ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի այցը հայոց ազգային «Արաքս» դպրոց

Երեքշաբթի՝ մայիսի 14-ին, հայոց ազգային «Արաքս» դպրոցի հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեայ յոբելեանի առիթով, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը այցելեց յիշեալ դպրոցը, որտեղ մտերմիկ հանդիպում ունեցաւ դպրոցի տեսչական կազմի եւ յոբելեանական յանձնախմբի ու ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Թեմական խորհրդի ատենապետը նախ այցելեց դպրոցի նախասրահում ցուցադրւած տարբեր առիթներով պատրաստւած աշակերտութեան նկարչութեան եւ ձեռարւեստի աշխատանքները ապա այցելեց 70-ամեակին նւիրւած ցուցահանդէսը, որտեղ ի ցոյց էին դրւած անցեալի հայոց լեզւի, պատմութեան ու կրօնի դասագրքերից, համազգեստներից ու գրասեղաններից նմուշներ եւ դպրոցի տոհմածառը, որն իր մէջ պարունակում էր անցեալն ու ներկան պատկերող լուսանկարները, եւ նաեւ տարբեր տարեշրջաններում թեմի դպրոցների եւ աշակերտների ցանկերը ներկայացնող ցուցատախտակ:

Դպրոց այցելութեան ընթացքում այցելութիւն կատարւեց դպրոցի առաջին դասարան, ինչպէս նաեւ սերւէրի ու համակարգչի սենեակներ, որոնց վերաբերեալ դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանի միջոցով տրւեցին համապատասխան բացատրութիւնները: Դպրոցի տեսչուհին նաեւ նշեց, որ դպրոցի բոլոր դասարաններն անւանակոչւած են մարդկային բարեմասնութիւններով, որոնք այդպիսով արմատաւորւում են աշակերտութեան մտքում:

Հանդիպման ընթացքում բարիգալստեան եւ շնորհակալական խօսքեր հնչեցին դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանի եւ յոբելենական յանձնախմբի ատենապետուհի Իռէն Աբնուսեանի կողմից:

Իռէն Աբնուսեանն իր արտայայտութիւնների ընթացքում կարեւորեց ամեակների նշումն ու մեծարումը մատնանշելով, որ դա նշանակում է անցած ուղին վերապրել, վերյիշել եւ մատուցել նոր սերնդին, այն նպատակով, որ լաւագոյնս գնահատւի մեր նախնիների միջոցով հիմնադրւած կառոյցների արժէքներն ու առաքելութիւնը: Նա բարձր գնահատելով «Արաքս» դպրոցի 70-ամեայ անցած ուղին յոյս յայտնեց, որ յիշեալ դպրոցը, որպէս Թեհրանի կենտրոն քաղաքամասի միակ ազգային թեմապատկան դպրոց, երկար տարիներ կանգուն կը շարունակի իր աշխատանքը:

Դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը ընդհանուր անդրադարձ ունենալով դպրոցի աշխատանքներին կարեւորութեամբ մատնանշեց դպրոցում առկայ հնարաւորութիւններին եւ յարմարութիւններին, որոնք դպրոցի անձնակազմի ջանադիր աշխատանքով ի նպաստ են դրւում նոր սերնդի ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան նւիրական առաքելութեան:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նաեւ իր հերթին գնահատեց դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի եւ մասնաւորապէս յոբելեանական յանձնախմբի եւ հովանաւոր-բարերարի մեծ նւիրումով կատարած աշխատանքները եւ շնորհաւորանքի խօսքեր ուղղեց  դպրոցի 70-ամեակ առիթով: Նա իր արտայայտութիւններում ընդգծեց հայ եկեղեցու, հայ դպրոցի եւ հայ ընտանիքի համադիր եւ միասնական կարեւոր դերակատարութեանը, որոնք իբրեւ հայ համայնքների հիմնական սիւներ պէտք է աշխատեն ի խնդիր հայապահպանման եւ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան հիմնական առաքելութեան: Թեմական խորհրդի ատենապետը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը, սակայն միեւնոյն ժամանակ անդրադառնալով տարիների ընթացքում համայնքում աշխատող հայկական դպրոցների աշակերտութեան թւի զգալի նւազման եւ դպրոցների թւի անփոփոխ մնալուն, այժմէական կարեւոր օրակարգ համարեց դպրոցների եւ մանկապարտէզների վերադասաւորման ծրագրի մշակումը, որին հարկ է աչալուրջ կերպով զբաղւել:

Նոյն օրը նաեւ հանդիպում կայացաւ դպրոցի ուսուցչական կազմի հետ, որի ընթացքում պրն. Արամեանը շնորհակալական խօսքեր ուղղեց դպրոցի աշխատանքների իրականացման ուղղութեամբ իրենց դերակատարութեան առթիւ եւ լաւագոյն մաղթանքներով յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button