Դեսպան Սոբհանի. «Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն»
«ԱԼԻՔ» – «Ռուսաստանն ու Իրանը Հարաւային Կովկասում տարբերւող շահեր ունեն»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ The New York Times-ին տւած հարցազրոյցում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մանրամասնելով. «Մենք որոշ տարաձայնութիւններ ունենք, եւ որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։
«Հակամարտութիւններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերւող տեսակէտներ ունեն առեւտրային ճանապարհների ու ազդեցութեան բաժանման հարցում»,- գրել է ամերիկեան հեղինակաւոր պարբերականը՝ նշելով, որ դա արեւմտեան երկրներին անսովոր երկընտրանքի առջեւ է կանգնեցնում։
Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարւածութեանը վերջին ալիքը Սիւնիքի շուրջ է պտտւում, The New York Times-ը գրել է. «Այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակութիւն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եւրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արեւելք-արեւմուտք ճանապարհ բացել դէպի Թուրքիա, որը կը լինի Հայաստանի վերահսկողութիւնից դուրս։ Հայերը մտավախութիւն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կը վերցնի ուժով»։
«Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխութիւն»,- ամերիկեան պարբերականին տւած եզակի հարցազրոյցում ասել է Մեհդի Սոբհանին:
Դեսպանը, միաժամանակ, խուսափել է յստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթէ Ադրբեջանը յարձակւի։
«Դա տեղի չի ունենայ», – ասել է նա։