«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնկան ներկայացուցիչ Նասեր Քանանին խստօրէն դատապարտել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների՝ ուկրաինական հակամարտութեանը Իրանի ենթադրեալ միջամտութեան պատրւակով, Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ քաղաքացիական ինքնաթիռներին ծառայութեան մատուցման երկկողմ համաձայնագրերի չեղարկման եւ Iran Air-ի դէմ պատժամիջոցներ սահմանելու մասին ոչ ադեկւատ յայտարարութիւնը:
«Եւրոպական երեք երկրների այս գործողութիւնը Իրանի ժողովրդի դէմ Արեւմուտքի թշնամական քաղաքականութեան եւ տնտեսական ահաբեկչութեան շարունակութիւնն է, որը կը բախւի Իրանի Իսլամական Հանրապետութեան համապատասխան եւ համաչափ գործողութեանը»,- յայտարարել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «Ինչպէս նախկինում ընդգծել ենք, Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից Ռուսաստանի Դաշնութեանը բալիստիկ հրթիռներ վաճառելու ցանկացած պնդում բացարձակապէս անհիմն է եւ կեղծ»:
«ԱՄՆ-ը եւ եւրոպական երեք երկրները Սիոնիստական ռեժիմի զէնքի հիմնական մատակարարներն են և գործընկերները Պաղեստինի ժողովրդի զանգւածային սպանդի ու Գազայում ցեղասպանութեան մէջ: Նրանք պէտք է պատասխան տան իրենց սխալ քաղաքականութեան համար»,- եզրափակել է Քանանին:
Յիշեցենք, որ աւելի վաղ նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքէնը Իրանին պաշտօնապէս մեղադրել էր Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին փոքր հեռահարութեան բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ յայտարարելով, որ պաշտօնական Վաշինգտոնը համապատասխան միջոցներ կը ձեռնարկի Իրանի դէմ։