Իրանում Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով՝ ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ին, Ս. Սարգիս եկեղեցում, յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական Խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները, նահատակների ընտանիքները եւ հայրենակիցներ:
Արարողութեան աւարտին, ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ընդունելութիւն: Ընթացքում պրն. Արտուշ Իսկանդարեանը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց Թեմական խորհրդի կազմակերպւած միջոցառման նաեւ նահատակների ընտանիքների եւ անձնուրացների ներկայութեան համար:
Թեմական խորհրդի անունից օրւայ առիթով արտայայտւեց Հայրիկ Աղանեանը: Նա գնահատանքով անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում, իրենց կեանքը նւիրաբերած նահատակների նաեւ անձնուրացների ու ազտորդիների անսակարկ նւիրումին եւ նրանց ընտանիքների համբերատարութեանն ու հոգատարութեանը: Հայրիկ Աղանեանը յիշատակեց նաեւ վերջերս իր մահկանացուն կնքած ազատորդի-անձնուրց Բագրատ Քեշիշ Աբնուսին: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծելով պետական պատասխանատու այրերի հետ յարաբերութիւնների կարեւորութիւնը, գնահատեց այս ուղղութեամբ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի անգնահատելի ներդրումը եւ խնդիրների լուծման համար նրա ջանադիր ու հետեւողական աշխատանքը:
Խորհրդարանի պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը նաեւ իր հերթին անդրադարձաւ Իրանի ամբողջականութիւնը պահպանելու ճանապարհին իրենց կեանքը զոհաբերած անմահացած հերոսների եւ հայորդիների արիութեանն ու անձնազոհութեանը, եւ հաւաստիացրեց, որ նրանք ոչ միայն մեր, այլ Իրանի ամբողջ ժողովրդի պարծանքն ու հպարտութիւնն են, հետեւաբար որեւէ ջանք չի խնայւելու նրանց ընտանիքների բարօրութեան եւ բարեկեցութեան ի խնդիր:
Միջոցառումն իր աւարտին հասաւ քահանայ հայրերի «Պահպանիչ» աղօթքով:
Հանդիպման աւարտին նշւեց, որ Իրանում սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Նահատակների բաժնում, տեղի է ունենալու յատուկ արարողութիւն եւ ծաղիկների խոնարհում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների շիրիմներին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ