Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապի հետ. Քննարկւել է արցախահայութեան ճակատագիրը

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատւիրակութեան եւ Սուրբ Աթոռի Քրիստոնէական միութեան խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցութեամբ Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Լէօ 14-րդ Պապի հետ։ Այս մասին տեղեկացնում է մայր աթոռի տեղեկատւական ծառայութիւնը:
Եղբայրական ողջագուրումից յետոյ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովւապետերն առանձնազրոյց են ունեցել։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհաւորանքներն է բերել Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրութեան, ինչպէս նաեւ ծննդեան 70-ամեայ նշանակալի յոբելեանի առիթով՝ յայցելով, որ Երկնաւոր Տէրը ուժ եւ կարողութիւն շնորհի նրան եւ առատ պտուղներով արդիւնաւորի Նորին Սրբութեան հովւապետութիւնը Աստծոյ փառքի եւ մարդկութեան խաղաղ ու բարօր կեանքի համար:
Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ է անդրադարձել, որ երկու Եկեղեցիների միջեւ եղբայրական կապերն ամրապնդւել են շնորհառատ հանդիպումների եւ հաւատքի համատեղ վկայութիւնների միջոցով՝ յիշելով երջանկայիշատակ Սուրբ Յովհաննէս Պօղոս Երկրորդ Պապի այցելութիւնը Հայաստան 2001 թւականին, ապա 2016 թւականին երջանկայիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հիւրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնեայ երկիր» խորագրով ուխտագնացութեան կապակցութեամբ: Հայոց Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխյարաբերութիւնների յիշարժան հանգրւաններից Նորին Սրբութիւնը նկատել է 2015 թւականին Հայոց Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցի կապակցութեամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցւած սրբազան Պատարագը եւ Հայոց Եկեղեցու մեծագոյն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպէս Տիեզերական Եկեղեցու վարդապետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահութիւն է յայտնել, որ երկու Եկեղեցիների յարաբերութիւնները կը շարունակեն զարգանալ նոյն եղբայրական ոգով ու ջերմութեամբ՝ արդիւնաւորւելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։
Զրոյցի ընթացքում երկու Հովւապետերն անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհաւիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու դիմագրավւող փորձութիւններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրութեանն է յանձնւել նաեւ իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանւած արցախահայութեան հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջեւ կանգնած հայ հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան պահպանութեան, ռազմագերիների եւ պատանդառւածների ազատ արձակման հրամայականը։
Հովւապետերը կարեւորել են Եկեղեցիների առաքելութիւնը աշխարհում արդարութեան ու խաղաղութեան հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցութեան ապահովման գործում՝ հաւատարիմ տերունաւանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հաւատը, յոյսը եւ սէրը։ Ընդգծւել է անհրաժեշտութիւնը միաւորելու Եկեղեցիների ջանքերը յանուն Աւետարանի լոյսի տարածման, մարդկանց իրաւունքների պաշտպանութեան եւ բարօր ու ապահով աշխարհի կերտման։
Վերջում Նորին Սրբութիւնը Լէօ 14-րդ Պապին հրաւէր է ուղղել այցելելու Հայաստան։
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատւիրակութեան անդամները ստացել են Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնութիւնը։ Տեղի է ունեցել նւէրների փոխանակում։
Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղել է նաեւ Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկայիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջեւ աղօթք է բարձրացրել առ Աստւած վախճանեալ Քահանայապետի հոգու հանգստութեան համար։