ՄիջազգայինՔաղաքական

Politico. «Թրամփը կարող է փորձել Գրենլանդիան վերահսկողութեան տակ վերցնել մինչեւ յուլիսը»

«ԱԼԻՔ» – Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան վերահսկողութեան տակ վերցնելու գաղափարը կարող է իրականութիւն դառնալ արդէն 2026 թւականին. Վաշինգտոնն այս գործընթացի աւարտը կը յարմարեցնի կամ յուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախութեան 250-ամեակին, կամ նոյեմբերին կայանալիք միջանկեալ ընտրութիւններին։ Այս մասին են վկայում փորձագէտները եւ Politico-ի աղբիւրները։ Հաղորդում է 168.am-ը:

Դանիային պատկանող եւ 56,000 բնակիչ ունեցող այս տարածաշրջանում այս խնդիրը լուծելու համար Թրամփը կը փորձի կազմակերպել «քաղաքական ազդեցութեան արշաւ՝ գոյութիւն ունեցող հաւասարակշռութիւնը փոխելու համար», նշել է Eurasia Group վերլուծական կենտրոնի եւրոպական բաժնի տնօրէն Մուջթաբա Ռահմանը։ Այս միջոցները կարող են ներառել տեղացի քաղաքական գործիչների կաշառում՝ ռազմական եւ քաղաքացիական վերահսկողութիւնն ուժեղացնելու նպատակով։ Փորձագէտը յաւելել է, որ ռիսկը «իրական է եւ լուրջ»։

The Economist-ի տւեալներով՝ Թրամփի վարչակազմը պատրաստում է «ազատ ասոցացման համաձայնագրի» նախագիծ (Compacts of Free Association, COFA), որն անմիջապէս կառաջարկի Գրենլանդիային։ ԱՄՆ-ն նմանատիպ պայմանագրեր ունի Խաղաղ ովկիանոսի փոքր պետութիւնների հետ։ Դրանք ենթադրում են ամերիկեան զինւած ուժերին գործողութիւնների ազատութիւն տրամադրել մասնակից երկրներում՝ փոխարէնը երաշխաւորելով անմաքս առեւտուր։ Պարբերականի տեղեկութիւններով՝ Թրամփի պաշտօնեաներն արդէն փորձել են ուղիղ բանակցութիւններ վարել Գրենլանդիայի իշխանութիւնների հետ, սակայն առայժմ մերժում են ստացել։

Դանիայի թագաւորութիւնն իր հերթին ընդգծում է, որ Գրենլանդիայում արդէն իսկ տեղակայւած է ամերիկեան ռազմաբազայ եւ Կոպենհագենի հետ կնքւած պայմանագիրը չի սահմանափակում կղզում ԱՄՆ զօրքերի քանակը։

Related Articles

Back to top button