Պետութիւնը դրել են զոհասեղանին, հազարաւոր ընտանիքների որբացրել են, մարդկանց զրկել տուն ու տեղից, իսկ իրենք վայելքների մէջ են
ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Իշխանութիւն է ընկել ձեռքները, վայելում են, չեն ուզում իրենց ոչնչից զրկել։ Պետութեան հաշւին վայելքների մէջ են ապրում։
Երկրի վարչապետի սիրտը ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան եզրափակիչը դիտել է ուզում, պետական մակարդակով աշխատանքային ձեւական այց է կազմակերպում, ընտանիքի անդամների հետ, պաշտօնական պատւիրակութեամբ, բիւջէի միջոցների հաշւին գնում է ֆուտբոլ նայելու։ Մէկ օր յետոյ էլ այնտեղից յայտարարում է արձակուրդ մեկնելու մասին։
Երկիրը բազում խնդիրների մէջ է, չգիտես՝ վաղն ինչ է մեզ սպասւում, վարչապետն արտասահմաններում անհոգ ման է գալիս, հեծանիւ է վարում, սրճարաններում ժամանակ անցկացնում։ Պատրաստւում է գրեթէ մէկ ամիս հանգստանալ, կարծես մէջքով քար է քաշել, երկրի բոլոր հարցերը լուծել է, ամէն ինչ դրել է ռելսերի վրայ, մնում է վաստակած հանգիստը վայելել։
Պետական բիւջէում փող չկայ նախատեսւած ծախսերն իրականացնելու համար, ծրագրերը հետաձգում են, կրճատում են, իսկ ինչ իրենց է վերաբերում, փողի պակաս չկայ։
Մէկ միլիարդից աւելի գումար յատկացրեցին՝ պետական բարձրաստիճան պաշտօնեաներին սպասարկող 49 նոր ծառայողական մեքենաներ գնելու համար։ Մի մասը թանկարժէք՝ ընդհուպ՝ 100-110 հազար դոլարի կարգի։ Բիւջէն փողի խնդիր ունի, առաջին կիսամեակում 117 մլրդ. դոլարով մուտքերը թերակատարել են, չեն կարողացել հարկերը հաւաքել, փողի պատճառով նախատեսւած ծրագրերը հետաձգում են, իսկ կառավարութիւնը 1 մլրդ. 38 մլն. դրամ է տալիս ծառայողական մեքենայ գնելու համար, կարծես ծառայողական մեքենայ գնելն այդքան հրատապ էր։
Այլ բաների համար փողը քչութիւն է անում, շրջաբերական են իջեցնում ու նախարարութիւններին, գերատեսչութիւններին յանձնարարում անցնել խնայողական ռեժիմների, հնարաւորինս սահմանափակել ծախսերը, գնում, ծառայողական մեքենաներ են գնում։ Եղածով արդէն չեն բաւարարւում, նորերն են ուզում, չեն կարող համբերել, բիւջէի խնդիրները լուծել, նոր մտածել ծառայողական մեքենաները թարմացնելու, նորերով փոխարինելու մասին։
Ծառայողական մեքենաները, որոնց պակաս այսօր էլ պետական համակարգում չկայ, ճոխութիւն են սարքել։
Այդքան խօսում էին դրանք կրճատելու, վերացնելու, պաշտօնեաների ախորժակները սահմանափակելու մասին, եկել-չեն եկել՝ մի բան էլ աւելացել են ծառայողական մեքենաները։
Այսօր պետական կառավարման ապարատում հարիւրաւոր այդպիսի մեքենաներ կան, իսկ ընդհանրապէս պետական համակարգում դրանք հասնում են հազարների։
Ժամանակին ինչեր ասես չէին ասում նախկինների մասին, որ Հայաստանը վերածել են պադաւատապետութեան։ Հիմա իրենք գրեթէ 2,7 մլն. դոլար են տալիս շուրջ հինգ տասնեակ նոր ծառայողական մեքենաներ գնելու համար։ Ու դա անում է մի կառավարութիւն, որի ղեկավարը ժամանակին յայտարարում էր, թէ Հայաստանում պէտք է ընդամէնը 30-35 ծառայողական աւտոմեքենայ լինի։ Դանիայի օրինակն էր բերում, ասում էր՝ Դանիայի խորհրդարանում՝ մէկ, իսկ ամբողջ պետական ապարատում՝ 23 ծառայողական մեքենայ կայ։ Հիմա հաշւէք, թէ քանի ծառայողական մեքենայ կայ Հայաստանի խորհրդարանում ու պետական կառավարման ապարատում։
Միայն Նիկոլ Փաշինեանին սպասարկող ծառայողական մեքենաներն այսօր գրեթէ այնքան են, որքան, ինչպէս ժամանակին յայտարարում էին, ամբողջ Դանիայի պետական ապարատում։
Երբ նոր էին եկել իշխանութեան, կառավարութեան աշխատակազմի մի ղեկավար կար, ասում էր՝ 90 տոկոսով նախատեսում ենք կրճատել ծառայողական մեքենաները, կսահմանենք հերթապահ համակարգ, պայմանագիր կը կնքենք տաքսի ծառայութեան հետ՝ պետական պաշտօնեաները տաքսիներով կերթեւեկեն, միլիարդներ կը խնայենք։ Տեսնում ենք, թէ ինչպէս են ծառայողական մեքենաները կրճատում ու միլիարդները խնայում։
Այս ամէնի հիմքերը, իհարկէ, նոր չեն դրւել, դրւել են այն ժամանակ, երբ վարչապետ դառնալուց անմիջապէս յետոյ Նիկոլ Փաշինեանն իրեն սպասարկելու նպատակով միանգամից 2 թանկարժէք զրահապատ մեքենայ գնեց ու դրանց համար, առանց աչք թարթելու, պետական բիւջէից ու հարկատուների հարկերից վճարեց մի քանի հարիւր հազար դոլար։
Պետական պաշտօնեաներին սպասարկելու համար հետագայում էլ բազմաթիւ թանկարժէք ու կիսաթանկարժէք ծառայողական մեքենաներ գնւեցին։
Խնայելու փոխարեն՝ միլիարդներ են ծախսում՝ իրենց սպասարկող ծառայողական մեքենաները թարմացնելու ու նորերով փոխարինելու, աւելի յարմարաւէտ դարձնելու համար։ Կարծես այդ գումարներն այլ նպատակի համար ծառայեցնելու տեղ չկայ, հրատապ ու անհետաձգելի, առաջնային կարեւորութեան ծախսեր չկան, որոնք պէտք է արւեն, անվտանգութեան, պաշտպանութեան ու սոցիալական խնդիրներ չկան, որոնք միջոցներ են պահանջում։
Նման դէպքերում գումարները միշտ քչութիւն են անում, չեն բաւարարում, երբեմն ընդհանրապէս չեն գտնւում, իսկ պետական պաշտօնեաների հաճոյքների համար, եթէ նոյնիսկ բիւջէով էլ նախատեսած չլինեն, կառավարութեան պահուստային ֆոնդի մի անկիւնում անպայման միջոցներ կը գտնւեն։ Կարող են գումարներ խնայել զինւորի, թոշակառուի, երկրի անվտանգութեան ու այլ առաջնային նշանակութեան կարեւոր բաների վրայ, բայց իրենց վայելքներից չեն զրկի։
Եթէ միայն ծառայողական մեքենաները լիներ, դեռ ինչ-որ կերպ կարելի էր լռել։
Պետական բիւջէի հաշւին տարեկան հարիւրաւոր միլիոներ ու միլիարդներ են ծախսում իրենց աշխատասենեակներն ու աշխատավայրերը պարբերաբար վերանորոգելու, թարմացնելու, կահաւորելու, նոր կահոյք ձեռք բերելու, գործուղումների անւան տակ արտասահմանեան վոյաժների մեկնելու, պետութեան հաշւին աշխարհով ման գալու, ճամբորդելու, հանգստանալու, թանկարժէք հիւրանոցներից օգտւելու համար։
Պետութիւնը դրել են զոհասեղանին, հազարաւոր ընտանիքների որբացրել են, մարդկանց զրկել տուն ու տեղից, գցել փողոցները, իսկ իրենք վայելքների մէջ են։
Սուրճի փող չունէին՝ հիմա թանկարժէք ռեստորաններից են օգտւում, թանկարժէք բնակարաններ գնում ու թանկարժէք աւտոմեքենաներից, նաեւ ծառայողական աւտոմեքենաներից օգտւում։
168.am