Սուրէն Սուրէնեանց. «Սահմանադրական փոփոխութիւնների խոստում Բաքւին եւ Անկարային՝ որպէս իշխանութեան վերարտադրութեան երաշխիք»

«ԱԼԻՔ»-ը յղում անելով 168.am-ին հաղորդում է՝ քաղաքագէտ, վերլուծաբան Սուրէն Սուրէնեանցը գրում է.
«Նիկոլ Փաշինեանն այսօր (նոյեմբերի 22-ին-ԽՄԲ.) հանդէս է եկել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում. միջոցառում, որի կազմակերպման ձեւաչափն ու տրամաբանութիւնը աւելի շատ յիշեցնում էին խորհրդային շրջանի կուսակցական համագումարները, քան ժողովրդավարական պետութեանը յարիր ինստիտուցիոնալ մշակոյթը։
Լրագրողների մուտքը փակ էր, իսկ դահլիճը լցւած էր պետական համակարգի աշխատողներով։ Իր ելոյթում Փաշինեանը յայտարարել է, որ նոր Սահմանադրութեան ընդունման հանրաքւէն պէտք է անցկացւի 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, եւ այդ գործընթացը պէտք է իրականացնի այն ուժը, որը կը ստանայ ժողովրդի վստահութեան քւէն։
Իմ դիտարկումներն՝ ըստ էութեան.
- Միջոցառումն իր բնոյթով պետական ռեսուրսի մոբիլիզացում էր՝ ուղղւած 2026-ի ընտրութիւններին։ Դրա նպատակը պետական ապարատը իշխանութեան շուրջ համախմբելն էր, ոչ թէ կառավարման համակարգի բարելաւումը։
- Իշխանութիւնն այլեւս չունի ինքնաբուխ զանգւածային հաւաքներ կազմակերպելու հնարաւորութիւն։ Հանրային աջակցութիւնն ակնյայտօրէն նւազել է, եւ բազմամարդ լսարան ապահովելու միակ եղանակը դարձել է վարչական լծակների կիրառումը։
- Միջոցառումն ունէր նաեւ յստակ արտաքին ուղղւածութիւն։ Փաշինեանը փաստացի ազդակ է յղել Բաքւին եւ Անկարային, որ իր վերընտրւելու դէպքում նոր Սահմանադրութեան ընդունումը լինելու է առաջին քայլերից։ Այսպիսով՝ Սահմանադրութեան փոփոխութեան հարցը արտաքին կոշտ պարտադրանքի հետեւանք է:
- Ընդհանուր տպաւորութիւնն այն է, որ իշխանութիւնը փորձում է վերահաստատել տոտալ վերահսկողութիւն պետական ապարատի նկատմամբ։ Սա խորհրդային ոճի միջոցառում էր՝ նոր ժամանակների ձեւակերպումներով, որի հիմնական նպատակը ոչ թէ պետական կառավարման արդիւնաւէտութիւնն էր, այլ քաղաքական ուղղահայեացի պահպանումը եւ արտաքին դերակատարներին համապատասխան հաւաստիացում տալը»։



