Ատրպատականի «Մելիք Թանգեան» թանգարանը տօնեց, Իրանում «Թանգարանների օր»-ը

Ատրպատական, ազզային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի, մայիսի 18-ին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող «Մելիք Թանգեան» թանգարանը հիւրընկալեց պետական բարձրաստիճան պատասխանատուների, ինչպէս նաեւ մեր ժողովրդի զաւակներին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում «Թագարանների օր»-ւայ առիթով: Պետական հիւրերի շարքում էին Արեւելեան Ատրպատականի հետեւեալ կառոյցների պատասխանատու անձնաւորութիւններ՝ Մշակութային ժառանգութեան ապահովական տնօրէն՝ դոկտ. Բարզեգարը, Մշակութային ժառանգութեան ընդհ. տնօրէնի տեղակալ՝ դոկտ. Նաւադատը, պետական թանգարանների ընդհ. տնօրէն՝ դոկտ. Եազդանին եւ Փոքրամասնութեանց պատասխանատու՝ Մուսաւին:
131-ամեայ «Թամարեան» դպրոց-ի հնադարեայ շէնքին նոր շունչ տւած «Մելիք Թանգեան» թանգարանում պետական հիւրերին ընդունեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամներ՝ Գագիկ Ջորջեանի, Ալէն Սայեադեանի, Հենրիկ Աբրահամեանի, Վարդան Կարապետեանի եւ Քաթրին Դիլանեանի: Նշենք, որ պատերազմական օրերին, երբ ռմբակոծւում էին երկրի բոլոր շրջանները, ապահովական նկատառումներով, խորհրդակցաբար պետութեան հետ, Թեմական իշխանութիւնը ապահով վայրում տեղադրեց թանկարժէք գոյքերը, իսկ այժմ վերստին տեղադրեց դրանք Թանգարանի ցուցադրասրահներում:
Սոյն յուսադրիչ վերաբացման իրենց մասնակցութիւնը բերեցին թեմի ազգասէր ու մշակութասէր ժողովրդի զաւակները, ինչպէս նաեւ Ազգային կազմակերպութիւնների, միութիւնների եւ կառոյցների յատուկ ներկայացուցիչներ:
Նշենք, որ յունւարի 6-ին, Ս. Ծննդեան տօնի առթիւ Թեմում մատուցւած առաջնորդական Ս. Պատարագից անմիջապէս յետոյ, պետական բարձրաստիճան հիւրերի ներկայութեամբ, Գրիգոր արքեպիսկոպոսի ձեռամբ պաշտօնական բացումն էր կատարւել Թանգարանի գլխաւոր սրահի, որտեղ մի մաս թանկարժէք գոյքերից եւ իւղանկարներից էր տեղադրւել:
Առաջնորդ Սրբազանը խօսք առնելով, երկու տարիներ առաջ ծայր առած աշխատանքին անդրադարձաւ: Առաջին հերթին նշեց, որ Իրանում այս օրը «Թանգարանների օր» է նշանակւած պետական որոշմամբ, եւ անցած տարիներին բոլոր տեղական թանգարանները յատուկ ուշադրութեան առարկայ էին լինում, իսկ այս տարի նրանց միացաւ նաեւ Ատրպատականի հայոց թեմի բարձրարժէք թանգարանը:
«Անցած աւելի քան քառասուն տարիների ընթացքում փակ մնացած եւ պետական հսկողութեան յանձնւած «Մելիք Թանգեան» թանգարանը, պետական բարձր արտօնութեամբ վերաբացեց իր դռները, եւ հայ դարաւոր մշակոյթը, իր կրօնական ու ազգային տարբերակներով, վերստին հմայելու է բոլոր հայ եւ օտար այցելուներին: Սա մեր տարիների երազն էր, որը իրականացաւ ներկայ Թեմական խորհրդի նւիրեալ ջանքերով: Նրա անդամները իրենց ամէնօրեայ մտահոգութեան, ու ծրագրի մաս դարձրին Թանգարանը»,- ասաց Սրբազանը:
Իր խօսքի երկրորդ մասում նա անդրադարձաւ յունւար ամսին բացւած Թանգարանի վերստին փակման, ապահովական աշխատանքին, պատերազմական անբաղձալի օրերին դարաւոր գոյքերը պահպանելու մտահոգութիւնը բացատրելով ներկաներին. «Հազար փառք Աստուծոյ, որ դժւար օրերը խաղաղութեամբ անդրանցնելու ընթացքի մէջ է մտել մեր երկիրը: Ուստի, մեր յոյսն է, որ հայ մշակոյթը կարողանանք ներկայացնել բոլոր այցելուներին, միաժամանակ Ատրպատականում մեր ազգի դարաւոր ներկայութեան փաստը մատուցելով պատմութեամբ հետաքրքրւողներին», շեշտեց Սրբազանը: Այս առիթով նա բարի յաջողութիւն մաղթեց Թանգարանի պաշտօնէական անձնակազմին, գլխաւորութեամբ պետական ներկայացուցիչ Սիլւա Աշղեանին, տնօրէն՝ Վահիկ Բարոյեանին, հիւրընկալ Սիլւա Ասատրեանին, եւ դասաւորման աշխատանքը իրականացնող Սեւան Ենովքեանին եւ Մոսիկ Ալեքսանեանին, ինչպէս նաեւ մաքրութեան պատասխանատու Շաքէ Ալեքսանեանին:
Յիշեալ բոլոր աշխատանքների ծիրից ներս, Սրբազանը շեշտեց, որ երիտասարդ արւեստագիտուհի Փոլետ Բենոյեանի թողած նկարչութիւնը, հսկայ պատի վրայ թողած՝ կանացի դէմքով, ու խոնարհ աչքերով մի անձի խորհրդապատկերով, շուրջը այբենական տառերով, եւ հայկական մանրանկարչութեան նախշերով, մնայուն ազդեցութիւն է գործելու բոլոր այցելուներին. «Հինը եւ նորը միաձուլւում են այստեղ, երբ աւելի քան 250 տարւայ իւղանկարներ են կախւել պատերում, եւ նրանց հետ միասին այցելուներին իր տպաւորութիւնն է թողնելու Փոլետի նկարչութիւնը, Թանգարանի մուտքի կողքը գտնւող պատի վրայ: Սա ցոյց է տալիս, որ արւեստագէտներով հարուստ մեր Թեմում, նոր սերնդի շարքերում էլ կան նկարիչներ, որոնք իրենց ազգին կտակում են նման հրաշալի գործեր», ասաց Սրբազանը, յայտնելով, որ անցած ամիս Փոլետ Բենոյեանին արժանացրել էր «Օրհնութեան գիր»-ի, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսեանեան» սրահում:
Հնամենի գոյքերի սրահում, Սրբազան Հայրը հրաւիրեց Ջեմմա Գասպարեանին, որը Թանգարանին նւիրեց տարիներ իր տան մէջ պահպանւած հնատիպ գիրք, 1800-ական թւերի հրատարակութիւն, գրաբար լեզւով, օրացուցային եւ երազների մեկնաբանութեան բովանդակութեամբ: Սրբազանը նաեւ Թանգարանին մատուցեց նրա եղբօր՝ Էդիկ Գասպարեանի պահպանած 70 տարիների գաւազանը, Ղալայի «Արամեան» դպրոցի ձմեռ պապիին, որը տասնամեակներ մնացել էր իրենց տանը:
Պետական ներկայացուցիչները եւ ներկաները ապա բարձրացան Թանգարանի երկրորդ յարկը, որտեղ տեղադրւել էին Ս. Թադէի զանգը, մայր դուռը եւ այլ հնութիւններ: Սրբազանը յայտնեց, որ զանգը յատուկ միջոցով կարող է իւրաքանչիւր այցելու հնչեցնել, որպէսզի երբեք չդադրի Հայոց եկեղեցու հնագոյն սրբավայրի, Ս. Թադէոս առաքեալի վանքի ղօղանջը…:
Պաշտօնական վերաբացումից յետոյ ներկաները Թաւրիզի Եկեղեցիների Խնամակալ մարմնի միջոցով հիւրասիրւեցին, շրջագայեցին թանգարանի սրահները, եւ մօտկից շփւեցին ցուցադրւած յիշատակելի իրերի հետ: Պետական ներկայացուցիչները հանդիպում ունեցան առաջնորդ Սրբազանի եւ Թեմական խորհրդի հետ, գործնական աշխատանքների գծով:









