Օկnւպացւած Արցախում մզկիթները եւս nչնչացւում են. Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն

Ժամանակաւորապէս բռնազաւթւած Արցախում Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են հետեւողականօրէն իրականացնել մշակութային ցեղասպանութիւն։ Եթէ նախկինում միջազգային կառոյցները մտահոգութիւն էին յայտնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութեան իւրացման եւ ոչնչացման քաղաքականութեան վերաբերեալ, ապա այժմ ակնյայտ է, որ նոյն վարքագծի զոհ են դառնում անգամ իսլամական յուշարձանները, որոնց հանդէպ Բաքւի բռնապետական վարչակարգը ցուցաբերում է նոյն աստիճանի անտարբերութիւն եւ ոչնչացման քաղաքականութիւն։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն Յովիկ Աւանէսովը:Այս մասին հաղորդել է Yerevan,today-ը:
«Այս մտահոգիչ իրականութեան ամենաթարմ եւ ցցուն փաստերից մէկն է «շինարարական աշխատանքների» պատրւակի տակ հիմնայատակ ոչնչացւած Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գիւղի շիական մզկիթը։ Յուշարձանի ոչնչացման մասին ահազանգել է Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հիմնադրամի համատնօրէն Րաֆֆի Քորթոշեանը՝ ներկայացնելով ապացոյցներ, որոնք դժւար է որակել այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացւող մշակութային ցեղասպանութիւն։
Պէտք է յիշեցնել, որ դեռեւս 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինւած ուժերը միտումնաւոր կերպով թիրախաւորում էին Շուշիի մզկիթները։ Մասնաւորապէս, 2020 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Շուշիի հրթիռակոծութեան ժամանակ վնասւել է նաեւ Շուշիի Գոհար աղայի Վերին մզկիթը։ Սրանք մէկ ընդհանուր տրամաբանութեան բաղադրիչներ են՝ տարածքի պատմական բազմազանութիւնը վերացնելու, մշակութային յիշողութիւնը «միատարրացնելու» եւ անցեալը վերաշարադրելու քաղաքականութիւն։
Այս փաստերի համադրութիւնը վկայում է, որ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թէ որպէս տարածաշրջանային կայունութեան, բազմամշակութայնութեան եւ ժառանգութեան պահպանութեան պատասխանատու սուբիեկտ, այլ՝ որպէս քաղաքակրթական ժառանգութեան համակարգւած ոչնչացման նախաձեռնող եւ իրականացնող ուժ։ Այս վարքագիծը հակասում է ԻՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնւենցիայի եւ մի շարք միջազգային համաձայնագրերի հիմնարար դրոյթներին, որոնցով պետութիւններն պարտաւորւում են պաշտպանել ոչ միայն սեփական, այլեւ այլ ժողովուրդների մշակութային ժառանգութիւնը։
Ադրբեջանի ներկայիս գործողութիւնները վտանգում են ամբողջ տարածաշրջանի` դարերով ձեւաւորւած պատմա-մշակութային լանդշաֆտը։ Ոչնչացւում են ոչ միայն հայկական եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, պատմական գերեզմանատները, բնակավայրերը, մոնումենտալ յուշարձանները, այլեւ հէնց ադրբեջանական իշխանութիւնների կողմից «սեփական» համարւող իսլամական կառոյցները։ Սա յստակ ցոյց է տալիս, որ խնդիրը ազգային պատկանելութիւնը չէ, այլ պետական դարձած մօտեցումը, որը միտւած է տարածքային-քաղաքական բռնազաւթումը ամրապնդել մշակութային միջավայրի իւրացման եւ ոչնչացման միջոցով։
Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրութեան անյապաղ եւ նպատակային արձագանք։ Մշակութային ժառանգութեան ոչնչացումը որեւէ տարածաշրջանում չի կարող դիտարկւել որպէս տեղային խնդիր. այն համաշխարհային քաղաքակրթութեան հանդէպ ուղղւած մարտահրաւէր է։ Եւ հէնց այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է ոչ թէ որպէս ժամանակակից, պատասխանատու պետութիւն, այլ որպէս աշխարհի մշակութային ժառանգութեան անվտանգութեան համար իրական սպառնալիք»,- գրել է նա:



