
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հովանաւորութեամբ Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան հինգշաբթի, յունւարի 8-ին միութեան «Սուքերեան» սրահում կազամկերպւել էր դասախօսական երեկոյ՝ «Հայ եկեղեցին որպէս հայ ազգի պահապանը» խորագրով, որի ընթացքում Տ. Աբրահամ աբեղայ Ճուլֆայեանը համապարփակ գծերով անդրադարձաւ հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմութեան ընթացքում եւ ի մասնաւորի ճակատագրական պայմաններում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անմնացորդ դերակատարութեանը՝ հայ ժողովրդի ինքնութիւնը պահպանելու գործում:
Սկզբում միութեան վարչութեան նախագահ Ֆրէդ Աշուղեանը նշեց, որ Հայ եկեղեցին հայապահպանութեան ու միասնականութեան կենտրոն է, որը դարեր շարունակ քարոզել է հայրենասիրութիւն եւ ազգապահպանութիւն եւ հոգեւոր հայրերը չեն խնայել իրենց կարելին հայրենիքի հզօրացման ի խնդիր:
Օրւայ բանախօս՝ Հայր Աբրահամ աբեղայ Ճուլֆայեանը կարեւորութեամբ ընդգծեց, որ եկեղեցին ազգի նկատմամբ քիչ դերակատարութիւն չի ունեցել եւ այսպէս շարունակեց. «Ազգային եկեղեցի, հայոց եկեղեցի, ազգ եւ եկեղեցի, տարբեր բառեր, որոնք մեր հայ լեզւամտածողութեան մէջ իրենց սահմանումն ու իմաստն ունեն»: Հայր Սուրբը անդրադարձաւ ազգ, եկեղեցի բառերի ստուգաբանութեանը եւ նշեց, որ եկեղեցին միայն կառոյցը չէ այլ ժողովը եւ ժողովուրդը, իսկ ազգային եկեղեցին այսինքն այն ազգի զաւակները, որոնք ի մի են հաւաքւում մի նպատակի համար, ուրեմն հնարաւոր չէ զանազանել ազգն ու եկեղեցին, չկայ հայոց եկեղեցի առանց հայ ազգի: Իր դասախօսութեան այլ բաժնում Հայր Սուրբը անդրադարձաւ հայոց եկեղեցու ծագումնաբանութեանը, որը հասնում է Յիսուս Քրիստոսին եւ Թադէոս ու Բարդուղիմէոս Առաքեալներին եւ ընդգծեց որ հերքելի է բոլոր նրանց արտայայտութիւնները թէ՝ հայոց եկեղեցու ակունքը եղել են օտարները: Հայր Սուրբը նշեց, որ առաջին եպիսկոպոսական աթոռը եղել է Արտազ գաւառում եւ ունեցել ենք 8 եպիսկոպոսներ մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի գահակալութիւնը, ուստի հայոց եկեղեցին հայերի եկեղեցին է: Դասախօսութեան այլ բաժնում Հայր Սուրբը անդրադարձաւ հայ եկեղեցու նւիրապետութեանը, հայ մշակոյթի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցին եւ նրա անմնացորդ դերակատարութեանը հայ ժողովրդի գոյապահպանման ի խնդիր, որի դիմաց հայ սերունդները պէտք է խոնրահւեն: Դասախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ հայ ազատագրական շարժման գծով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անժխտելի դերակատարութեանը, դա լինի ՀՀ առաջին հանրապետութեան կերտում թէ՝ Արցախի ազատագրում եւ ընդգծեց, որ թէեւ հայոց պատմութեան տարբեր ժամանակներում եղել են իշխանաւորներ, որոնք ընդունել են այլ դաւանաբանութիւններ, սակայն ժողովրդի մասսան մերժելով դրանք միշտ կառչած է մնացել իր ազգային եւ իր հայրերից աւանդ մնացած հայոց ազգային եկեղեցու դաւանաբանութեանը: Հայր Սուրբը անդրադառնալով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը կարեւորութեամբ անդրադարձաւ երկու նւիրապետական աթոռների միասնականութեանը եւ նշեց, որ երբ հայ ժողովուրդը կորցրեց իր պետականութիւնը, հայ եկեղեցին իրապէս տէրը դարձաւ հայ ժողովրդի թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում: Հայր Սուրբը կարեւորութեամբ անդրադարձաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի անմնացորդ դերակատարութիւնը նոր սերնդի ազգային ոգով դաստիարակման գործում:
Օրւայ դասախօսութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ թաղամասի հայրենակիցներ, ու միութենականներ:
Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների:



