Մշակութային

Վահրամ Գալստեանը ստեղծել է ուրարտական Թէյշեբա աստծոյ արձանիկի կաւէ նմանօրինակը՝ թրծման յատուկ եղանակով

Ուրարտական գլխաւոր երեք աստւածներից մէկի՝ Թէյշեբայի արձանիկը, որը յայտնաբերւել է Կարմիր բլուրում 1941 թւականին ու պահւում է Հայաստանի պատմութեան թանգարանում, արդէն ունի կաւէ տարբերակ։  2.20 մետրանոց կաւէ արձանի հեղինակը քանդակագործ Վահրամ Գալստեանն է։ 8 ամիս է աշխատել կաւէ արձանի վրայ, իսկ կաւէ արձանի թրծումը կատարւել է օրեր առաջ հէնց Թէյշեբաինիում։

Panorama.am-ի հետ զրոյցում Վահրամ Գալստեանն ասաց, որ բաւականին երկար ժամանակ նման մտադրութիւն է ունեցել, քանի որ այժմ աշխարհում շատ յայտնի են հրաքանդակները։ Նա Ղրիմում մասնակցել է սիմպոզիումի, որտեղ արդէն ներկայացրել էր հրաքանդակ եւ ցանկացել է նման քանդակ ստեղծել նաեւ Հայաստանում։

«Ես Միքայէլ Բադալեանին (Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրէն) պատմեցի իմ մտադրութեան մասին։ Նա շատ ոգեւորւեց, սակայն մեզ պէտք էր կաւ ու հրակայուն բամբակ, որոնք Հայաստանում չկային։ Մեր այդ խօսակցութիւնից յետոյ որոշ ժամանակ էր անցել։ Միքայէլի մօտ մարդ էր եկել Ռուսաստանից՝ գործարար Արմէն Նալբանդեանը։ Նա պատմել էր Արմէն Նալբանդեանին մեր մտադրութեան մասին, ով ասել էր, որ այդ ամէնն ինքը կը գնի ու կուղակի Հայաստան։ Այդպէս էլ արել էր։ Որոշ աշխատանքներ ունի։ Դրանք աւարտելուց յետոյ սկսեցի Թէյշեբա աստծոյ արձանի վրայ աշխատել։ Տեւեց ութ ամիս»,- մանրամասն ներկայացրեց քանդակագործը։

Իսկ ինչո՞ւ հէնց Թէյշեբա աստծոյ։

Վահրամ  Գալստեանը պատմեց, որ այն Կարմիր բլուրում պեղումների ժամանակ յայտնաբերել է Հռիփսիմէ Ջանփոլադեանը՝ հնագիտական արշաւախմբի ղեկավար Բորիս Պիոտրովսկու կինը։ Հռիփսիմէ Ջանփոլադեանն  իր տատիկի ազգականն է։

Նա նշեց, որ բացի այդ շատ յարմար էր Թէյշեբա աստծոյ արձանիկը հրաքանդակ անելու համար։ Այն կազմւած է երեք մասից՝ թագը, մարմինը, գոտկատեղից ներքոյ, որոնք միանում են իրար։

«Մէջը դատակ է, քանի որ պէտք էր մէջով կրակ անցներ՝ թրծելու համար։ Կաւէ քանդակը թրծւել է մօտ 1100-1200 ջերմաստիճանի տակ։ Թէյշեբաինիում թրծումից յետոյ այն տեղափոխել եմ իմ արւեստանոց։ Այն իմ սեփականութիւնն է, որոշել եմ՝ եթէ Կարմիր բլուրում թանգարան կառուցւի, այն կը նւիրեմ թանգարանին»,- ասաց քանդակագործը։

Վահրամ Գալստեանի խօսքով, նման տեսակի թրծում Հայաստանում առաջին անգամ է կատարւել։

«Առաջին անգամ Հայաստանում հրաքանդակ արւեց։ Էլի առաջարկ ունէի, սակայն հրաժարւել եմ»,- նշեց քանդակագործը։

Նա անդրադաձաւ նաեւ հնչող քննադատութիւններին. «Սա ընդամէնն արւեստի գործ է, քանի որ դրանով եմ հետաքրքրւած։ Ընդամէնը  Թէյշեբա աստծոյ արձանիկի կաւէ մեծ արձանն եմ արել։ Իսկ ինչ-որ սատանիստական, հակաեկեղեցական … տարբեր բաներ են տարածում, ծիծաղելի է։ 1987 թւականից զբաղւում եմ խեցեգործութեամբ»։

Ի դէպ, այսօր Հայաստանի պատմութեան թանգարանը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է. «Այս օրերին համացանցում տարածւող Հայաստանի պատմութեան թանգարանում պահպանւող Ուրարտական եզակի նմուշներից մէկի՝ Թէյշեբա աստծոյ արձանիկի նմանութեամբ պատրաստւած մեծածաւալ կաւէ արձանի հանդիսաւոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարւել է առանց Հայաստանի պատմութեան թանգարանի իմացութեան ու համաձայնութեան։

Ք․ ա․ 8-7 դդ․ թւագրւող, Կարմիր բլուրի պեղումներից յայտնաբերւած բնօրինակ բրոնզէ արձանիկը դեռ 1940-ական թթ․ պեղւել եւ ցուցադրւում է թանգարանում։ Առաջարկում ենք բոլոր արւեստագէտներին, մշակութային ժառանգութեան հետ առնչութիւն ունեցող անձանց ու կազմակերպութիւններին, տնտեսւարողներին ու անհատներին զերծ մնալ առանց պայմանաւորւածութեան եւ համաձայնութեան թանգարանի հաւաքածուներում ներառւած ցուցանմուշների կրկնօրինակումից կամ տարբեր նպատակներով օգտագործումից»։

Related Articles

Back to top button