ՀամայնքՄշակութային

Իրանահայ արւեստի գործիչներն ահազանգում են. «Արւեստի ծառն սկսում է ցամաքել, երբ արւեստագէտն իրեն անտեսւած է զգում»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երէկ՝ նոյեմբերի 13-ին, թերթիս խմբագրատուն էին այցելել իրանահայ անւանի արւեստի ժամանակակից անւանի գործիչներ՝ Ռազմիկ Օհանեանը (կոմպոզիտոր-երաժշտագէտ), Արման Ստեփանեանը (լուսանկարիչ), եւ Վահիկ Յարութիւնեանը (նկարիչ):  

Կլոր սեղանի ձեւաչափով հանդիպմանը ներկայ էր նաեւ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Քննարկման հիմնական թեման՝ մշակութային քաղականութեան բացակայութիւնն էր իրանահայ համայնքի ծրագրերից:

Զրոյցի ընթացքում քննարկւեցին իրանահայ համայնքում, յատկապէս «բարձր արւեստ»-ի ու արւեստագէտին հովանաւորելու հասկացութեան թերի ընկալման խնդիրներն ու դրանց պատճառները: Խօսւեց, մասնաւորապէս այն մասին, որ  տեւական ժամանակ է, ինչ համայնքի կառավարման համակարգի հայեցակարգից դուրս է մնացել բարձրարժէք եւ արհեստավարժ արւեստի ուղղութեամբ յատկացումների կարեւորութիւնը: 

Նշենք, որ կլոր սեղանի ձեւաչափ ստացած հանդիպումը տեղի ունեցաւ Արման Ստեփանեանի առաջարկով: Յիշեցնենք, որ թերթս պարբերաբար բարձրաձայնել է համայնքային կտրւածքով մշակութային ուղղութեամբ յստակ ծրագիր ու հայեցակարգ ունենալու անհրաժեշտութեան հարցը:

Նոյն կապակցութեամբ Ռազմիկ Օհանեանն այն կարծիքի է, որ արւեստի ուղղութեամբ ծախսերն ու յատկացումներն ունեն ներդրումային արդիւնաւէտութիւն: Պրն. Օհանեանի համոզմամբ՝ թէեւ համայնքում տեղի ունեցած մշակութային միջոցառումներ կազմակերպելը գնահատելի երեւոյթ է, սակայն, խնդիրը կարգաւորելու համար անհրաժեշտ է արւեստի գործիչների մասնակցութեամբ մտքի կենտրոնի ստեղծումը, որը կը զբաղւի տարբեր ոլորտներում աշխատող  արւեստագէտների ու մշակութային գործիչների տւաելների հաւաքագրմամբ:

Վահիկ Յարութիւնեանը նշեց, որ աւելի քան 30 տարի է ցուցահանդէսների մասնակցում, իսկ մինչեւ այսօր, վաճառած կտաւներից ոչ մէկը չի գնւել հայի միջոցով:

Արամ Շահնազարեանը նոյնպէս կարեւորելով արւետսագէտի կենցաղային իրաւունքներն ու արհեստավարժ ասպարէզում նրանց իրաւունքների հարցը, նշեց, որ համայնքում չի ձեւաւորւել ցուցասրահ կամ թանգարան այցելելու մշակոյթը. «Սա խօսում է այն մասին, որ խնդիրն արմատապէս լուծելու անհրաժեշտութիւն կայ, ինչն առաջին հերթին պահանջում է մասնագիտական աշխատանք, ինչն առաջին հերթին կախւած է արւեստագէտից, կամ համայնքում  նրա ներկայութիւնից»: 

Մանրամասնութիւնները՝ թերթիս առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button