Պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանը՝ նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչը Հայաստանում
«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 14-ին, «ԱԼԻՔ»-ը պատիւ ունեցաւ հիւրընկալելու անւանի մաթեմատիկոս, Իրանի գիտութիւնների ազգային ակադեմիայի անդամ պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանին:
Օրաթերթիս գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի հետ զրոյցի ընթացքում անդրադարձ եղաւ Իրանի եւ Հայաստանի միջեւ գիտական, ակադեմիական եւ միջբուհական կապերի առաւել ընդլայնման եւ ամրապնդման կարեւորութեանը:
Պրոֆեսոր Թումանեանը յատուկ ընդգծեց, որ կարեւոր է յատկապէս վերացնել Հայաստանում ուսանած ուսանողների վկայականների նոյնականացման եւ վաւերացման հետ առկայ խոչընդոտներն Իրանում:
Զրոյցի ընթացքում, ուրախութեամբ տեղեկացանք, որ Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆի յատուկ հրամանագրով, պրոֆ. Թումանեանը նշանակւել է նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչն Հայաստանում:
Նախագահի առաջին տեղակալի հրամանագրում մասնաւորապէս նշւած է. «Յուսով ենք, որ անսալով երկու երկրենրի միջեւ գիտական եւ տեխնոլոգիական փոխգործակցութեան ընդլայնման ոլորտում 14-րդ կառավարութեան հիմնարար սկզբունքներին, կը նպաստէք յատկապէս երկու երկրների միջեւ թւային տնտեսութեան, միջբուհական փոխգործակցութեան առաւել զարգացմանը եւ իրանցի ուսանողների վկայականների նոյնականացման եւ վաւերացման գործում առկայ խոչընդոտների վերացմանը՝ խթանելով երկու երկրների միջեւ համագործակցութեան ու գիտական դիւանագիտութեան մակարդակի բարձրացմանը»:
Ուշագրաւ է նաեւ հանգամանքը, որ դոկտ. Արեֆի յանձնարարականով, պրոֆ. Թումանեանի հետ պէտք է սերտօրէն համագործակցեն Արտաքին գործերի, Առողջապահութեան, Գիտութեան, հետազօտութեան եւ բարձր տեխնոլոգիաների նախարարութիւնները, ինչպէս նաեւ նախագահի գրասենեակը:
Յիշեցնենք, որ աւելի վաղ, պրոֆ. Թումանեանը Իրանի գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագհութեան որոշմամբ, երկու տարի ժամկէտով նշանակւել է այդ կառոյցի եւ Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի միջեւ կապը:
«ԱԼԻՔ»-ը յաջողութիւն է մաղթում պրոֆ. Թումանեանին՝ յուսալով որ նրա աշխատանքը կը նպաստի գիտութեան, միջբուհական եւ ակադեմիական ոլորտներում երկու երկրների յարաբերութիւնների եւ փոխգործակցութեան ընդլայնմանը: