ԻրանՄիջազգայինՔաղաքական

Սերգէյ Մելքոնեան. «Ադրբեջանն ունի երկու կարեւոր նպատակ, որոնց Իսրայէլի միջոցով փորձում է հասնել ԱՄՆ-ում»

«ԱԼԻՔ» – Իրանի ուղղութեամբ Ադրբեջանի կողմից դրւած է շատ կարեւոր նպատակ, ցոյց տալ, որ Հարաւային Կովկասում իր գործողութիւնները ընդհանրապէս Իրանի դէմ չեն, որ Հայաստանի շուրջ Ադրբեջանի կողմից գործողութիւններն Իրանի հետ որեւէ կապ չունեն: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է «ԱՊՐԻ Արմենիան» հետազօտական կենտրոնի գիտաշխատող, Իսրայէլի հարցերով փորձագէտ Սերգէյ Մելքոնեանը։

Անդրադառնալով նրան, որ օրերս Իսրայէլի վարչապետը ընդունել էր Ալիեւի արտաքին յարաբերութիւնների հարցերով խորհրդական Հիգմեթ Հաջիեւին, նա ասաց. «Կարեւոր է յիշեցնել, որ Հիքմեթ Հաջիեւը նաեւ դեկտեմբերին էր այցելել Իսրայէլ եւ հանդիպել էր ԱԳՆ ղեկավար Գիդէուն Սարի հետ։ Վերջին երեք ամսւայ ընթացքում սա երկրորդ հանդիպում է բարձր մակարդակի Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ։ Նաեւ կարեւոր է շեշտել, որ այս այցի ժամանակ Հաջիեւը նաեւ ելոյթ էր ունեցել Հերտոք ֆորումում: Այս ֆորումում նաեւ ելոյթ էր ունեցել Բրենդ Շաֆերը, որը ամենայայտնի պրոադրբեջանական լաբբիստներից մէկն է ԱՄՆ-ում։

Բացի այդ, յունւարին երկու հանդիպում էր եղել Իլհամ Ալիեւի մակարդակով, որը հանդիպել էր Դաւոսում Իսրայէլի նախագահի հետ եւ Բաքւում հանդիպել էր Այպակի համահիմնադիրներից մէկի՝ Ջոնատան Մինսերի հետ: Միսները եւ Այպակը գլխաւոր եւ ամենամեծ իսրայէլական լաբբիստական կառոյցն է ԱՄՆ-ում։ Եւ դեկտեմբերին նաեւ Ալիեւը ընդունել էր Ամերիկան-Իսրայէլեան յանձնաժողովի անդամներից մէկին, որը նշանակում է, որ Ադրբեջանի համար շատ կարեւոր է ունենալ Իսրայէլի միջոցով հնարաւորութիւն կապ ունենալ ԱՄՆ-ի գործող էլիտայի հետ:

Կայ երկու կարեւոր նպատակ, որը Ադրբեջանը փորձում է հասնել Իսրայէլի միջոցով ԱՄՆ-ում. Առաջինը՝ ամրապնդել յարաբերութիւնները գործող ԱՄՆ իշխանութեան հետ, երկրորդը՝ նւազեցնել Հայաստանի հնարաւորութիւնները ԱՄՆ-ում: Օրինակ, չեղեալ համարել Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդւածը:

Շատ կարեւոր է նաեւ շեշտել, որ Ադրբեջանը վերջին առնւազն հինգ տարիներին շարունակ փորձում է հանդէս գալ որպէս միջնորդ, Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւններում։  Յիշեցնեմ, որ Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւնները գնալով վատանում են: Իսրայէլը Թուրքիային տեսնում է Մերձաւոր արեւելքում այն կենտրոններից մէկը, որը ապագայում երկարաժամկէտ կը դառնայ հիմնական սպառնալիքը Իսրայէլի համար։ Հիմա Ադրբեջանը փորձում է սերտացնել ինչ-որ մի ձեւ իր երկու ռազմավարական դաշնակիցների մէջ յարաբերութիւնները»,- յայտարարեց փորձագէտը:

Նա կարեւորեց Բեգին Սադատ կենտրոնում հրատարակւած յօդւածը, որտեղ նշւած է, որ Ադրբեջան-Իսրայէլ կապերը պիտի զարգանան եւ Իսրայէլը պիտի ինտեգրի Ադրբեջանին Իսրայէլ-ԱՄՆ յարաբերութիւններում, որովհետեւ իրենք ունեն նոյն շահը, որը ուղղւած է Իրանի դէմ:

Related Articles

Back to top button