ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳ նախարար. «ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները դադարեցւել են Մերձաւոր Արեւելքի իրավիճակի պատճառով»

«ԱԼԻՔ» – «Օմանի միջնորդութեամբ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը դադարեցւել է Մերձաւոր Արեւելքում ստեղծւած յատուկ իրավիճակի պատճառով»: Այս մասին Օմաննի մայրաքաղաք Մասկատում յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:

«Մասկատի գործընթացը դադարեցւած է տարածաշրջանում ստեղծւած յատուկ իրավիճակի պատճառով։ Ներկայ պահին բանակցութիւնների հիմք չենք տեսնում։ Հէնց որ կարողանանք յաղթահարել ներկայ ճգնաժամը, կորոշենք՝ վերադառնա՞լ բանակցութիւններին, թէ՞ ոչ»,- յայտնել է Արաղչին:

Ըստ նրա՝ թէ՛ ԱՄՆ-ը, թէ՛ Եւրոպական երկրներն ու տարածաշրջանի երկրները պէտք է իմանան՝ ինչպիսին է Իրանի դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը միանգամայն յստակ է, բազմիցս կրկնել ենք, որ պատերազմ եւ բախումներ չենք ուզում: Թէեւ լիովին պատրաստ ենք դրան, բայց կարծում ենք՝ դիւանագիտութիւնը պէտք է արդիւնաւէտ աշխատի՝ դա թոյլ չտալու համար»:

«Տարածաշրջանը բարձր մարտական պատրաստութեան մէջ է եւ չի բացառւում, որ լայնածաւալ հակամարտութիւնների շեմին է, իսկ դիւանագիտութիւնը միակ միջոցն է՝ խոշոր ճգնաժամերը կանխելու եւ լարւածութեան աճից ու պատերազմից խուսափելու համար»,- յայտարարել է մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յիշեցնենք, որ տարածաշրջանային այցերի շրջանակում, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ հոկտեմբերի 14-ին եղել է Օմանում, ուր հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Սէյէդ Բադր ալ Բուսայիդի եւ Օմանի սուլթանի դիւանական գործերի նախարար Սուլթան բին Մուհամմեդ ալ Նամանիի հետ:

Կայացած հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող ճգնաժամային եւ պայթիւնավտանգ իրավիճակի շուրջ, եւ պահանջել են անյապաղ դադարեցնել Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանութիւնն ու ագրեսիան:

Նշենք, որ Մասկատում Արաղչին հանդիպել է նաեւ Եմէնի ազգային փրկութեան կառավարութեան խօսնակ եւ ներկայացուցիչ Մուհհամեդ Աբդուլսալամի հետ:

Related Articles

Back to top button