Շարմազանով. «Նիկոլը հրաժարւել է ՀՀ-ն գործօն դարձնելու բոլոր առաւելութիւններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի»

«ԱԼԻՔ» – «Նիկոլը հրաժարւել է ՀՀ-ն գործօն դարձնելու բոլոր առաւելութիւններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի»։ Այս մասին գրել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը։
«Վերջին մի քանի տասնամեակում Հայաստանի տարածաշրջանային ու որոշ չափով նաեւ աշխարհաքաղաքական լուրջ գործօն լինելը պայմանաւորւած է եղել մի քանի հանգամանքով.
1. Հայկական Արցախի գոյութեամբ։
2. Հայկական Սիւնիքի, հայ-իրանական սահմանի ու Ադրբեջանը Նախիջեւանից կտրւած պահելու տարածքի առկայութեամբ։
3. Հայկական ատոմակայանով։
4. Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայութեամբ։
Նիկոլն ու նրա թուրք-ադրբեջանական գործընկերները չէզոքացրել են հայկական Արցախը, Սիւնիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացւող յարաբերութիւնների հետեւանքով կարող է կանգնել փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ տեսանելի ապագայում կարծես դուրս է հանւելու նիկոլական ռեժիմի առկայութեան դէպքում։
Այս սցենարի խաղարկման արդիւնքում՝ Հայաստանը ոչ թէ թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք»,- գրել է նա։



