Հայրենի դուդուկահարներ հոգեւոր ելոյթով հմայեցին թաւրիզահայութեանը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, մայիսի 18-ին, Թաւրիզի Լիլաւայ թաղամասում գտնւող Ս. Սարգիս եկեղեցում, կիրակնօրեայ Ս. Պատարագին ներկայ գտնւեցին Կապանից ժամանած հիւրեր: Նրանց ուղեկցում եւ առաջնորդում էր Իրանի վանքերի եւ եկեղեցիների պահպանութեան տնօրէն՝ դոկտ. Շերլի Աւետեանը, իր օգնականների՝ Ալէն Գրիգորեանի եւ Արգիշտի Մկրեանի:
Ս. եւ անմահ Պատարագին նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, որը եկեղեցական արարողութեան աւարտին բարի գալստեան խօսք ուղղեց հայրենի հիւրերին: Նրանք պետական համալսարանի հրաւէրով ժամանել էին Թաւրիզ, եւ խմբում գտնւող համալսարանի դասախօսներ, Աշոտ Խաչատրեան, արւեստագէտ նկարիչներ Հրանդ եւ Արթուր, եւ նւագարանների վարպետ դուդուկահարներ Մերուժան եւ Վաչիկ, յատուկ հանդիպումներ էին ունեցել Թաւրիզի համալսարանում:
Առաջնորդ Սրբազանը նրանց ներկայացրեց եկեղեցում գտնւող հաւատացեալներին, եւ հրաւիրեց կրօնական ելոյթով հանդէս գալու, ի լուր թաւրիզահայութեանը: Դուդուկի վարպետ երկու երաժիշտները՝ Մերուժան եւ Վաչիկ ատեանում կանգնած ելոյթ ունեցան, մեծապէս յուզելով ներկայ հաւատացեալներին, նրանց համար կատարելով հայ եկեղեցու շարակնոցի եւ պատարագի հատւածներ: Նրանք նաեւ Կոմիտասից մի քանի կտոր ներկայացրին:
Աւարտին, Սրբազան հայրը Ատրպատականի պատմութեան եռահատոր իր աշխատութիւնը մատուցեց պրոֆ. Խաչատրեանին, նոր այցելութիւնների եւ հանդիպումների մաղթանքով:
Յայտնենք, որ նախորդ օրը, երեկոյեան ժամը 7:00-ին, հիւրերը պաշտօնապէս այցելեցին ազգային առաջնորդարան, եւ առաջնորդ Սրբազան Հօր ներկայացան «Էմիլ Յակոբեան» դահլիճում, հիւրընկալութեան Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի եւ կազմի անդամների: Փոխադարձ ծանօթացման ընթացքին առաջնորդ Սրբազանը Ատրպատականի հայոց թեմի դարաւոր անցեալի պատմութեան ակնարկեց, միաժամանակ խօսելով ներկայումս թեմում հայաշունչ ոգով գործող բոլոր կառոյցների մասին: Թեմական խորհրդի անունից ողջոյնի խօսք արտասանեց ատենապետ Գագիկ Ջորջեանը, յատկապէս անդրադառնալով առաջնորդ Սրբազան Հօր կիրառած ջանքերով Թեմի վերելքի եւ նորանոր շարժումներին: Արւեստագէտ վարպետները այստեղ յատկապէս Սրբազան Հօր համար նւագեցին ազգային եւ կոմիտասեան երգեր, բարձրագոյն կատարումով, մտերմիկ մթնոլորտում, ոգեշնչող պահեր ստեղծելով: Աւարտին, Կապանցի հիւրերը Սրբազան Հօրը նւիրեցին հայկական մանրանկարչութեան սքանչելի մի օրինակ: