Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառումներ՝ Թեհրանի հայկական համայնքում
«ԱԼԻՔ» – Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ, ուրբաթ, հոկտեմբերի 13-ի առաւօտեան «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ հայ մշակոյթի տօնին նւիրւած ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ:
– Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ խորհրդի Մշակութային յանձնախմբի համագործակցութեամբ՝ թւականիս հոկտեմբերի 13-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ ծրագիր:
Միջոցառմանը գնահատւեցին ուսումնական անցեալ տարեշրջանում կազմակերպւած Մշակութային փառատօնի գերազանցիկ հանդիսացած աշակերտները: Յիշեալ աշակերտները ծրագրի ընթացքում հանդէս եկան ասմունքային կատարումներով եւ նւագարանների նւագակցութեամբ:
– Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով թւականիս հոկտեմբերի 14-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց ս. պատարագ:
– Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, թւականիս հոկտեմբերի 14-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ մշակութային միջոցառում նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. «Սիփան», Իրանահայ Գրողների եւ Փերիոյ կրթասիրաց միութիւնների: Միջոցառումը յագեցած էր բանախօսութեամբ եւ գեղարւեստական կատարումներով: Բանախօս էր հրաւիրւած՝ Շաքէ Աւետեանը:
Յատկանշական է, որ բոլոր միջոցառումները ներշնչւած էին Արցախեան ոգով եւ տեղի էր ունենում նաեւ նւիրահաւաք, որը նախաձեռնութիւնն է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած արցախահայութեանը օգնելու յանձնախմբի կողմից: