Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայեան. «Սխալւում են, դա չի՛ բերի խաղաղութիւն»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրաւունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի նախկին փոխքարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայեանին ։
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայեանը 2001-2007 թթ. զբաղեցնում էր Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) փոխքարտուղարի պաշտօնը եւ առ այսօր առանցքային դեր ունի այդ կազմակերպութիւնում: Սկսած 2003-ից Կալֆայեանն աշխատում էր նաեւ որպէս Եւրոխորհրդի գլխաւոր տնօրինութեան մարդու իրաւունքների եւ իրաւունքի գերակայութեան հարցերով խորհրդական:
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– 2022 թ. Հայաստանի իշխանութիւնը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ մտածելով, որ դա խաղաղութիւն պիտի բերի Հայաստանին։ Այստեղ էր սխալը։ Ատելութիւն սերմանեցին ժողովրդի, զինւորների մէջ Արցախի նկատմամբ։ Սխալւում են, դա չի բերի խաղաղութիւն: Եթէ արցախահայերի հայրենազրկման բուն պատճառը չվերացւի, Ադրբեջանը չպատժւի, սա կը շարունակւի։ Այսօր Արցախի ժողովրդի մասին ենք խօսում, այսպէս շարունակւելու դէպքում 2 տարի յետոյ Հայաստանի ժողովրդի մասին ենք խօսելու…
– Նիկոլ Փաշինեանը հրապարակային բարձրաձայնեց Ադրբեջանի դէմ ներկայացւած միջազգային դատական հայցերից հրաժարւելու մասին։ Սա շատ վտանգաւոր քայլ է։ Դրանից ոչ միայն Արցախն է տուժելու, այլեւ Հայաստանի ապագան։ Այս օրերի իմ հրապարակումները դրա մասին են, զգուշացնում եմ դրա վտանգների մասին։
– Պէտք է առաջ տանել հիմնական իրաւական սկզբունքները։ Այսօրւայ միջազգային իրաւունքն ու նախադէպերն ասում են, որ ուժի սպառնալիքը, ուժի կիրառումը, ռազմագերիների իրաւունքների խախտումները հակասում են կոլեկտիւ շահերին, ու դրանք կարող են պաշտպանւել ՄԱԿ-ի քրէական դատարանում։ Այդ սկզբունքները պաշտպանող նշանակութիւն ունեն, եւ դրանցից օգտւելու նախադէպերը կան։ Բոլորովին վերջերս դրանց օգնութեանը դիմեցին Գամբիան, Հարաւային Աֆրիկան, այլ երկրներ:
– Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր։
– Արցախահայութեան վերադարձի իրաւունքն իրաւական ոչ մի խոչընդոտ չունի։ Դա միջազգայնօրէն ամրագրւած իրաւունք է։ Արցախի ժողովրդի անհատական եւ հաւաքական իրաւունքները պէտք է պաշտպանւեն։ Բայց եթէ պետութեան դիւանագիտութիւնը ջանքեր չգործադրի, ապա դրա իրագործումը շատ դժւար է լինելու։ Ի վերջոյ, ամէն ինչ կապւած է ինքնորոշման իրաւունքի հետ, իսկ այդ իրաւունքը կոլեկտիւ կերպով պէտք է պաշտպանւի։ Եթէ այսօր բաց թողնենք ճիշտ ժամանակը, վաղն անասելի բարդ է լինելու։
– Այսօր տարօրինակ իրավիճակ է Հայաստանի իշխանութեան ներսում։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանն ու ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը մի ուղղութեամբ են աշխատում, պաշտպանում արցախահայերի վերադարձի իրաւունքը, իսկ Նիկոլ Փաշինեանը, Ալէն Սիմոնեանը, ուրիշներ բոլորովին այլ բան են ասում։
– Կարօ Փայլանի հետ մի կլոր սեղանի էի այս օրերին այստեղ մասնակցում։ Նախ, այդ մարդը ցոյց տւեց իր՝ նման կարգի քննարկումներին մասնակցելու ոչ բաւարար մակարդակը։ Բացի դրանից, տարօրինակ թէզեր հնչեցրեց։ Օրինակ, ասում էր, որ եթէ Հայաստանը Թուրքիայի հետ լաւ լինի, կօգտագործի օպորտունիստ Էրդողանին, որն էլ իր հերթին՝ կարող է ազդել Ադրբեջանի վրայ։ Անհեթեթ բաներ էր ասում այդ մարդը… Ո՞վ կը հաւատայ, որ երբեւէ Հայաստանը Թուրքիայի համար կարող է աւելի մեծ նշանակութիւն ունենալ, քան Ադրբեջանը։
– ՀՀ իշխանութիւնների կողմից յաճախ հնչեցւող՝ Սիւնիքի ճանապարհներին, «Զանգեզուրի միջանցք»-ում արեւմտեան երկրներից Պահնորդական մասնաւոր ծառայութիւն բերելու առաջարկը ցոյց է տալիս, որ դա ամերիկեան ծրագիր է։ Ինչ խօսք, շատ լիբերալ մօտեցում է… (քմծիծաղ է տալիս,- հեղ.): Ամերիկացիներն են, որ այսօր աշխատում են Իրաքում, միւս օրը՝ Սիրիայում, ու մենք տեսանք՝ ինչի բերեց իրենց այդ քաղաքականութիւնը: Իրաքը քանդեցին: Ծիծաղելի եւ ցնորամիտ է, երբ պետականամէտ մարդիկ նման առաջարկներ են լսում։
– Վարչապետ Փաշինեանը սովոր է այնպիսի բաներ ասել, որ ոչ ոք չի հասկանում, բայց ի տարբերութիւն Արմէն Գրիգորեանի եւ Ալէն Սիմոնեանի՝ նա գոնէ որոշակի պահում է կապը Ռուսաստանի հետ։ Ես վստահ եմ, որ նա այդ կապը չի կտրել։
– Եւրոմիութիւնը շուկա է, եւ շատ խիստ նորմեր է դնում այլ երկրների անդամութեան համար։ Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԵՄ մտնելը… Քաղաքական պաշտպանութի՞ւն… Իհա՛րկէ ոչ: Մենք տեսել ենք, որ քաղաքական յայտարարութիւնները չեն պաշտպանում: Յոյս ունեն, թէ ԵՄ-ն կամ Ամերիկան ռազմական օգնութի՞ւն են Հայաստանին ցուցաբերելու… Երբե՛ք… Ոչ ոք չի գալու մեր անվտանգութիւնը պաշտպանելու։
– Ուկրաինային աջակցելուց են արդէն շատերը խուսափում, Արեւմուտքում մարդիկ բողոքում են՝ ինչքան պիտի վճարենք այդ պատերազմի համար…
– Դժբախտաբար, իմ երկիրը՝ Ֆրանսիան, առաջին ջատագովն է Ռուսաստանը տարածաշրջանից ու մանաւանդ Հայաստանից դուրս բերելու հարցում։ Ֆրանսիացի նախկին պաշտօնեան օրերս ասաց՝ թող Ռուսաստանից հրաժարւեն, մենք պատրաստ ենք պաշտպանել… Ի՞նչ պիտի անես…Ոչինչ չես անելու: Սա ողբերգութիւն է։ 44-օրեայ պատերազմի ընթացքում միայն Ռուսաստանը կարողացաւ կանգնեցնել պատերազմը: Ո՞ւր էր Արեւմուտքը… Չկա՛ր… Ողբերգութիւն է, որ մարդիկ նման երազներով են ապրում՝ սպասումներ ունենալով Եւրոմիութիւնից: ԵՄ-ի համար Ադրբեջանն է կարեւոր, ոչ թէ Հայաստանը:
– Եթէ ՀԱՊԿ-ից դուրս գաս, ո՞ւր ես գնալու… Ոչ մի տեղ։ Մնալու ես մէջտեղում։ Չեմ հաւատում, որ Հայաստանում մարդիկ նման պատրանքներով են ապրում։ Պէտք է հաւասարակշռւած քաղաքականութիւն վարել, ինչպէս նախկինում։ Հայաստանի նախկին նախագահները հէնց նման քաղաքականութիւն էին վարում։ Սերժ Սարգսեանին ու Ռոբերտ Քոչարեանին մեղադրում էին Ռուսաստանի մարդը լինելու մէջ, բայց իրականութեան մէջ դա այդպէս չէր։ Նրանք փորձում էին հաւասարակշռւած քաղաքականութիւն վարել, ինչը յատկապէս արտայայտւեց Սերժ Սարգսեանի կառավարման վերջին տարիներին։ Չէ՞ որ Սերժ Սարգսեանը բալանսաւորւած քաղաքականութիւն վարելով՝ ստորագրեց ցիւրիխեան արձանագրութիւնները, այնուհետեւ CEPA-ն՝ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը՝ իր դէմ հանելով Ռուսաստանին։
– Ծիծաղելի են Հայաստանի այսօրւայ զէնքի գնումների մասին յայտարարութիւնները։ Դրանք միայն պաշտպանական զէնքեր են։ Այն զէնքերը, որոնցից հրաժարւեց Ուկրաինան, ուղարկեցին Հայաստան… Մինչեւ հեռահար թիրախներին խփելու զէնքեր չունենանք, աւելորդ է խօսել զէնքի գնման մասին։ Ի՞նչ գնեցինք մենք Ֆրանսիայից՝ մի 50 հատ մեքենայ, մի 10 հատ էլ CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ… Վերջ… Ուրիշ բան չկայ։
– Պատերազմի հաւանականութիւն, այո, տեսնում եմ։ COP-29-ից յետոյ Ադրբեջանի ձեռքերն աւելի ազատ կը լինեն։
– Եթէ Հայաստանի իշխանութիւնը Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան տակից իր ստորագրութիւնը յետ վերցնի, Ադրբեջանը Հայաստանի վրայ յարձակւելու քարտ-բլանշ կունենայ։
– Եթէ Ռուսաստանն ու Ուկրաինան միայնակ մնան դէմ դիմաց, անշուշտ, բանակցութիւնները պիտի սկսւեն, խաղաղութեան կը հասնեն: Արեւմուտքը դա չի թողնում: Ես համաձայն եմ Ջոն Միրշայմերի հետ: