոր նպատակը վայելքն է։ Ռուբէն Վարդանեանը չէր ուզո՞ւմ կեանքը վայելել։ Միլիարդատէր է, Մեծ Բրիտանիայից մինչեւ Մոսկւա, Վաշինգտոնից մինչեւ Չինաստան՝ կապեր ունի, գլոբալիստական բոլոր շրջանակները նրան ճանաչում են։ Բայց այդ մարդն իր միլիարդներն ու կարողութիւնը թողել, եկել էր Արցախ։ Հիմա էլ, լինելով Բաքւի բանտում, նա չի հրաժարւում իր հաւատամքից։ Այդպէս նաեւ Բակօ Սահակեանը, Լեւոն Մնացականեանը, մեր միւս պատանդները։ Նրանք կամ Եռաբլուրի տղաները չեն մտածե՞լ կեանքի վայելքների մասին։ Օրինակ, Դուշման Վարդանը չէր մտածո՞ւմ վայելքի մասին, որ 26 տարեկանում գնաց եւ նահատակւեց»,- նշեց ԱԺ նախկին փոխնախագահը:
Շարմազանովի կարծիքով՝ այսօր գաղափարական եւ արժէքային կռիւ է Նիկոլ Փաշինեանի եւ հայերի միջեւ. «Մի կողմից՝ ազգային եւ հոգեւոր Հայաստանն է, միւս կողմից՝ թուրքական լիրայով Էրմենիստանը եւ վիլայեթացումը։ Նիկոլ Փաշինեանի քաղաքական վարկանիշը հասել է պատմական նւազագոյնի եւ գնալով իջնում է։ Միւս կողմից, Փաշինեանին դէմ զանգւածը դեռեւս ազգային ուժերին կողմ հանրութիւնը չէ։ Կայ անտարբերների մի մեծ զանգւած։ Ով ինչ ուզում է ասի, Հայաստանում իշխանափոխութիւն չի կարող լինել առանց արտաքին միջամտութեան կամ աջակցութեան։ Այսինքն, Նիկոլ Փաշինեանը մնում է իշխանութեան, որովհետեւ նրան սատարում են արտաքին ուժերը, ինչպէս դեռեւս մէկ տարի առաջ նշել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։ Այդ արտաքին ուժերից առաջինը Թուրքիան է՝ այս տարածաշրջանի գլխաւոր տէրութիւններից մէկը, եւ հաւաքական Արեւմուտքի գոնէ գլոբալիստական կամ ուլտրալիբերալ թեւը»:
«Առնւազն Եւրամիութեան մի շարք դերակատարներ աջակցում են Փաշինեանին։ Այդ աջակցութիւնը գնալով թուլանում է, բայց խնդիրն այն է՝ այդ ընթացքում Հայաստանից ի՞նչ կը մնայ։ Ակնյայտ է, որ երկու տարուց Մակրոնն այլեւս իշխանութեան չի լինի, քանի որ առաջադրւելու իրաւունք չունի։ Եւրոպայում կարող են գալ պահպանողական, Թրամփի կողմնակից ուժեր։ Թէ ինչ կը լինի Ուկրաինայում, դեռեւս պարզ չէ։ Բայց ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանն այլեւս չունի այն աջակցութիւնը, որն ունէր անգամ վեց ամիս առաջ»,- ամփոփեց Էդւարդ Շարմազանովը: