ԹեհրանՀամայնք

Ալֆրէդ Եաղուբզադէն այցելել է Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի

Անւանի լուսանկարիչ-լրագրողը մասնակցել է Սուրբ Պատարագին, լուսանկարել եկեղեցական արարողութիւնը եւ հանդիպել պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ

Նա մասնակցել է եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Պատարագին եւ լուսանկարել եկեղեցական արարողութիւնը։

Ալֆրէդ Եաղուբզադէն Իրան է այցելել՝ յետպատերազմական իրավիճակին մօտկից ծանօթանալու եւ Իրանի մասին իր նախագիծը շարունակելու նպատակով։

Արարողութիւնից յետոյ նա հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ։

Հանդիպման ընթացքում պատգամաւորը ողջունել է անւանի լուսանկարչի ներկայութիւնն իր գրասենեակում, յատկապէս նկատի ունենալով նրա բացառիկ գործունէութիւնը՝ որպէս Իրան-Իրաք պատերազմի լեգենդար լուսանկարիչ, եւ հետաքրքրւել նրա վերջին աշխատանքներով։

Իր հերթին, Ալֆրէդ Եաղուբզադէն ներկայացրել է Մերձաւոր Արեւելքի քրիստոնէական համայնքների մասին իրականացրած իր նախագիծը՝ ընդգծելով դրա կարեւորութիւնը տարածաշրջանի երկրների համար։ Նրա խօսքով՝ այդ աշխատանքը, առնչւելով հայ եւ ասորի ժողովուրդների ժամանակակից պատմութեանը, ներառում եւ միաւորում է տարածաշրջանի գրեթէ բոլոր երկրները։

Նշենք, որ տւեալ աշխատութիւնը պատրաստ է տպագրութեան համար եւ կարօտ է հրատարակիչների ուշադրութեանը։

Ալֆրէդ Եաղուբզադէն պատրաստւում է նաեւ «Բեռլինի պատ» լուսանկարչական պատկերային գրքի հրատարակմանը։

Յիշեցնենք, որ Ալֆրէդ Եաղուբզադէն Նոր տարուց առաջ եւս այցելել էր Իրան։

Արժէ նշել, որ Ալֆրէդի պապերը Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած եւ Իրանում ապաստան գտած վերապրածներ են եղել։ Նրա խօսքով, ընտանիքը մինչեւ Եաղուբզադէ ազգանունը կրել է  Բաբայեան ազգանունը։

Related Articles

Back to top button