ՄիջազգայինՔաղաքական

ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի շուրջ բանակցութիւններում Իսրայէլի առաջադրած նոր պայմանները

«ԱԼԻՔ» – Պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժումը երէկ՝ օգոստոսի 25-ի յայտարարել է, որ մերժում է Գազայի հատւածում հրադադարի շուրջ բանակցութիւններում Իսրայէլի առաջադրած  նոր պայմանները՝ կասկածի տակ դնելով 10 ամիս շարունակւող  պատերազմին վերջ տալու ԱՄՆ վերջին փորձի յաջողութեան  հնարաւորութիւնը:

Նշենք, որ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդութեամբ ընթացող բանակցութիւնների առանցքային կէտերն են Իսրայէլի ներկայութիւնն, այսպէս կոչւած, Ֆիլադելֆիայի միջանցքում, որը 14.5 կմ երկարութեամբ ցամաքային նեղ հատւած է Եգիպտոսի հետ Գազայի հարաւային սահմանի երկայնքով:

Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ ՀԱՄԱՍ-ը յայտարարել է, որ Իսրայէլը հրաժարւել է զօրքերը միջանցքից դուրս բերելու պարտաւորութիւնից եւ առաջ է քաշել այլ նոր պայմաններ, ներառեալ տեղահանւած պաղեստինցիների ստուգումը, որոնք հրադադարի սկսւելուց յետոյ վերադառնում են Գազայի առաւել բնակեցւած հիւսիսային մասը:

«Մենք չենք ընդունի յուլիսի 2-ի  պայմանաւորւածութիւնից հրաժարւելու կամ նոր պայմանների շուրջ քննարկումները»,- երէկ շարժմանը պատկանող «Ալ-Աքսա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է ՀԱՄԱՍ-ի պաշտօնական ներկայացուցիչ Ուսամա Համդանը:

Համդանը նաեւ տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել վերջին առաջարկի վերաբերեալ իր պատասխանը՝ յայտարարելով, որ գործարքի մօտալուտ  կնքման մասին ԱՄՆ-ի խօսակցութիւնները չեն համապատասխանում իրականութեանը:

Յիշեցնենք, որ յուլիսին ՀԱՄԱՍ-ն ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկը՝ բանակցութիւններ սկսել իսրայէլցի պատանդներին, այդ թւում՝ զինւորներին եւ տղամարդկանց ազատ արձակելու շուրջ, Գազայում պատերազմի դադարեցման համաձայնագրի առաջին փուլից 16 օր անց:

Related Articles

Back to top button