Ոչ «Զանգեզուրի միջանցք», ոչ «խաչմերուկ»՝ խաչ

ԱՆԱՀԻՏ ՈՍԿՆԵԱՆ
Panorama.am-ի գլխաւոր խմբագիր
Ովքեր մտածում են, որ ամէն օրհասական պահի էլ կարող են լքել Հայաստանն ու արտասահմաններում ապրել… սխալւում էք: Մի կողմ թողնենք, որ դրսերում Հայաստանից փախստականներին չեն սպասում՝ իրենք իրենց արաբ ու թուրք ներգաղթեալներն ունեն, իսկ ԱՄՆ-ն, ընդհանրապէս, էլ հաւես չունի։
Ո՞նց էք գնալու։
Ձեզ թւում է, թէ պատերազմի ժամանակ, կամ միշտ օդային ճանապարհները բա՞ց են լինելու:
Ձեզ թւում է կարող էք Իրա՞ն անցնել, երբ Նիկոլը կտրի Իրան-Հայաստանի կապը ու որպէս միջանցք տայ թուրք-ադրբեջանական զաւթիչներին։
Ձեզ տարօրինակ չէ՞ր թւում, որ ունենալով հնարաւորութիւն Իրանով իրականացնել Թուրքիա-Ադրբեջան կապը, Էրդողանն ու Ալիեւը այդպէս յամառ պահանջում են Հայաստանով էլ ճանապարհ։ Ձեզ թւում էր գումար ու բենզին տնտեսելո՞ւ համար։ Չէ՝ միայն բենզին, որովհետեւ Նիկոլը աջ ու ձախ յայտարարում էր, թէ այնպիսի գումարներ է գանձելու Թուրքիա-Ադրբեջան Հայաստանով անցնող կապի համար, որ բոլորդ ոտքներդը տնկած կշտութիւնից զկրտալու էք։
Դէ ինչ, Նիկոլին օր առաջ հեռացնելու ընդդիմութեան գաղտնի մնացած ծրագրերը յետ ընկան այնքան, որ Նիկոլը հասցրեց փակել Հայաստանից Իրան փախչելու ճանապարհը Թուրքիա-Ադրբեջան հետագայ զաւթողական պատերազմի պարագայում։ Աւելին՝ Իրանը, որ այդքան դիմադրում էր այդ միջանցքի բացմանը, ոչ թէ Իրանով անցնող կապի մասին էր մտածում, այլ մեզնից հեռատես էր՝ Նիկոլը կը բացի միջանցք, վարձով կամ իր սովորութեամբ՝ բանաւոր պայմանաւորւածութեամբ այն կը տայ օգտագործման ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ, թէ Թուրքիա՝ մէկ է, ու Իրանը կունենայ այնպիսի խնդիրներ, որոնց մասին չէր էլ «երազել» Իսրայէլի հետ պատերազմի ժամանակ։ Երբ ԱՄՆ-ն իբր զսպող կողմ էր, իսկ Թուրքիան իբր խրատող ու մտահոգ Իրանի համար։
Եթէ Ալիեւի ամբիցիաները, խելքն ու բարդոյթները չեն թոյլ տալիս նրան խոստովանել, որ իրենք զաւթել ու ապրում են հայերիս Հայրենիքում, ապա Էրդողանի համար դա նոյնիսկ ինքնագովասանքի թեմա է։ Աշխարհակալ լինելը թուրքերի համար հպարտութեան թեմա է։
Ու ինչպէս Հայոց Ցեղասպանութիւնը անցած դարում ամօթից գետինը չմտցրեց Թուրքիային, այնպէս էլ հիմա Էրդողանին չի ամաչեցնում իր ամենակուլ նկրտումները։
Էրդողանն անցել է Թուրքիայի տարածման յաջորդ փուլին։ Ինչպէս օգտագործեց արաբներին ու քրդերին ցեղասպանութեան իր ծրագրում, կոտորածների ու ասպատակութիւնների համար, այնպէս էլ հիմա է ասում «Երբ մենք՝ թուրքերս, քրդերս եւ արաբներս, միաւորւում ենք, մեր ձիերի պայտերի քամին զովութիւն է բերում Չինական ծովից մինչեւ Ադրիատիկ»։
Եթէ մտածում էք, որ կը փախչէք Վրաստան, պիտի յիշեցնեմ, թէ ինչպէս են օրերով, շաբաթներով վրացական անցակէտերում լռւում հայկական բեռնատարները, ու ասեմ՝ Վրաստանում էլ փախստականների չեն սպասում։
Մնում են Թուրքիան ու Ադրբեջա՞նը։ Դէ ինչ, դուք 90 տոկոսանոց հաւանականութեամբ հնարաւորութիւն ունէք ապրելու այն, ինչ ապրեց արցախահայութիւնը տոտալ շրջափակման մէջ։
Ու երբ օրէցօր, արդէն որքան ժամանակ, ընդդիմութիւնը յայտարարում է կամ «օր առաջ»-ի, կամ «մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», ես հասկանում եմ, որ Հայաստանը խաչի է հանւում։