Եւրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի համատեղ աշխատանքի արդիւնքում՝ նոյեմբերի 5-ին, Եւրոպական խորհրդարանում, անցկացւել է «COP 29-ը Բաքւում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եւրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամաւորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիւանագէտներ, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի բացման խօսքով հանդէս եկան խորհրդաժողովը հիւրընկալող Լուկաս Ֆուրլասը, Եւրոպական միութիւնում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ եւ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայեանը, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը։
Որպէս խորհրդաժողովի բանախօսներ հրաւիրւած էին «Յանուն մարդու իրաւունքների միջազգային համագործակցութիւն կազմակերպութեան» Արեւելեան Եւրոպայի եւ Հարաւային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշւիլին, Միջազգային իրաւունքի մասնագէտ Կատալինա Դէ Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսեանը եւ Դաւիթ Վարդանեանը՝ Ռուբէն Վարդանեանի որդին:
Խորհրդաժողովի նպատակն էր կենտրոնանալ Ադրբեջանում COP 29-ի անցկացմանն առնչւող տարբեր խնդիրների վրայ, մասնաւորապէս, թէ այս գլոբալ համաժողովի նպատակների համար ինչ ազդեցութիւն կարող է ունենալ դրա հիւրընկալումը Բաքւում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, յատկապէս Արցախի բնիկ հայ բնակչութեան էթնիկ զտումների յետնապատկերում։
Խորհրդաժողովը լոյս է սփռել Արցախի հայութեան բռնի տեղահանումը պարտակելուն միտւած Ադրբեջանի կառավարութեան շարունակական արշաւի վրայ, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների խախտումների եւ շրջակայ միջավայրի հանդէպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրայ։ Ընդհանուր առմամբ քննարկումները ծաւալւել են քաղաքական, բնապահպանական եւ մարդու իրաւունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:
Մեկնաբանելով խորհրդաժողովի անցկացումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նկատել է. «Այս խորհրդաժողովի անցկացումը կարեւոր ուղերձ է COP29-ին մասնակցել պատրաստւող եւրոպական պատւիրակութիւններին՝ առ այն, որ բնապահպանական իրաւունքներն ու անվտանգութիւնը չեն կարող առանձնանալ մարդու հիմնարար իրաւունքներից ու ազատութիւններից։
Ադրբեջանը, մարդու իրաւունքների նման վիճակով եւ պատերազմական յանցագործութիւններով չպէտք է հնարաւորութիւն ունենար հիւրընկալելու այս կարեւոր միջոցառումը, որով պէտք է փորձի պարտակել ցեղասպանի իր դիմագիծը։ Մենք մի անգամ եւս մեր գոհունակութիւնն ենք յայտնում Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին, յատկապէս Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին՝ խորհրդաժողովի հիւրընկալման համար։
Այս խորհրդաժողովի նախօրէին Եւրոպական խորհրդարանի 52 պատգամաւորների կոչը Ադրբեջանին՝ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան եւ Հայաստանի տարածքից օկուպացիոն զինւած ուժերի դուրսբերման պահանջով, Եւրոպական խորհրդարանի յստակ քաղաքական դիրքորոշման արտայայտութիւնն է, որն առարկայացել էր աւելի վաղ ընդունւած բանաձեւով։
Մենք շարունակելու ենք իրազեկման մեր աշխատանքները եւ լիայոյս ենք՝ COP29-ին մասնակից եւրոպական պատւիրակութիւնները չեն կենտրորանայ միայն բնապահպանական խնդիրների վրայ եւ հայութեանն առնչւող խնդիրների շրջագծում կը բարձրաձայնեն այն տեսակէտները, որոնք վերջին ամիսների ընթացքում տեղ են գտել Եւրոպական խորհրդարանի բանաձեւերում ու ԵՄ գործադիր իշխանութեան յայտարարութիւններում։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
06.11.2024 թ.