Կարէն Իգիթեան. «Բաքւից ասւել է՝ մինչեւ 2027 թ. ոչ մի փաստաթուղթ չեն պատրաստւում ստորագրել»
Կովկասագէտ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարէն Իգիթեանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրման հնարաւորութեանը, նշել է, որ Բաքւից յստակ ժամկէտներ են նշւել:
«Դեռ նախորդ տարի էին ասում, որ մինչեւ տարւայ վերջ խաղաղութեան պայմանագիրը կը ստորագրւի, հիմա էլ են նոյնն ասում: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը. ես խորհուրդ կը տայի իր խօսքերին ուշադիր վերաբերւէինք, որովհետեւ մինչեւ Արցախի դէմ ագրեսիան նա պարզ ասել էր՝ ինչ են անելու:
Այն ժամանակ ասել էր՝ եթէ չեն ընդունում մեր պայմանները, այդ հարցը լուծելու ենք ռազմական ուժով, իսկ երբ հարցրին՝ արդեօ՞ք ցեղասպանութեան մասին է խօսքը, նա պատասխանեց՝ դա հայերի ընտրութիւնն է, կարող է եւ լինի ցեղասպանութիւն:
Հիմա այդ նոյն մարդն ասում է՝ մինչեւ Հայաստանը չփոխի իր Սահմանադրութիւնը (ի դէպ, ինքնիշխանութեան եւ անկախութեան մասին՝ ուրիշ մի երկիր պահանջում է, որ մենք փոխենք մեր Սահմանադրութիւնը, այսինքն՝ այն փաստաթուղթը, որը կարգաւորում է մեր ներքին կեանքը), խաղաղութիւն չի լինի: Ապա նա շարունակում է՝ իրենք չեն կարող դա փոխել մինչեւ 2027 թւականը, այսինքն՝ արդէն ադրբեջանական մի չինովնիկ ասում է՝ ինչ են դրա մասին մտածում Բաքւում եւ Անկարայում՝ մինչեւ 2027 թ. ոչ մի փաստաթուղթ չեն պատրաստւում ստորագրել Հայաստանի հետ»,- ասել է նա: