Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախի հիմնախնդիրը չի կարող լուծւած համարւել

2020 թւականի նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագիրն ու Արցախի փուլ առ փուլ յանձնումը

2020 թւականիի նոյեմբերի 9-ի  եռակողմ պայմանագրով յանձնւեց Շուշին, Ակնան, Քարվաճառը, ապա՝ Բերձորը, ընդհատւեց Հայաստանի հետ կապը, Արցախը յայտնւեց շրջափակման մէջ, այնուհետեւ՝ 2023-ին, ամբողջութեամբ հայաթափւեց։

Հազարաւոր զոհեր եւ վիրաւորներ, հաշմանդամ, անյայտ կորած եւ գերեվարւած հայրենակիցներ, յուսալքւած եւ տարագիր ժողովուրդ։ 44 օր դիմադրեց Արցախը, դիմադրեց՝ սեփական հողում ապրելու իր իրաւունքը հաստատելու, մեծ զոհողութիւնների գնով ձեռք բերւած յաղթանակը վերակերտելու հաւատքով եւ նւիրումով։

Ի՞նչ էր խոստանում Արցախին նոյեմբերի 9-ի պայմանագիրը, այն կրակի դադարեցման պայմանագիր էր, թէ Արցախը յանձնելու նախապէս մշակւած ծրագիր։

Փաստաթղթի շուրջ զրուցել ենք Արցախի քաղաքական գործիչների հետ։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը մահացած փաստաթուղթ է համարում․ «Այսօր այդ փաստաթուղթը չկայ, այն կարելի է համարել մեռած, բայց չթաղած։ Ադրբեջանն այդ պայմանագրով պարտադրեց առանց կրակոցի իրեն յանձնել ռազմավարական նշանակութիւն ունեցող շրջաններ, որից յետոյ Հայաստանի իշխանութիւնը հրաժարւեց Արցախի նկատմամբ իր առարկայական եւ բարոյական պարտաւորութիւններից։ Իհարկէ, եթէ հայկական կողմը ճիշտ արտաքին քաղաքականութիւն որդեգրեր՝ կարող էր ստեղծւած իրողութիւններին համահունչ, ի շահ Հայաստանի եւ Արցախի պահանջներ ներկայացնել, լինի դա վերադարձի իրաւունքի հարցը, կամ գերիների ազատ արձակման պահանջը, որոնց հիման վրայ կարելի էր նոր՝ առաւել հայանպաստ, փաստաթուղթ ձեւաւորել։

2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը շատ է փոխւել, ուժերի դիրքաւորումը ի վնաս Հայաստանի է, սակայն դա չի նշանակում, որ ամէն ինչ աւարտւած է։ Դիւանագիտական ասպարէզում տքնաջան աշխատանք, ստեղծագործ միտք, շահերի իրական գնահատում եւ սկզբունքայնութիւն է անհրաժեշտ»,- շեշտում է Արա Պուլուզեանն ու յաւելում․ «2020-ի նոյեմբերի 9-ով տարածաշրջանում իր ներկայութիւնն ամրագրեց եւ օրինականացրեց  Թուրքիան՝ Ակնայում փաստաթղթաւորւած ռազմական ներկայութիւն ապահովելով։ Դա ՆԱՏՕ-ական երկրի առաջին մուտքն էր ԱՊՀ տարածք։  Այդ  լեգիտիմացւած միջնորդութեան հետեւանքով է, որ այսօր եւս Թուրքիան շարունակում է իր ազդեցութեան տակ պահել հայ-ադրբեջանական յարաբերութիւնները, ճնշումներ գործադրելով Հայաստանի վրայ, որին, տրւում են ՀՀ ներկայ իշխանութիւնները»,- նշել է Արա Պուլուզեանը, նոյեմբերի 9-ը համարելով Արցախի պատմութեան մէջ այն կէտը, որից շեշտակի է դարձել գահավիժումն ու Հայաստանի արտաքին քաղաքականութեան ձախողումը։

Արցախի Խորհրդարանի պատգամաւոր, պատմաբան Վահրամ Բալայեանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարում է հայ ժողովրդի պատմութեան ամենախայտառակ պայմանագրերից մէկը։

«Մեր բազմադարեայ պատմութեան մէջ, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը  ամենախայտառակ պայմանագրերից մէկն է։ Այդ փաստաթղթով արդէն յայտնի էր Արցախի ճակատագիրը: Առանց պատերազմական գործողութիւնների 2020-ին յանձնւեցին ռազմավարական նշանակութեան տարածքներ՝  Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները, որոնք ոչ միայն Հայաստանի հետ կապող երակն էին, այլ նաեւ այն տարածքները, որոնք թշնամին դժւարութեամբ կարող էր գրաւել»,- ասել է Վահրամ Բալայեանը։

Յայտնի ռուս գեներալ, ռազմական պատմաբան Վ․Պոտտօն Արցախի մասին հետաքրքիր միտք է արտայայտել,- Ով տիրում է Շուշիին՝ նա տիրում է Ղարաբաղին, ասել է թէ՝ Հարաւային Կովկասին։ Վահրամ Բալայեանը գտնում է, որ դրա մէջ ճշմարտութիւն կայ․ «Ժամանակը ցոյց կը տայ, թէ ինչ եղաւ իրականում, երբ նոր փաստեր ի յայտ գան, սակայն պատկերը պարզ է, գերտէրութիւնների միջեւ որոշակի գործարք կար Արցախի հետ կապւած եւ նրանց լռութիւնն ու անտարբերութիւնը դա է վկայում»,- նշել է Վահրամ Բալայեանը։

Այսօր կողմերը խօսում են միայն եռակողմ պայմանագրի 9-րդ կէտի շուրջ՝ իրար մեղադրելով ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու մէջ, պայմանագրի միւս կէտերի շուրջ, որոնք վերաբերւում են Արցախին՝ որեւէ ձեւաչափով չի քննարկւում։

Որքան էլ Հայաստանի ներկայ իշխանութիւնները Արցախի էջը փակւած համարեն՝ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագիրը չի կարող համարւել Արցախեան հիմնախնդրի վերջնականապէս կարգաւորող իրաւական փաստաթուղթ, Արցախի հարցը լուծւած չէ եւ այն պէտք է մնայ համահայկական օրակարգում։

Յ. ՇԻՆԴԵԱՆ

«Ապառաժ»

Related Articles

Back to top button