Հայաստան - ԱրցախՄշակութային

Կառավարութիւնից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ

Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան վերաբերեալ Հայաստանի Կառավարութեանը պահանջներ է ներկայացրել: Արցախցիները իշխանութիւնից պահանջում են միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ:

Գործադիրի հետ արցախցիները դեռ քննարկում չեն ունեցել, բայց ըստ «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Սերգէյ Շահվերդեանի՝ Կառավարութիւնից վստահեցրել են, որ դրա շուրջ համատեղ քննարկում կունենան: Այժմ Շահվերդեանի խօսքով՝ աշխատանքային խմբեր են ձեւաւորւում, որոնք պէտք է զբաղւեն Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցերով:

«Մեր առաջարկները հիմնւած են Կառավարութեան 2023 նոյեմբերի 9-ին ընդունւած մշակութային բնագաւառի ռազմավարութեան ծրագրի հիման վրայ: Կառավարութեան այդ ռազմավարութիւնը ենթադրում է, որ գործուն միջոցներ պէտք է ձեռնարկւեն միջազգային հարթակներում Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան համար: Սա նշանակում է, որ պէտք է հաշւառւի Արցախի մշակութային ժառանգութիւնը եւ շտեմարաններ ստեղծւեն: Մենք շատ կարեւորում ենք ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեանն ուղղւած միջոցները: Մենք առաջարկներ ունենք նաեւ այդ ուղղութեամբ: Արցախի կատարողական արւեստի 12 խմբերի ստեղծած արդիւնքներն այժմ անհետանալու վտանգի տակ են, առանց այդ էլ դրանք սոցիալական ցանցերից անհետանում են Ադրբեջանի քաղաքականութեան պատճառով: Պէտք է քայլեր ձեռնարկւեն այդ արդիւնքները հաշւառւելու, պահպանելու ուղղութեամբ»,- Alpha News-ի հետ զրոյցում ասաց Սերգէյ Շահվերդեանը:

Ըստ Շահվերդեանի՝ Արցախի 12 պետական համոյթները, Ստեփանակերտի Փափազեանի անւան դրամատիկական թատրոնը, որը 90 տարւայ պատմութիւն ունի, 2023-ի բռնագաղթից յետոյ ֆինանսի բացակայութեան պատճառով ստիպւած են եղել դադարեցնել իրենց գործունէութիւնը:

«Մեր պահանջը նաեւ այն է, որ ուղղակի կամ անուղղակի հովանաւորւի այդ կոլեկտիւների գործունէութիւնը: Դրանք հովանաւորւում էին տարբեր հիմնադրամների կողմից, բայց հիմա դրանցից շատերը դադարեցրել են իրենց գործունէութիւնը»,- ասաց Սերգէյ Շահվերդեանը:

Հայաստանում ըստ նրա՝ չկայ օկուպացւած Արցախի յուշարձանների շտեմարան եւ Կառավարութիւնը քայլեր էլ չի ձեռնարկում դա ունենալու ուղղութեամբ:

«Մենք ունենք շուրջ 30 թանգարանային հաւաքածու, որոնք կամ ամբողջութեամբ կամ մասնակի մնացել են Ադրբեջանի տիրապետութեան տակ, հիմա որոշների ճակատագիրն անյայտ է, որոշներն ըստ հրապարակւած լուսանկարների՝ ոչնչացւել են: Ցաւօք, մենք չենք տեսնում, որ այդ շտեմարանների ձեւաւորման համար քայլեր են ձեռնարկւում: Օրինակ, 2022-ի աշնանը, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհուրդը ստեղծեց Շուշիի 7 մշակութային հաւաքածուների կատալոգները, այսօր մեր կազմակերպութիւնը Նիդեռլանդների դեսպանութեան ֆինանսաւորմամբ ստեղծում է միւս թանգարանների 4 կատալոգները, սակայն պետական քաղաքականութիւն այդ ուղղութեամբ մենք չենք տեսնում»,- ասաց «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» ՀԿ-ի նախագահը:

Նա նշեց, որ այժմ վտանգի տակ են Արցախի մոնումենտալ արւետսի գործերը, քանի որ դրանցից շատերը տեղակայւած են Ստեփանակերտում, որը հիմա ոչնչացւում, աւերւում է Ադրբեջանի կողմից:

Սերգէյ Շահվերդեանը յաւելեց նաեւ, որ Հայաստանի կողմից միջազգային ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացւած հայցերից հրաժարւելը՝ կը խախտի արցախցիների իրաւունքները:

Arfd.am

Related Articles

Back to top button