Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Փաշինեանը Բաքւին պարզ գործարք էր առաջարկել. հաշւարկը պարզ էր, բայց Բաքուն երեւի աւելի բարձր գին է պահանջել»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը Բաքւին պարզ գործարք էր առաջարկել. իրեն պէտք է մի թղթի կտոր, որի վրայ գրւած կը լինի «խաղաղութեան պայմանագիր», անկախ նրանից, թէ ինչ է դրա բովանդակութիւնը, որ այդ թուղթը թափահարի Չեմբերլանի նման եւ ասի՝ ես խաղաղութիւն եմ բերել: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի յայտարարութեանը, թէ Հայաստանն առաջարկել է «խաղաղութեան պայմանագրի» նախագծի համաձայնեցւած 13 յօդւածները ստորագրել որպէս խաղաղութեան պայմանագիր, յետոյ շարունակել միւս չհամաձայնեցւած 4 յօդւածների քննարկումը:

«Ադրբեջանն այդ գործարքից հրաժարւել է կամ աւելի բարձր գին է պահանջել: Նիկոլ Փաշինեանի հաշւարկը պարզ էր, մինչեւ COP29-ը մի բան անի, Ադրբեջանն էլ պէտք է համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնել: Ադրբեջանը այնքան ժամանակ թուղթ չի ստորագրի, քանի դեռ ՀՀ իշխանութիւններին ինչ ասում է, գլխիկոր համաձայնում է»,-ասել է նա:

Արթուր Խաչատրեանը պնդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային պրոցես չի եղել. «Եղել է Ադրբեջանի կողմից միակողմանի հրահանգաւորում, եւ եղել է ՀՀ իշխանութիւնների կողմից միակողմանի զիջումներ: Որոշ զիջումներ փաստաթղթաւորւած է, որոշ զիջումներ էլ, երբ ասում ես՝ տակը թուղթ, բարաթ կա՞յ, չեն ներկայացնում: Մասնաւորապէս, ինչի՞ հիման վրայ Արցախից Հայաստանը դուրս բերեց իր ստորաբաժանումները: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նման բան չի եղել»:

«Միջնորդը չի կարող բանակցող կողմերից մէկի շահերը պաշտպանել. Որեւէ միջնորդ չի կարող ՀՀ-ի շահերը պաշտպանել, եթէ ՀՀ իշխանութիւնները Հայաստանի շահերը չեն պաշտպանում:

Ուրիշ խնդիր, որ եթէ ձեռք է բերւում համաձայնութիւն, այդ դէպքում միջնորդը դառնում է ձեռքբերւած համաձայնութեան երաշխաւորը: Ճիշտ կը լինի, որ լինի միջնորդ, բայց բազմակողմանի միջնորդ, որ մի երկիր չլինի: Լաւագոյն ֆորմատը Մինսկի խմբի համանախագահութիւնն էր, որովհետեւ այդ միջնորդները նաեւ կը փորձեն բալանսը պահել եւ ինչ-որ չափով հանդէս կը գան նաեւ որպէս ձեռքբերւած համաձայնութեան երաշխաւոր»,- նշել է Արթուր Խաչատրեանը:

Արթուր Խաչատրեանը համոզմունք է յայտնել, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցը պէտք է լինի օրակարգային. «Քանի որ տարածաշրջանում չի կարող լինել յարատեւ խաղաղութիւն, եթէ հակամարտող կողմերի օրինական, կենսական շահերը չեն բաւարարւում: Հայրենադարձութեան իրաւունքը սկզբնաքարն է, դա պէտք է ֆիքսել, յետոյ պէտք է նայել, թէ ինչպէս պէտք է այդ մարդիկ իրականացնեն իրենց այդ իրաւունքը: Այո, անհրաժեշտ են անվտանգութեան միջազգային կայուն երաշխիքներ, այո, անհրաժեշտ է Հայաստանի հետ կայուն անվտանգ, ապահով ցամաքային սահման»:

«Հայաստանը պէտք է սերտացնի իր յարաբերութիւնները BRICS-ի հետ:

Երանի ՀՀ իշխանութիւնները դա աւելի շուտ հասկացած լինէին, մինչեւ Ադրբեջանի կողմից BRICS-ին անդամակցելու պաշտօնական դիմում ներկայացնելը»,- ասել է նա:

Անդրադառնալով եւրոպական ինտեգրացիային, Խաչատրեանն ասել է. «Այս իշխանութիւնները յայտարարում են, որ գնում են դէպի Եւրոպա, Եւրոպայի հետ յարաբերութիւնները երբեք այսքան սերտ չեն եղել, բայց երբեք Հայաստանի առեւտուրը Եւրոպայի հետ այսքան խղճուկ, քստմնելի մակարդակի չի եղել, ինչքան այս իշխանութիւնների օրօք: Արտահանումները Հայաստանից կազմել են ընդհանուր արտահանումների ընդամէնը 3.5 տոկոսը»:

«Ոչ մի գործ անյոյս չի, ոչ մի արած գործ անհետեւանք չի մնայ. նոյնիսկ եթէ ասում ես՝ պատին ինչքան պէտք է խփես, որ քանդւի, ամէն հարւածից այդ պատին մի ճեղք է առաջանում»,- ասել է Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով ընդդիմութեան գործողութիւններին:

«Հիմա ասում են՝ կրկին փորձիր: Այո, պէտք է կրկին փորձես, մինչեւ հասնես յաջողութեան: Ուղղակի ամէն յաջորդ փորձը պէտք է հաշւի առնի նախորդների արձանագրած ոչ բաւարար արդիւնքները:

Հիմա նոյնիսկ եթէ մենք մանդատները դնենք, մէկ է՝ մինչեւ ընտրութիւններ նոր խորհրդարանական ընդդիմութիւն չի ձեւաւորւի»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է տեսակէտին, որ մարդիկ տեսնելով իրենց մտածում են, որ նախկիններն են ու չեն աջակցում, Արթուր Խաչատրեանն ասել է. «Կեանքը ցոյց է տալիս, որ նման բան չկայ: Նրանք, ովքեր ասում են՝ թողէք, գնացէք, մենք նոր ենք, մենք հեսա կը գանք, էդ մարդիկ չեն կարողանում հաւաքել 5 հոգի եւ մէկ փողոցային կատու»:

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ չեն կարողանում իշխանութեանը փոխել, Արթուր Խաչատրեանն արձագանգեց. «Փորձում ենք, պատճառները բազմազան են, ոչ այնքան աջակցութիւն ունենք: Այս իշխանութիւններն ունեն շատ մեծ քարոզչական լծակ, նոյնիսկ բանականութիւնից դուրս մեղադրանքներ եւ հեքիաթներ յօրինում են, եւ պատահական չէ, որ ընդդիմադիր հեռուստաալիքները եթերից զրկւել են: Ոստիկանական համակարգ, ճնշումներ, նոյնիսկ դասախօսների են համալսարանից հանում: Դա է խնդիրը»:

Related Articles

Back to top button