Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանը Բաքւի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Ողջունում եմ բոլորին։

Մամուլից տեղեկացանք, որ Ռուբէն Վարդանեանը դիմել է Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին, որպէսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ՝ յարգարժան պաշտպանը կունենա՞յ այդ պատասխանատւութիւնն եւ վճռականութիւնը՝ այցելելու, նաեւ մեզ տեսնելու, եւ այդ դէպքում աւելի մանրամասն տեղեկութիւններ կունենայ եւ կը ծանօթանայ, թէ ինչպէս է ընթացել ամբողջ քննութիւնը, ինչ լուրջ եւ կոպտագոյն խախտումներով է այն ընթացել թէ՛ ամբողջ քննութիւնը, թէ՛ դատավարութիւնը՝ մարդու իրաւունքների, միջազգային իրաւունքի, միջազգային նորմերի, այդ թւում նաեւ Ադրբեջանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքի ընթացակարգի կոպտագոյն խախտումներով։

Ես չկարողացայ դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խօսքի ժամանակ, ամբողջական իմ խօսքը ասել. նւազագոյնը 30-40%-ով այդպէս էլ չթողեցին իմ վերջնական խօսքը ասել։ Բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին, եւ փոքր մէջբերում անել․

«Այս դատը բացւած չէ 15 հոգու դէմ, այս դատը բացւած է հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան դէմ՝ յստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարութեամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցայ քննութեան ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձաւ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի եւ խօսքերի ճշմարտութիւնը ժամանակը ցոյց կը տայ»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ՄԻՊ-ին՝ երէկ մեզ այցելեց Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպան Սաբինա Ալիեւան, եւ մենք կարողացանք որոշ տեղեկութիւններ փոխանցել նրան։ Ես մարտի 12-ից պատրաստել էի դիմում-նամակ՝ նրան փոխանցելու համար, բայց մօտ մէկ-երկու ամիս է՝ ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ո՛չ իրեն տեսնել, ո՛չ էլ փոխանցել այն։ Փոխանցեցի իմ դիմում-նամակը, եւ այնտեղ յստակ մէկ խնդրանք ունէի՝ որպէսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներէն եւ հայերէն տարբերակները, ինքը միջնորդի եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Մարդու իրաւունքների պաշտպանը խոստացաւ, որ ադրբեջաներէն տարբերակը կը փոխանցի իմ ընտանիքին եւ կը փորձի միջնորդել։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ բանաւոր ձեւով դիմել նրան, որպէսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառոյցներից, գուցէ նաեւ իր գործընկերոջ միջոցով ստանայ հայերէն եւ ադրբեջաներէն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին՝ ես միայն մեր ժողովրդին կը ցանկանամ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ եւ պիտի ասեմ՝ պինդ եղէք»։

Related Articles

Back to top button