Վազգէն Յովհաննիսեան. «Ադրբեջանը մեզ հետ լեզու գտնել չի ուզում, ունի յստակ ռազմավարութիւն, իսկ մեզ մօտ հեդոնիզմ է քարոզւում»
Քաղաքագէտ Վազգէն Յովհաննիսեանի կարծիքով՝ անկախութիւնը եւ սուվերենութիւնը փոխկապակցւած են, եւ դա ունակութիւն է պետութեան դիմադրողականութեան:
«Այսօրւայ Հայաստանը դիմադրողականութեան մասին խօսելու հիմք չունի: Պատճառները բազմաթիւ են: Դրանցից մէկը Հայաստանի՝ որպէս դերակատարի կշռի անկումն է, իսկ դա պայմանաւորւած է Արցախի կորստով: Արցախի կորստով Հայաստանը գնում է քաշային կատեգորիայի դեմոնտաժի»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա՝ յիմար թէզ համարելով Հայաստանի իշխանութիւնների այն յայտարարութիւնները, թէ Արցախի կորստով՝ Հայաստանը պահպանել է իր անկախութիւնը, եւ, որ «իրականում Հայաստանի անկախութեան տօնը սեպտեմբերի 19-ը պէտք է լինի»:
Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւնների եւ Ադրբեջանի հռետորաբանութեան մէջ տրամաբանական կորելացիա կայ. «Ադրբեջանի ռազմավարութիւնը շատ գրագէտ է, փորձարկւել է բազմիցս, բայց յաջողութիւն գրանցել 2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ: Ադրբեջանի ռազմավարութիւնն անուղղակի գործողութիւնների ռազմավարութիւն է, որը նկարագրւած է Լիդդըլ Հարտի գրքում. հակառակորդին ջախջախել սկզբում ոչ ռազմական գործիքակազմով, դրանից յետոյ, երբ արդէն կարելի է վճարել ռազմական գործիքակազմ վճարելու գինը, քանի որ ռազմական գործիքակազմ օգտագործելու ժամանակ բաւականին բարձր գին է վճարում պետութիւնը, այդ գինը վճարել: Այդ տրամաբանութիւնը շարունակւում է: Ադրբեջանի ռազմավարութեան հիմքում ընկած չէր միայն Արցախի օկուպացիան, այլ ընդհանրապէս Հարաւային Կովկասում իր քաշային կատեգորիայի բարձրացումը, որն աւելի թոյլ օղակի ջախջախման դէպքում է տեղի ունենում: Այս դէպքում աւելի թոյլ օղակը մենք ենք, եւ յստակ այդ ռազմավարութիւնը բանեցւում է մեզ վրայ»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի կողմից ներկայացւող «ռազմավարութեանը», եթէ կարելի է դա այդպէս ձեւակերպել, ապա, ըստ քաղաքագէտի՝ դա կատաստրոֆա է.
«Հայաստանը չունի ռազմավարութիւն. դա պարտւողական ռազմավարութիւն է, այսինքն՝ հնարաւորինս զիջել Ադրբեջանին այն, ինչը կարելի է զիջել, դրա դիմաց Ադրբեջանը չի կիրառի ռազմական ուժ: Ինչ-որ ժամանակահատւած դա ներկայացնել հասարակութեանը՝ որպէս խաղաղութեան օրակարգ, սակայն, վերջնարդիւնքում Ադրբեջանը ռազմական կամ ոչ ռազմական գործիքակազմը կիրառելով՝ Հայաստանին փորձելու է որպէս քաղաքական դերակատար վերացնել»:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ. «ՀՀ իշխանութիւնների վարած արտաքին քաղաքակնութիւնը միտւած չէ սպասարկելու ՀՀ կենսական շահերը: ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքականութիւնը 2018 թւականից իդենտիկութեան բաղադրիչի ոչնչացմանն է ուղղւած: Մենք տեսնում ենք, որ հասարակութեան մէջ ատոմիզացիայի միտումներ կան, այսինքն՝ այլեւս ընդհանուր բովանդակութիւնը, որը կար՝ կապւած մեր իդենտիկութեան հետ, վնասւել է եւ շարունակում է դեգրադացւել»:
Ըստ նրա՝ ստեղծւած իրավիճակը շատ վտանգաւոր է. «Իշխանափոխութեան պարագայում Հայաստանը պէտք է որդեգրի դիմակայութեան քաղաքականութիւն: Եթէ Հայաստանը լատենտ ուժի կոնսոլիդացիա չանի, չենք կարող արդիւնք ունենալ: Յաջորդ իշխանութիւնները պէտք է ունենան յստակ ռազմավարութիւն, որը հիմնւած է այսօրւայ գործող ռեսուրսների վրայ, որոնք էլ հէնց թոյլ են տալու հասկանալ մեր կարմիր գծերը:
Նոյնիսկ այս աղէտալի վիճակում, եթէ կայ յստակ ռազմավարութիւն, ապա կարելի է հասկանալ, թէ դեմոգրաֆիան ինչպէս կարող է սպասարկել ռազմական ուժին: Ռազմավարական տրամաբանութիւնը պէտք է կառուցւած լինի դիմակայութեան վրայ, որովհետեւ Ադրբեջանը փորձում է մեզ՝ որպէս քաղաքական ֆակտոր, վերացնել: Հետեւաբար, եթէ յաջորդ իշխանութիւնները գան եւ խօսեն խաղաղութեան օրակարգի մասին, դա ենթադրելու է մեր պարտւողական գծի շարունակութիւն: Պատերազմի մասին պէտք չէ խօսել, բայց մենք փոքր ուժ ենք, եւ քանի մեր ուժը փոքրանում է, գնում ենք լիլիպուտիայի:
Փոքր պետութիւնները երեք հնարաւոր սցենարով կարող են գործել. առաջին՝ փորձել իրականացնել բալանսաւորման քաղաքականութիւն, որը ենթադրում է՝ սուղ ռեսուրսների կոմպենսացիայով թոյլ չտալ, որպէսզի տարածաշրջանի կամ արտատարածաշրջանի ուժերը քեզ վրայ ուժային պրոյեկցիա անեն: Երկրորդը՝ յարձակողական ռեալիզմի տրամաբանութիւնից թելադրւած տեսնես, թէ որտեղ կարող ես քո ուժն աւելացնել՝ հարեւանի կամ ուրիշ գործօնների հաշւին: Ադրբեջանը դա արել եւ անում է: Երրորդ գործօնն է՝ դառնալ bandwagoning-ի մի մաս, այսինքն՝ քանի որ դու այլեւս դադարում ես ուժային գործօն լինել, դառնում ես կցորդ այս կամ այն ուժային պրոյեկցիայի»:
Նա նկատել է՝ Հայաստանն իրաւունք չունի պարտւել ոչ մի պատերազմում.
«Փոքր պետութեան պարտութիւնը կարող է վերացման տանել»:
Քաղաքագէտը յիշեցրել է, որ իշխանութեան գալուց յետոյ Փաշինեանն ազդակներ էր տալիս հասարակութեանը, որ չպայքարեն. «Անտարբերութիւնը հասարակութեանը հաղորդւած ազդակներից է, այսինքն՝ մի պայքարէք, պայքարել պէտք է միայն սեփական գրպանի եւ սեփական հաճոյքները բաւարարելու համար: Ակնյայտ քարոզւում է հեդոնիզմ: Սոցիոլոգիական խորացւած հետազօտութեան պարագայում արդիւնքն աւելի ակնյայտ կլինի: Հակաքարոզը պէտք է լինի պայքարի մասին խօսելը, չպէտք է խօսել Ադրբեջանի հետ լեզու գտնելու մասին, որովհետեւ Ադրբեջանը մեզ հետ լեզու գտնել չի ուզում, յստակ իրականացնում է իր քաղաքականութիւնը»: