Եգիպտոսն արաբական երկրներին յորդորել է ստեղծել անվտանգութեան սպառնալիքների դէմ պայքարի մեխանիզմ

«ԱԼԻՔ» – Արաբական եւ իսլամական երկրները պէտք է ստեղծեն միասնական գործիք՝ իրենց առջեւ ծառացած մարտահրաւէրներին արձագանքելու համար։
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշել է Եգիպտոսի նախագահ Աբդէլ Ֆաթթահ ալ-Սիսին՝ ելոյթ ունենալով Դոհայում Արաբական պետութիւնների լիգայի եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտակարգ գագաթնաժողովին։
«Ժամանակն է մշակել արաբա-իսլամական մեխանիզմ՝ անվտանգութեան, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում սպառնալիքներին հակազդելու համար։ Սա կօգնի մեզ ամրապնդել մեր ներկայիս դիրքերը եւ անհրաժեշտութեան դէպքում, համապատասխան միջոցներ ձեռնարկել հակամարտութիւնները լուծելու համար»,- ընդգծել է ալ-Սիսին։ Նրա ելոյթը հեռարձակւել է կատարեան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով։
Եգիպտոսի առաջնորդի խօսքով՝ հակառակորդը պէտք է հասկանայ, որ Ատլանտեան ովկիանոսից մինչեւ Պարսից ծոց ցանկացած արաբական եւ իսլամական երկիր պաշտպանւած է։ «Մենք թոյլ չենք տայ ոտնձգութիւններ մեր պետութիւնների ինքնիշխանութեան նկատմամբ եւ թոյլ չենք տայ որեւէ մէկին արժեզրկել խաղաղութեան հասնելու մեր ջանքերը», – շեշտել է Եգիպտոսի նախագահը։
Արաբական պետութիւնների լիգայի եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտակարգ գագաթնաժողովը հրաւիրւել է այն բանից յետոյ, երբ սեպտեմբերի 9-ին Իսրայէլը հարւածներ է հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհային, ինչի հետեւանքով սպանւել են Գազայի հատւածում պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան եւ նրա ղեկավարութեան երեք անդամ։
Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցւած հարւածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարւածն անւանել է միջազգային օրէնքի եւ նորմերի կոպիտ խախտում։