
«ԱԼԻՔ» – Սաուդեան Asharq Al-Awsat թերթին տւած հարցազրոյցում արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների վերաբերեալ ասել է. «Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցութիւնները Միացեալ Նահանգների հետ, եթէ ստանայ յարձակման դրւագը չկրկնւելու մասին երաշխիքներ»:
ԱԳ նախարարը հարցին, թէ «Արդեօ՞ք Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային բանակցութիւններին Միացեալ Նահանգների հետ, եւ Թեհրանը պատրաստ կը լինի՞ զիջումների գնալ պատժամիջոցների վերացման կամ մեղմացման դիմաց» պատասխանելով նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ տրամաբանական եւ հաւասար բանակցութիւններ սկսելու։
«Քանի որ մենք ներկայումս բանակցութիւններ ենք վարում երեք եւրոպական երկրների հետ, մենք նաեւ քննարկումներ ենք վարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ՝ համագործակցութեան նոր շրջանակ գտնելու համար։ Երբեւէ չենք լքել բանակցութիւնների սեղանը։ Մենք բանակցութիւնների էինք, երբ Իսրայէլը յարձակւեց մեզ վրայ ու Միացեալ Նահանգները միացաւ նրան։ Ահա, թէ ինչու որեւէ նոր բանակցութիւններ չեն կարող նման լինել նախորդին»,- յստակեցրել է Արաղչին:
Asharq Al-Awsat-ի լրագրողի հարցին, թէ «Այժմ քննարկւում է Իսրայէլի կողմից Իրանի դէմ նոր յարձակումների հաւանականութիւնը: Վերջին օրերին Իրանը նոյնպէս զօրավարժութիւններ է անցկացրել: Արդեօ՞ք նոր պատերազմ է հասունանում» պատասխանելով, Արաղչին նշել է. «Ամէն բան հնարաւոր է: Սիոնիստական ռեժիմին եւ Միացեալ Նահանգներին չյաջողւեց հասնել իրենց նպատակներից որեւէ մէկին Իրանի դէմ 12-օրեայ պատերազմի ժամանակ: Իրանը հերոսաբար դիմադրեց եւ շարունակեց հրթիռային յարձակումներն Իսրայէլի վրայ մինչեւ վերջին պահը, մինչդեռ նրանք կարծում էին, որ կարող են դադարեցնել այդ յարձակումները առաջին 48 ժամերի ընթացքում: Սակայն 12 օր անց հէնց Իսրայէլի ռեժիմն էր, որ անվերապահ հրադադար խնդրեց, եւ մենք ընդունեցինք այդ խնդրանքը, քանի որ այն առանց նախապայմանների էր»:
Հորմոզի նեղուցի փակման կոչերի մասին Արաղչին յիշեցրել է. «Դրանք Իսլամական Հանրապետութեան պաշտօնական դիրքորոշումը չեն, այլ՝ լրագրողների կամ պաշտօն չզբաղեցնող անձանց բարձրաձայնած կարծիքներ են: Փաստ է, որ 12-օրեայ պատերազմում Իսրայէլը թիրախաւորել էր Պարսից ծոցի մեր նաւթային օբիեկտները: Իսրայէլի նպատակը պատերազմի կրակը Պարսից ծոցի վրայ տարածելը եւ նաւթային պատերազմ սկսելն էր: Սակայն մեր հակահարւածն ուղղւած էր միայն իսրայէլական օբիեկտներին: Մենք զսպւածութիւն ցուցաբերեցինք, որպէսզի Պարսից ծոցում պատերազմ չսկսւի»։
Հարցին, թէ «Ինչպէ՞ս կը գնահատէք միւս պետութիւնների դիրքորոշումներն Իրանի վրայ յարձակումների կապակցութեամբ», ԱԳ նախարարը նշել է. «Սաուդեան Արաբիայի դիրքորոշումը գնահատելի էր՝ թէ՛ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի ագրեսիան դատապարտելու, թէ՛ Իրանի ժողովրդին աջակցութիւն եւ համերաշխութիւն յայտնելու հարցում։ Նման դիրքորոշում ընդունեցին նաեւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի անդամ երկրները, ինչը մեզ համար շատ կարեւոր էր»։
Պատասխանելով վերջին հարցին՝ «Մէկ նախադասութեամբ՝ լաւատեսօրէ՞ն էք տրամադրւած տարածաշրջանի ապագայի նկատմամբ» Արաղչին նշել է. «Դիւանագէտները միշտ են լաւատես: Ես կարծում եմ, որ եթէ տարածաշրջանի երկրների, մասնաւորապէս՝ Իրանի եւ Սաուդեան Արաբիայի միջեւ համագործակցութեան հորիզոններ բացւեն, մենք կունենանք կայունութեամբ, խաղաղութեամբ, առաջընթացով եւ զարգացած տարածաշրջան։ Եւ ես, Աստծոյ կամօք, իրանական դիւանագիտութիւնն այս ուղղութեամբ կառաջնորդեմ»։



