Նիւ Եօրքում յայտնաբերւել է Շոպէնի՝ նախկինում անյայտ վալսը՝ գրւած 200 տարի առաջ
Նիւ Եօրքում Մորգանի անւան գիտական եւ հետազօտական գրադարան-թանգարանում յայտնաբերւել է լեհ կոմպոզիտոր Ֆրէդերիկ Շոպէնի՝ նախկինում անյայտ երաժշտական ստեղծագործութիւնը. վալսը գրւել է գրեթէ 200 տարի առաջ:
Ֆրէդերիկ Շոպէնի ստորագրութեամբ պարտիտուրը յայտնաբերել է հաստատութեան համակարգողներից մէկը, յայտնում է nytimes.com-ը։
Ռոբինսոն ՄաքՔելլանը թերթին պատմել է, որ սկզբում վստահ չէր, թէ արդեօք ստեղծագործութիւնն իսկապէս Շոպէնինն է: Նա խորհրդակցել է Փենսիլւանիայի համալսարանից Շոպէնի ստեղծագործութիւնների ուսումնասիրմամբ զբաղւող գիտնականի հետ:
Ի վերջոյ, թանաքն ու թղթի տարիքը ուսումնասիրելուց յետոյ հաստատւել է, որ պարտիտուրն իսկապէս Շոպէնի ստեղծագործութիւնն է։ Թանգարանը կարծում է, որ այն գրւել է 1830-1835 թւականներին է, երբ Շոպէնը 20-25 տարեկան էր:
Շոպէնը ծնւել է Լեհաստանում 1810 թւականին եւ մահացել 39 տարեկանում Ֆրանսիայում։