«Օգնել կարող ես, երբ գիտես ինչպէս». Զրոյց հրշէջ Ադդէ Կրասկեանի հետ

ՀԱՏԻՍ
Նա ընդամէնը 23 տարեկան է, բայց արդէն հասցրել է ականատես լինել աղէտների ու փրկարարական ծանր աշխատանքների։ Ադդէ Կրասկեանը ոչ միայն մասնագիտութեամբ է հրշէջ, այլեւ՝ կոչումով։ Մեր զրոյցը նրա ընտրութեան, ծառայութեան առօրեայի ու այն մասին է, թէ ինչպէս է հնարաւոր պահպանել սառնասրտութիւնն այնտեղ, ուր մահն ու կեանքն են կողք-կողքի։
23 տարեկան է։ Առաջին անգամ 13 տարեկանում է յայտնւել նման իրավիճակների կենտրոնում՝ Քերմանշահի երկրաշարժի ժամանակ։ Ծնողները բնականաբար վարւել են ծնողի պէս, սակայն վերջիվերջոյ համաձայնել են, որ տղան գնայ, բայց աղէտի գօտում «մեքենայից չես իջնելու» ,- ասել են նրան։ Նման պահանջ են դրել նաեւ հրշէջները։ «Հասանք, ու ես բնականաբար մեքենայի մէջ չէի մնալու մինչեւ վերջ։ Այդտեղ էլ հասկացայ, որ երբ մէկն օգնութեան կարիք ունի, դու ոչ տարիքիդ ես նայում, ոչ էլ տեղ ու դիրքիդ։ Ու միանգամից հասկանում ես՝ «օգնել կարող ես, երբ գիտես ինչպէս»։ Դա է քեզ հասկացնում, որ նոյնիսկ կարեկցելու համար պէտք է մասնագիտութիւն ունենալ, ուր մնաց աւարի ու հրդեհի տակ մնացած մարդկանց փրկելը։
Ադդէ Կրասկեանը եղել է «Ն. Գիւլբենգեան» դպրոցի աշակերտ։ Առաջին անգամ իսկական հրշէջներին հանդիպել է դպրոցի բակում աշակերտների համար կազմակերպւած վարժանքի ժամանակ։ Այդտեղից էլ, ասում է, կայացրել է իր որոշումը։ Նա լուսանկարը ցուցադրելով պատմում է, որ տարիներ անց նոյն դերում ինքն էր՝ աշակերտներին բացատրելով հրշէջի աշխատանքի մասին։
Մանկուց յաճախ է գնացել աշխատանքի մօր հետ՝ հիւանդանոց։ Մայրը բուժքոյր է եւ աշխատում է առաջին ծառայութիւնների բաժնում՝ այնտեղ, որտեղ դէպքերի առաջնագիծն է։ «Տեսնում էի տարբեր վնասւածքով մարդկանց, եւ, կարծես, այնտեղից էլ առաջացաւ մարդկանց օգնելու ցանկութեան սերմը»,- ասում է նա։
Նրա խաղալիքներն էլ հիմնականում հրշէջ մեքենաներ էին կամ հրշէջների հետ կապւող իրեր։ Մանկութեան սիրած մուլտֆիլմը՝ Fireman sam։ Ադդէի դէպքում, կարծես, կեանքը միակողմանի ճանապարհ էր, որը անպայման պիտի անցնէր հրշէջկայանի միջով։
Հարցին՝ արդեօք մայրը, թէ հայրը դեր են ունեցել իր ընտրութեան մէջ, Ադդէն պատասխանում է. «Հայրս ունի իր սեփական բիզնեսը, մայրս բուժքոյր է։ Բայց կարծում եմ հիմնական դերն նրանում էր, որ ինձ ազատ ընտրութեան առիթ են տւել»։
Դպրոցն աւարտելուց յետոյ առաջին մասնագիտութիւնն ընտրել էր հաշւապահութիւնը, իսկ այժմ սովորում է էլեկտրաէներգետիկայի ճարտարագիտութիւն:

Քթի տակ լսւող մեղեդին
Համալսարանական տարիներից պատմելիս ասում է, որ երբեմն ուշացել կամ բացակայել է քննութիւններից, սակայն դասին ներկայ գտնւելիս նրան հնարաւորութիւն են տւել յանձնել ուշացած քննութիւնը (յուզական պատմութիւններ պատմելիս կամ լսելիս նա յաճախ քթի տակ նւնւացնում է ինչ-որ մեղեդի՝ կարծես ինքնաբերաբար մեղմելով պահի լարւածութիւնը):
Օրը հրշէջկայանում
Ադդէն ասում է, որ իրենց օրը սկսւում է առաւօտեան ժամը 6:00-ին. ճշտապահ ժամացոյցի պէս բոլորը հասնում են կայան։ Այնտեղ բաժանւում են պարտականութիւնները՝ վարորդ, խոհանոցայինի պատասխանատու, թիմում ջրցանի, խողովակների եւ այլ աշխատանքների համար պատասխանատուներ։
«Հիմնականում միասին ենք ճաշում։ Սեղանի շուրջ, ինչպէսեւ աշխատանքի ժամանակ, կողք-կողքի ենք նստում՝ տարիքային հերթականութեամբ։ Ես միշտ ամենավերջինն եմ, որովհետեւ խմբի փոքրը ես եմ»,- ժպտում է նա։
Վարժանքները
Վարժանքներից ամենահետաքրքիրը, ըստ նրա, ելարանի վարժանքն է։ Մրցակցային ձեւաչափով կազմակերպւող այդ վարժութեան ընթացքում 8 մետր բարձրութեամբ ելարանը պէտք է յաղթահարել 6 վայրկեանի սահմաններում։ Կան նաեւ հագնւելու արագութեան վարժանքներ. հագնւելու մի մասը կատարւում է մինչեւ մեքենայում տեղաւորւելը, իսկ մնացածը՝ արդէն ճանապարհին։ Ամէն ինչ տեւում է 20 վայրկեանում։
Պատերազմը
Պատերազմը, ասում է նա, անսպասելի էր։ «12-օրեան կարծես կոշտ վարժանք լինէր՝ պատրաստելով մեզ երկրորդի՝ 40-օրեայի համար։ Փրկութեան կարիք ունեցողի կեանքի թելը բարակ է: Սպասել չի սիրում։ Ամէն բան պէտք է վայրկեանապէս եւ արագ իրականացւի»։
Այդ պայմաններում, ըստ նրա, անհրաժեշտ են փորձառութիւն, ինքնատիրապետում եւ դէպքի ազդեցութեան տակ չընկնելու կարողութիւն։ Միաժամանակ կարեւոր է նաեւ չխաչաձեւել աշխատանքները աւարի տակ փրկարարական գործողութիւններ իրականացնող «Կարմիր Մահիկ»-ի թիմերի հետ եւ կարողանալ մեղմել ստեղծւած վթարային վիճակը։ «Այս բոլորը եւ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, եւ ներւեր»,- ասում է նա ու քթի տակ նւնւացնում է նոյն մեղեդին:

Խցանումները
Դէպքի վայր հասնելու ճանապարհին խցանումները երբեմն աւելի ծանր են, քան կրակը մարելը։ Նրա խօսքով՝ Պլասկոյի դէպքից յետոյ մայրաքաղաքում մարդիկ աւելի շատ են համագործակցում՝ ճանապարհ բացելու հարցում։
Կին հրշէջները
Ադդէն պատմում է նաեւ կին հրշէջների գումարտակի մասին, որը տեղակայւած է մայրաքաղաքի արեւմտեան հատւածում։ Հարցին՝ ինչպիսի առաքելութիւն են կատարում նրանք, սկզբում կիսակատակ ասում է. «հիմնականում կատու են բռնում»։ Յետոյ, ժպտալով, բացատրում է՝ հրշէջ դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել ֆիզիկական չափանիշներին։ Տղամարդկանց համար նւազագոյն հասակը 170 սմ է, կանանց համար՝ 165 սմ, եւ ամէն մէկն իր կարողութիւնների սահմաններում է ներգրաււում աշխատանքում։
Նորից պատերազմի մասին
Պատերազմի դէպքերի մասին պատմելիս նրա խօսքը երբեմն կտրւում է։ Թւում է՝ մի տեսակ պաշտպանական հոգեբանութիւն է գործում։ «Փորձում ես, որ մտքերդ աւարի տակ չմնան»,- ասում է նա։
Մի դէպք է յիշում։ Ռմբակոծւած շէնքն արդէն վնասազերծւած էր, եւ «Կարմիր Մահիկ»-ը որոնողական աշխատանքներ էր իրականացնում։ Մօտակայ փողոցից լաց ու կոծի ձայն է լսում։ Մօտենալով տեսանք՝ մի երիտասարդ տանը կաթւածից մահացել է։ «Այլեւս հնարաւոր չէր փրկել տղային։ Իսկ մայրը ճչում էր ու աղերսում, որ փրկենք։ Պայթիւնի ձայնից տղան տեղում կաթւած էր տարել…»,- քթի տակ նոյն մեղեդին է…
Նման դէպքերի համար գործում է յատուկ հոգաբանական թիմ՝ «Թիմէ Դաւամ» անունով, որը աշխատում է նման իրավիճակներում յայտնւած մարդկանց հետ։
Առանց արձակուրդայինի
Պատերազմի օրերին Ադդէն եղել է աշխատավայրում։ Միայն չորս օր գործընկերների պնդումով ընտանիքին ուղեկցել է Թեհրանից դուրս, ապա վերադարձել ծառայութեան։ Պատմում է նաեւ, որ հայրն ու մայրը շարունակ հետաքրքրւում էին՝ որտեղ է եւ ինչով է զբաղւած։ Մի օր նկատել է, որ հայրը հեռւից հետեւում է իրենց աշխատանքին…աւելի բարձր է լսում նւնւացող քթի տակի մեղեդին…
Նա յիշում է նաեւ Նիլուֆարի ոստիկանութեան վրայ յարձակման դէպքը։ «Այնտեղ մենք ընկերներով յաճախ էինք հաւաքւում, հաց կիսում, ժամանակ անցկացնում։ Յանկարծ նոյն վայրը քեզ ներկայանում է բոլորովին այլպատկերով՝ քաղցր յուշերի կողքին՝ դառը պատկերով»,- ասում է նա։
Փրկարար շների մասին
Ադդէն պատմում է նաեւ փրկարար շների մասին, որոնք հիմնականում Կարմիր Մահիկինն են։ Դրանք յատուկ վարժեցւած են՝ ողջերին գտնելու համար եւ մեծ թւով մարդկանց են փրկել պատերազմի աւերածութիւններից։ «Մի անգամ շան յետեւից գնալով հորն եմ ընկել. շունը հանգիստ անցել էր վրայից, բայց իմ քաշին չդիմացաւ։ Ամէն դէպքում նրանք մեր յուսալի ու հաւատարիմ գործընկերներն են»,- ասում է նա։
Հրշէջները, Կարմիր Մահիկը եւ ռումբ վնասազերծող թիմը նոյն փոսում
Դէպքի վայրերում, երբ հրշէջները, Կարմիր Մահիկը եւ բուժանձնակազմը աշխատում էին կողք-կողքի, միաժամանակ աշխատում էին նաեւ ռումբերի վնասազերծման մասնագէտները՝ չպայթած հրթիռները վնասազերծելով։ Բոլորը գործել են մեծ նրբանկատութեամբ՝ առանց միմեանց խանգարելու։
Պլասկօն
Քերմանշահի երկրաշարժից յետոյ Ադդէի յիշողութեան մէջ առանձնանում է նաեւ Պլասկոյի հրդեհը, որի հետեւանքով շէնքը հիմնովին փլւեց եւ իր տակ թաղեց 17 հրշէջի։
Նա յիշում է նաեւ Վալիասր պողոտայի էլեկտրակայանի հրդեհը, որը տեւել է մէկ շաբաթ՝ մինչեւ հիմնական մարումն ու վնասազերծումը։
Դժւար աշխատանքների չդասւող մասնագիտութիւնը
Վերջում հարցնում եմ հրշէջների աշխատանքային իրաւական եւ սոցիալական ապահովութեան մասին՝ արդեօք այն դասւում է «դժւար աշխատանքների» շարքին, որպէսզի նրանք կարողանան աւելի շուտ՝ օրինակ 20 տարւայ ծառայութիւնից յետոյ, անցնել հանգստի, ինչպէս ընդունւած է աշխարհի տարբեր երկրներում։
Ադդէ Կրասկեանը պատասխանում է, որ ոչ. նման առաջարկը, յատկապէս մայրաքաղաքում, բազմիցս մերժւել է, քանի որ բնակչութեան թւով պայմանաւորւած մեծ է նաեւ հրշէջների թիւը, եւ այն կարող է նիւթական ծանր բեռ դառնալ համապատասխան կառոյցների համար։
Երբ հարցնում եմ՝ արդեօք խորհուրդ կը տա՞յ ուրիշներին միանալ հրշէջ ծառայութեանը, նա կարճ է պատասխանում․ «Սա այն ոլորտը չէ, ուր խորհուրդ տալով մարդ բերես։ Այստեղ պատասխանատւութեան յատուկ զգացում է պէտք»։
Իսկ վնասների մասին ասում է բաց ու անկեղծ. «Կայ թոքերդ այրւելու, ծուխից վնասւելու, շարունակ ռիսկային վիճակներում լինելու վտանգը… Այնպէս որ խորհուրդ մի հարցրէք»։



