Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանի առաջարկի հետին մտքերը, ՀՀ Զինւած ուժերին ուղղւած Ադրբեջանի պահանջը եւ Փաշինեանի՝ հակառուսական լինելու շուրջ կասկածները

Նախօրէին 168.am-ն անդրադարձել էր ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Արմէն Գասպարեանի սպանութեանը, դրանից առաջ Ադրբեջանի ԶՈւ զինւորի անհետ կորելու եւ յետոյ սպանւած յայտնաբերւելու դէպքերին, եւ, որ երկու դէպքում էլ յայտնի չէ կամ համապատասխան մարմինները չեն յայտնել՝ ներքի՞ն, թէ՞ արտաքին կրակոցից է հայ զինծառայողը սպանւել, նոյն պատկերը նաեւ ադրբեջանական կողմի դէպքում է:

Մենք անդրադարձել էինք նաեւ ադրբեջանական մեղադրանքներին, թէ իբր Նախիջեւանի ուղղութեամբ Հայաստանը հրադադարի ռեժիմ է խախտում, ինչը ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատւութիւն է որակում, բայց դա չի խանգարում, որ Ադրբեջանը յունիսի 13-ից ակտիւացրած նոյն ուղղութեամբ մեղադրանքները շարունակի:

Փաշինեանի հերթական վտանգաւոր առաջարկի հետին մտքերը

Եւ այս ամէնի ֆոնին Նիկոլ Փաշինեանը մեկնում է Սիւնիքի մարզ, եւ այնտեղից Ադրբեջանին մի նոր առաջարկ անում՝ ձեւաւորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննութեան երկկողմ մեխանիզմ:

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատւութիւն է տարածում ՀՀ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերեալ, եւ մեր Պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է այդ տեղեկութիւնները: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել, կամ այդ տեղեկութիւնները երկու բանի մասին կարող են վկայել: Մի դէպքում, իրօք, հրադադարի ռեժիմի խախտում կայ, իսկ միւսը՝ փորձ է արւում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Բոլոր դէպքերում ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ, ՀՀ ՊՆ-ն կառավարութեան անունից հերքում է: Կարծում եմ, որ այս իրադրութիւնը որոշակի հասցէագրման կարիք ունի, եւ պարզել ճշմարտութիւնը ոչ միայն միակողմանիօրէն, այլեւ միջազգային հանրութեան համար: Կարծում եմ՝ վատ գաղափար չի լինի, եթէ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննութեան երկկողմ մեխանիզմ ձեւաւորենք Ադրբեջանի հետ, եւ ես առաջարկութեամբ հանդէս գամ: Միւս կողմից, սա արդէն կարելի է ընդունել որպէս առաջարկ»,- նշել է Փաշինեանը, ով այս տարւայ յունւարի 28-ին էլ Ադրբեջանին առաջարկել էր սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաեւ՝ չյարձակման մասին պայմանագրի ստորագրում, «եթէ կը պարզւի, որ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը սպասւածից աւելի երկար ժամանակ է պահանջելու»:

Եւ ոչինչ, որ ունենք Ներքին Հանդի պատմութիւն, երբ Ադրբեջանն իր զինծառայողին վիրաւորելու մէջ մեղադրեց հայկական կողմին, որի դիմաց հայկական 4 դիրքապահ սպանեց: Իսկ ռազմական ոստիկանութիւնը շտապել էր յայտարարել՝ «ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկատւութիւնը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատւածում ս. թ. փետրւարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննւում է»:
Մինչեւ հիմա այս հետաքննութեան արդիւնքը ՊՆ-ն չի յայտնել, չնայած բազմաթիւ բանաւոր եւ գրաւոր դիմումներին:

Աւելի ուշ այս տարւայ ապրիլին նմանօրինակ եւս մէկ դէպք էր արձանագրւել Ներքին Խնձորեսկի հատւածում, այստեղ էլ ԱԱԾ-ն ՊՆ օրինակով մեղադրել էր հայ սահմանապահին, ծառայողական քննութեան արդիւնքներով Քրէական օրէնսգրքի համապատասխան յօդւածով առերեւոյթ յանցանքի մասին պատշաճ հաղորդում էր ներկայացւել Քննչական կոմիտէ, որտեղ նախաձեռնւել էր քրէական վարոյթ, սկսւել էր նախաքննութիւն՝ դէպքի հանգամանքները բացայայտելու, մեղաւոր անձանց քրէական պատասխանատւութեան ենթարկելու համար: Սրա արդիւնքը եւս յայտնի չէ: Բայց միջազգային հանրութեան համար կայ արձանագրում՝ հայկական կողմն է խախտել 2 դէպքում էլ: Կա՞յ նման բան Ադրբեջանի կողմից: Սա՝ առաջին: Երկրորդ, տարիներ շարունակ Կասպրչիկի գրասենեակը՝ նրա դաշտային օգնականները կամ ԵԱՀԿ դիտորդները պարբերաբար կարճատեւ մոնիտորինգներ էին իրականացնում օկուպացւած Արցախի եւ ՀՀ շփման գծերում եւ սահմանային հատւածներում, բայց շատ յաճախ Ադրբեջանն իրենց կողմից ԵԱՀԿ դիտորդներին առաջնագիծ չէր հանում, աւելին, այս դէպքում, իւրաքանչիւր կողմը հրադադարի ռեժիմի խախտման իր ճշմարտութիւնն ունէր, եւ Կասպրչիկն ու նրա դաշտային օգնականներն ասում էին, որ այսպէս չեն կարող որոշել՝ ով է առաջինը խախտել հրադադարը, պէտք են հետաքննութեան արդիւնաւէտ միջազգային մեխանիզմներ: Եւ 2016 թւականի Ապրիլեան պատերազմից յետոյ հայկական կողմը կարողացաւ մօտենալ այս նպատակին:

Խօսքը 2016 թ. Ապրիլեան պատերազմից յետոյ նախկին իշխանութիւնների օրօք ձեռք բերւած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնների մասին է, ինչը ենթադրում էր սահմանին ստատուս-քւոյի ամրապնդում, ռազմական գործողութիւնների բացառում եւ նախայարձակ կողմին յստակօրէն տարբերակելու հնարաւորութիւն։ Այսինքն, պէտք է ներդրւէին վստահութեան ամրապնդման եւ սահմանային միջադէպերի հետաքննութեան մեխանիզմներ, ընդլայնւելու էր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակը:

Հարկ է նկատել, որ եթէ անգամ Ադրբեջանի սրտով չի եղել սահմանային միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնումը, իսկ դա այդպէս է, ամէն դէպքում, ունէինք յաղթաթուղթ. 2016 թ. յունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից յետոյ նախագահներ Սերժ Սարգսեանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հանդէս էին եկել համատեղ յայտարարութեամբ, որում, մասնաւորապէս, նշւում էր.

«Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս. թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանաւորւածութիւնները՝ ուղղւած հակամարտութեան գօտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնաւորապէս աւելացնել հակամարտութեան գօտում միջազգային դիտորդների թւաքանակը»:

Իսկ ի՞նչ էր ասում 2017-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանը, կամ՝ ի՞նչ էր գրում «Հայկական ժամանակը»:

2017 թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակում» հրապարակւած՝ «Սերժ Սարգսեանը ծաղրո՞ւմ է Իլհամ Ալիեւին» վերտառութեամբ անանուն խմբագրականում, մասնաւորապէս, ասւում է.

«Հայաստանը պնդում էր շփման գծում զինադադարի ամրապնդման մեխանիզմների, ասել է թէ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնների վրայ, Ադրբեջանը՝ հարցի կարգաւորման բովանդակային քննարկման, այսինքն, երբ պէտք է հայկական զօրքերը դուրս գան ԼՂ յարակից տարածքներից, ինչ կարգավիճակ պէտք է ունենայ Արցախը, եւ այլն»:

Այնուհետեւ սրա հետ կապւած շարունակւում է.

«Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ հայկական կողմն առաջնագծում համապատասխան տեխնիկական ապահովման արդիւնքում կարող է նկարահանել եւ ցոյց տալ, թէ ինչ է անում ադրբեջանական կողմը, իսկ ադրբեջանական կողմը նման հնարաւորութիւն չունի: Եւ եթէ նոյնիսկ նախօրէին թէժ մարտեր են ընթացել, կամ հայկական կողմը հարւածային անօդաչու սարք է օգտագործել, մենք դրա մասին չենք իմանայ: Մինչդեռ ասւում է, չէ՞, եկէք առաջնագծում զինադադարի խախտման դէպքերի հետաքննութեան մեխանիզմներ ներդնենք, որպէսզի ամէն անգամ հնարաւոր լինի պարզել, թէ որ կողմն առաջինը խախտեց, որ կողմն ինչպէս պատասխանեց, եւ այլն»:

Ըստ այս յօդւածի, ստացւում է, որ խմբագրականի անանուն հեղինակը կամ, հնարաւոր է, Նիկոլ Փաշինեանը մտահոգւում է, որ հետաքննութեան մեխանիզմների ներդրմամբ շահելու է հայկական կողմը, կամ տուժելու է Ադրբեջանը:

Սա նաեւ ցոյց է տալիս, որ նախկին իշխանութիւնների օրօք, տւեալ դէպքում, Արցախում հայկական կողմը դիրքային լրջագոյն առաւելութիւններ է ունեցել:

Իսկ 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, ըստ էութեան, ոչ միայն փոխւեց ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի տրամաբանութիւնը, այլեւ բանակցային գործընթացից դուրս մղւեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները, փոխարէնն ակտիւօրէն շրջանառւեցին Դուշանբէի պայմանաւորւածութիւնները, երկու կողմերի միջեւ ուղիղ կապի եւ ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստման գաղափարը:

Այսինքն, Փաշինեանը, մեղմ ասած, չօգտագործեց հետաքննութեան մեխանիզմների ներդրման պայմանաւորւածութիւնները, դրանք մի կողմ թողեց՝ նախընտրելով Ալիեւի հետ ուղիղ պայմանաւորւածութիւնը դիտարկել՝ որպէս հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիք:

Արդէն 44-օրեայ պատերազմից յետոյ Փաշինեանը որոշեց, որ սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման հարցում կարող են երաշխաւոր դառնալ ԵՄ դիտորդները, ինչը, մեծ հաշւով, Ադրբեջանը չի ողջունել եւ մշտապէս բողոքել է նրանց ներկայութիւնից, թէպէտ, Հայաստանը շատ մեծ օգուտներ չի քաղել ԵՄ առաքելութիւնից, քանի որ, սա, ըստ էութեան, հեռահար նպատակներ ունի:

Եւ հիմա Նիկոլ Փաշինեանը յանկարծ նոր առաջարկ է մտայղանում՝ հետաքննութեան երկկողմ մեխանիզմների ներդրման մասին երկկողմ պայմանագրի կնքում Ադրբեջանի հետ:

Եւ եթէ հաշւի առնենք, թէ որտեղ է այս առաջարկն արւում, եթէ հաշւի առնենք, որ դրան զուգահեռ՝ նա պտտւում էր Սիւնիքի, առանց այն էլ, Ադրբեջանի թիրախի տակ գտնւող բնակավայրերում եւ համոզում, որ սահմանազատումը ճիշտ է, եւ ինչպէս Տաւուշում, այնպիսի փշալարերով պարիսպներ պէտք է նաեւ Սիւնիքում լինեն, կարո՞ղ ենք ենթադրել, որ այս առաջարկը եւ ադրբեջանական մեղադրանքները բնաւ պատահականութիւն չեն, որ Նիկոլ Փաշինեանը հերթական քաղաքական «ճկունութիւնն» է իրականացնում, որը փորձում է իրացնել հանրութեան շրջանում:

Այլ կերպ՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ապրիլին հրապարակած մեր վերլուծականում՝ «Փաշինեանի տաւուշեան պիլոտային ծրագիրն ու Սիւնիքի շուրջ ռազմական սադրանքների վտանգը. փնտրւում են հետագայ պատասխանատուներ» չէինք սխալւում:

Մենք գրել էինք, որ Տաւուշում սահմանազատման օրերին բոլորի հայեացքներն արդարացիօրէն կամ օբիեկտիւօրէն Տաւուշի ուղղութեամբ էր՝ կապւած 4 գիւղերի յանձնման հետ, բայց Սիւնիքը պէտք է մշտապէս օրակարգում պահել, այսինքն՝ Տաւուշի թեման չպէտք է մեր ուշադրութիւնը շեղի Մեղրիից, եւ այն էլ ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց յետոյ, քանի որ Ադրբեջանը կարող է կոշտացնել այս առումով իր դիրքորոշումը եւ դիմել որոշակի ռազմական գործողութիւնների, «Զանգեզուրի միջանցք»-ի համար թուրք-ադրբեջանական պրովոկացիաների վտանգ կայ, յատկապէս Ադրբեջանի ղեկավարութիւնը յստակ հասկացրել էր՝ առանց «Զանգեզուրի միջանցք»-ի՝ խաղաղութեան պայմանագիր չի կնքւելու, ոչ էլ Թուրքիայի հետ յարաբերութիւններ կարող են կարգաւորւել: Ւսկ «Զանգեզուրի միջանցք»-ը հէնց թուրքական ծրագիր է:

Բացի այս, Երասխից զօրքի յետքաշման եւ Տիգրանաշենի յանձնման հարց կայ օրակարգում: Այսինքն, Փաշինեանի հետաքննութեան մեխանիզմների մասին երկկողմ առաջարկը հետին մտքեր ունի եւ տեղաւորւում է հէնց այս տրամաբանութեան մէջ, այն մանիպուլիատիւ է, յատկապէս առաջնագծերի եւ խրամատների աստիճանական վերացման պարագայում: Այո, սահմանապահների դէպքում եւս հրադադարի ռեժիմ խախտւելու է, բայց Ադրբեջանի երկրի դէպքում չմիջնորդաւորւած հետաքննութեան մեխանիզմների մասին խօսելը, մեղմ ասած, աբսուրդ է, եւ էլ աւելի է կաշկանդելու ՀՀ զինւած ուժերին, սպաներին եւ հրամանատարութեանը:

Ադրբեջանը պահանջում է ՀՀ ԶՈՒ կազմաքանդում. նրանք սահմանին վերաբերւում են՝ որպէս շփման գիծ

Minval.az-ի հետ հարցազրոյցում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ըստ էութեան, հաստատել է ոչ միայն մեր վերը նշւած ասածն ու մտավախութիւնները, այլ ընդդիմութեան այն պնդումները, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղութեան, խաղաղութեան պայմանագրի վերջնական կնքման, եւ, որ տարբեր քարտէզներով հատւածական սահմանազատումն ու սահմանագծումն Ադրբեջանի պահանջով է արւում եւ այլն: Ներկայացնենք ադրբեջանցի դիւանագէտի հարցազրոյցից մի քանի հատւած այս առնչութեամբ:

– Երբ ինձ հարց են տալիս Խաղաղութեան պայմանագրից, ես միշտ հարցնում եմ՝ խաղաղութեան ի՞նչ պայմանագրի մասին է խօսքը՝ շրջանակայի՞ն, որն իր մէջ ներառում է ինչ-որ թեզիսներ եւ ոչ յստակ հարց չի լուծում, թէ՞ վերջնական համապարփակ փաստաթղթի մասին է խօսքը, որը կարող է ստորագրւել միայն բոլոր տեսակ բանակցութիւնների աւարտին: Ես նկատի ունեմ՝ կոնկրետ հարցեր՝ կապւած սահմանների սահմանազատման եւ սահմանագծման, կոմունիկացիաների վերականգնման, խաղաղ հարեւանութեան համար բոլոր տեսակ իրաւական խոչընդոտների վերացումը, ինչը վերաբերում է նաեւ Հայաստանի սահմանադրութեանը: Այսինքն, ի՞նչ փաստաթղթի մասին ենք մենք խօսում:

– Համապարփակ փաստաթղթի ուղղութեամբ տարւո՞ւմ է: Ադրբեջանի նախագահն ասել է, որ աշխատանք է տարւում բաւականին կարճ ժամանակահատւածում շրջանակային փաստաթղթի ուղղութեամբ, որը չի կարող կարգաւորել բոլոր խնդիրները, այլ միայն գծագրել քաղաքական շրջանակը հետագայ բանակցութիւնների: Բոլորը պէտք է հասկանան՝ ինչ է շրջանակային փաստաթուղթը, ինչ է համապարփակը, եւ միայն սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից յետոյ խաղաղութեան վերջնական պայմանագրի վրայ աշխատանքը կարող է տեւել մի քանի տարի:

– Պէտք է նաեւ յստակեցնել եւ պայմանաւորւել տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերեալ: Իսկ կարող է սահմանազատումը եւ սահմանագծումը յանգեցնել նրան, որ Զանգեզուրը կը վերադարձւի: Ով գիտի:

– Հայաստանն ասում է, որ ուզում ենք 1991 թւականի սահմանը, մենք նրանց բացատրել ենք, որ այդպիսի սահման գոյութիւն չունի: Հիմա նրանք խօսում են 1976 թւականի քարտէզներից: Ադրբեջանն առաջարկում է սահմանի տարբեր տեղամասերի դէպքում օգտագործել տարբեր ժամանակների եւ թւերի քարտէզներ:

– Մենք խաղաղութիւն չունենք: Մինչեւ հիմա պահպանւում է ռազմական վիճակը, երկրների միջեւ ռազմական յարաբերութիւններ են: Իսկ Հայաստանի սահմանին, մի քանի տեղամասերում սահմանապահ զօրքերի փոխարէն՝ տեղակայւած են յատուկ ուժեր, որոնք համատեղել են սահմանապահների եւ բանակային կորպուսի ֆունկցիաները: Սահմանին նրանք վերաբերւում են՝ որպէս զօրքերի շփման գիծ: Այնպէս որ, մենք չունենք Հայաստանի հետ սահման, այլ ընդամենը՝ շփման գիծ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարն այս մասին խօսում է առնւազն 2022 թւականից, որ 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, որ Ալմա Աթայի հռչակագրում սահման նշւած չէ, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ «երկաթբետոնէ» փաստաթուղթ:

Ինչ վերաբերում է, որ սահմանին իրականում ռազմական իրավիճակ է, շփման գիծ, որ ՀՀ բանակը դուրս չի եկել սահմանազատւած հատւածներից, ապա Ադրբեջանը մոռանում է, թէ ինչ զինւածութիւն ունեն իրենց սահմանապահները եւ ինչ ֆունկցիա են կատարում, մոռանում է իրենց յատուկ նշանակութեան ուժերին: Իսկ նման ձեւակերպման հիմք, հնարաւոր է, տւել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գաղտնազերծումը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը, որ «սահմանապահ զօրքերն այդ հատւածում իրենց առջեւ դրւած խնդիրները կատարում են, բանակն այնտեղ է, այսինքն, սահմանապահ զօրքերը որտեղ կատարում են ծառայութիւն, դա եւս բանակի պատասխանատւութեան գօտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել պաշտպանութիւն»:

Փաշինեանի հակառուսականութեանն Ադրբեջանը չի հաւատում

Ի դէպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը, ով 2022-ից յայտարարում էր, որ Փաշինեանը Ռուսաստանին փոխարինող է փնտրում, վերոնշեալ հարցազրոյցում ուշադրութիւն է հրաւիրել այն փաստի վրայ, որ Նիկոլ Փաշինեանը միայն ՀԱՊԿ-ին է քննադատում, դրանից խօսում, մինչդեռ Հայաստանը ՌԴ-ի հետ ունի երկկողմ ռազմական պայմանագրեր, այդ թւում՝ ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման մասին, ՀՀ-ում գործում է ռուսական բազա, գոյութիւն ունի հայ-ռուսական միացեալ զօրախումբ: Այսինքն, ՀԱՊԿ-ին Նիկոլ Փաշինեանի քննադատութիւնը եւ հակառուսական յայտարարութիւններն ինչ-որ առումով ադրբեջանցի դիւանագէտը քարոզչական է համարում:

«Այսինքն, Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցութեան կոմպոնենտները շատ են, մինչդեռ միայն, չգիտես ինչու, ՀԱՊԿ-ի մասին է խօսւում»,- ընդգծել է Զուլֆուգարովը:

Յաւելենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Գիւմրիում աւելի է հիմնաւորւում. նրանք շէնքեր են կառուցում, թոյլտւութիւնը քաղաքապետն է տւել:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինեանի խնդրանքով ռուսական կողմը շարունակելու է ապահովել հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանը: Այսինքն, մնալու է Մեղրիում։ Իսկ «ՏԱՍՍ»-ին տւած հարցազրոյցում էլ ՌԴ Արտաքին հետախուզութեան ծառայութեան տնօրէն Սերգէյ Նարիշկինը յայտարարել է, թէ Հայաստանում ամերիկեան ռազմաբազաների յայտնւելու մասին դեռ վաղ է խօսել՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխօսութեան հանդիպման ամփոփիչ համատեղ յայտարարութեանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինեանը հակառուսական որոշ քայլեր անելով՝ փորձում է Արեւմուտքից երաշխիքներ ստանալ, բայց լիակատար վստահութիւն չունենալով՝ չի փորձում լիովին խզել յարաբերութիւնները հէնց ՌԴ-ի հետ:

Խնդիրն այն է, որ սեփական իշխանութիւնը պահելու համար Փաշինեանի նմանօրինակ փնտրտուքները շատ թանկ են նստում պետութեան, երկրի, բանակի վրայ…

Իսկ առջեւում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն է մինչեւ Մեղրի, Իրանի սահման, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ եւ մրցակցութիւն…

Related Articles

Back to top button