ԹեհրանՀամայնք

Մարդուժի դաստիարակման առումով ծանօթացում մարզամշակութային միութիւնների աշխատանքների հետ

Հ. Մ. «Սիփան» միութիւն

Հ. Մ. «Սիփան» միութիւն

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2003 թւականից սկսեալ իւրաքանչիւր տարին ձօնում է  մեր համահայկական կեանքի հետ անմիջական աղերս ունեցող երեւոյթի, դէպքի, դէմքի կամ յոբելեանի։ 2024 թւականը  Նորին Սրբութիւնը Հայրապետական յատուկ գրով հռչակել էր ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ, իսկ այս տարի՝ 2025 թւականը «Աւանդութիւնների վերակենսաւորման տարի»:

Սփիւռքեան պայմաններում մարդուժի դաստիարակման կարեւոր հանգամանքից ելնելով շարունակում ենք անցեալ տարւանից մեկնարկած մեր հարցազրոյցների շարանը՝ համայնքիս միութիւնների պատասխանատուների եւ վարչականների հետ, ծանօթանալու մարդուժի դաստիարակման հարցով միութիւնների յարկերի տակ ծաւալւող աշխատանքներին:

 

Թեմայի մասին Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ հարցազրոյց ենք ունեցել միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանի, վարչականների եւ տարբեր միաւորների ու բաժանմունքների պատասխանատուների հետ:

Միութեան վարչութեան նախագահը անդրադառնալով թեմայի գծով միութեան ծաւալած աշխատանքների մասին ընդգծեց. «Նախ գնահատելի է «ԱԼԻՔ»-ի նման մի քայլ, որով արտացոլում է միութիւնների աշխատանքները համայնքիս երիտասարդների դաստիարակման հարցով: Որպէս 61-ամեայ միութեան անդամ, ցաւով պէտք է նշեմ, որ համայնքը մասամբ ծրեացած համայնք է, որի վառ օրինակը մեր դպրոցների աշակերտութեան թւային պատկերն է, որը նաեւ արտացոլւում է միութիւնների շրջագծում: Անցեալում մեր միութենականները մեծամասնաբար երիտասարդներ էին եւ աւելի աշխուժ, իսկ դժբախտաբար այսօր տիրում է ինչ որ անտարբերութիւն եւ երիտասարդները, անցեալի պէս շատ էլ չեն հետաքրքրւում միութենական աշխատանքներով, սակայն ունենք յանձնառու երիտասարդներ, որոնք միշտ ներկայութիւն են եւ մասնակից աշխատանքներին եւ դա գնահատելի է: Ներկայումս Հ. Մ. «Սիփան» միութիւնը օժտւած է հինգ բաժանմունքներով՝ Սկաուտական, որը պատանի եւ երիտասարդ ներգրաււելու եւ դաստիարակելու առումով կարեւորագոյն բաժանմունքներից է, Մարզականը, որը մարզական տարբեր ոլորտներում ուսուցանում է մեր պատանի- երիտասարդներին, Ուսանողական, որի մէջ ներգրաււած են համալսարանականներ եւ բաժանմունքը աշխատում է աւելի քան 30 տարի:

Արւեստից բաժանմունք, որը որպէս մշակութային միաւոր միշտ իր կարեւոր դերն է ունեցել եւ ունի եւ միութեան նպատակներից ելնելով մեր մատաղ սերնդին փոխանցում է հայկական արւեստը եւ մշակութային արժէքները, ու այդ ոգով նրանց սնուցանում: Բաժանմունքը միութեան յարկի տակ կազմակերպում է գեղարւեստական զանազան միջոցառումներ եւ ներկայացնում հանրութեանը, այս բաժանմունքի աշխատանքների շրջագծում են թատերական ներկայացումներ, երգչախմբային կատրումներ, գեղարւեստական երեկոներ, ասմունքների, կատարում, ցուցահանդէսների կազմակերպում, նաեւ միաւորի նախաձեռնութեամբ միութիւնը ձեռնամուխ է լինում մշակոյթի շաբաթւան նւիրւած բազմաոլորտ ծրագրերի իրականացման, ներկայացնելով հայկական արւեստը: Միութեան այլ բաժանմունքներից է Երէցների բաժանմունքը, որին ներգրաււած են աւելի երէց միութենականներ, որոնք իրենց փորձառութիւններով միշտ նեցուկ են հանդիսանում այլ միաւորներին եւ կազմակերպում են միջոցառումներ, որոնք մեծամասնաբար համարւում են միութեան հասութաբեր ծրագրերը»:

Անդրադառնալով «Մարդուժի դաստիարակման տարւայ» թեմային, Հայկազ Շիրւանեանը նշեց. «Միութեան մէջ հէնց տարեսկզբին ընթերցւել է Վեհափառ Հայրապետի յղած կոնդակը եւ նման մի անւանում իրապէս շատ տեղին է, յատկապէս մերօրեայ պայմաններում, երբ տեսնում ենք որ երիտասարդութիւնը մեծամասնաբար տարւած է համակարգչային ու կիբեր տարածքի նորագոյն միջոցներով եւ ցաւօք այսօր բջջային հեռախօսների հնարաւորութիւնների օգտագործումը դարձել է ինչ որ համաշխարհային կլանող մշակոյթ, եւ այդ պատճառով արդէն իսկ շատերը հաղորդագրութիւնները ուղարկում են ոչ հայերէն տառերով եւ օրաթերթի կամ գրքի ընթերցանութիւնը շատ է նւազել: Ուստի ելնելով Վեհափառ Հայրապետի կոչից, իմ կարծիքով անհրաժեշտ է վերանայման ենթարկել մեր ազգային ու համայնքային կեանքը եւ համախմբւած, յստակ ու աննահանջ քայլեր նախաձեռնել յանուն մեր երիտասարդութեան: Ըստ իս նոյնիսկ հէնց բջջային հեռախօսների կամ ինտերնետային հնարաւորութիւններից օգտւելով մենք պէտք է մեր երիտասարդութեանը փոխանցենք մեր ազգայինը, մեր ազգային արժէքները, հակառակ դէպքում մենք ենք մեղաւոր որ չենք կարողանում արդի միջոցները ծառայեցնել մեր երիտասարդութեանը դաստիարակելու եւ մի խօսքով մարդուժ դաստիարակելու համար: Նոյնիսկ մեր հոգեւոր հայրերը եւս կարող են հենց այս արդի միջոցներով ներգրաւել մեր երիտասարդներին դէպի Հայաստանեաց Առաքելական Սուրբ եկեղեցի, իմ կարծիքով վաղը արդէն ուշ կը լինի»:

Ի պատասխան այն հարցին որ հայոց դպրոցը համարւում է մեր մատաղ սերնդի երկրորդ տունը, իսկ միութիւնը ազգային ոգի փոխանցող կարեւորագոյն օրրանը, ուստի ինչպէս կարելի է ամրապնդել միութիւն-դպրոց կապը եւ փոխգործակցութիւնը, Հայկազ Շիրւանեանը նշեց. «Հ. Մ. «Սիփան» միութիւնը գտնւում է Թեհրանի հայահոծ Սասուն քաղաքամասում, որը ժամանակին շատ աւելի հայահոծ էր քան այսօր, եւ քաղաքամասը օժտւած է հայոց ազգային դպրոցներով: Միշտ սնւել ենք դպրոցներով եւ միութեան դուռը միշտ բաց է մեր սիրելի պատանի-երիտասարդների համար, որոնք միութիւն գալով նպատակաուղղւած ծրագրերի մասնակցեն: Դպրոցների հետ մեր կապերը շատ սահուն են ընթանում եւ մէկը միւսին նեցուկ է հանդիսանում: Երբեմն միութիւնը ծրագրեր է կազմակերպում դպրոցների ծնողներին եւ ծողականներին համախմբելու համար, նոյնիսկ Սկաուտական բաժանմունքը եւս իր ծրագրերում հրաւիրում է դպրոցների աշակերտներին մասանկից լինելու աշխատանքներին, նմանօրինակ կապեր միշտ եղել են եւ կը շարունակւեն»:

***

Հարցազրոյցը շարունակեցինք Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախագահ Արփի Ալավերդեանի հետ, հէնց միութեան «Աւիւն» ասմունքի խմբի պատանի-պարմանուհիների հետ դասարանում, նրանց հետ պարապելու ընթացքում: Անդրադառնալով հայ նոր սերնդին մայրենի գիր ու գրականութիւնը ուսուցանելու կարեւորագոյն առաքելութեանը, Արփի Ալավերդեանը ընդգծեց. «Հ. Մ. «Սիփան» միութեան «Աւիւն» ասմունքի խումբը գործում է 2013 թւականից, իհարկէ խումբը աշխատում էր դրանից առաջ եւս բայց այս անւանումով խումբը սկսել է իր աշխատանքը 2013 թւականից: Խմբին անդամակցում են 9 պատանիներ, մեր դասաժամերը շաբաթական մէկ օր է՝ շաբաթ օրերը երեկոյեան միութեան յարկի ներքոյ, հիմնականում «Սասուն» քաղաքամասից պատանիներ ու պարմանուհիներ, որոնց հետ պարապում եմ հայկական գրականութիւն, ճարտասանութիւն, մեր երեխաները պատրաստւում են ասմունքելու համար եւ խումբը բազմիցս մասնակցել է տարբեր միջոցառումներին»:

Արփի Ալավերդեանը իր խօսքը ուղղելով երիտասարդներին եւ պատանիներին ընդգծեց. «Հիմնականում մեր աւագ սերունդը եւ ի մասնաւորի ղեկավարութիւնը, ուսուցիչները եւ մշակոյթի գործիչները  պէտք է փորձեն, որ մեր նոր սերնդին հաղորդակից դարձնեն մեր հայկական մշակոյթին, հայ գիր ու գրականութեանը, որպէսզի նրանք ճանաչեն իրենց ինքնութիւնը, քանզի մեր գոյատեւման գրաւականն է՝ կառչած մնալ մեր ինքնութեանը, ուստի մենք պարտաւոր ենք մեր երիտասարդութեանը բացատրել թէ ով ենք մենք, որպէսզի իրենք եւս կարողանան ծառայել մեր համայնքին ու ժողովրդին: Մենք փորձում ենք դա իրականացնել «Սիփան» միութեան յարկի ներքոյ, փոխանցելով հայ գրականութիւնը եւ զարգացնելով հայկական խօսքը մեր մատաղ սերնդի մօտ եւ կրթել ու դաստիարակել մեր նոր սերնդին հայկական ոգով, որպէսզի ապագայում դառան ուսուցիչներ եւ համայնքի ապագայ ղեկավարներ, ծառայելով մեր ազգին ու մշակոյթին: 

***

Յաջորդ զրուցակիցն էր՝ միութեան Մարզական բաժանմունքի նախագահ՝ Գեւիկ Մարութեանը:

Անդրադառնալով թեմային, նախ համապարփակ գծերով անդրադարձաւ բաժանմունքի աշխատանքներին եւ նշեց. «Միութիւնը այսօր օժտւած է աղջկանց երիտասարդական վոլէյբոլ մարզաձեւով եւ մարզումներին մասնակցում են մօտաւորապէս 30 հոգի, այս առումով մենք դիմեցինք մեր քաղաքամասի հայոց դպրոցներին եւ ներգրաւեցինք լաւագոյն վոլիբոլիստ աշակերտուհիներին, ունենք էյրոբիկի, զումբայի եւ Թի.Ար.Իքս դասարաններ իհարկէ աւելի  երէցների համար: Մարզաձեւերից ունենք սեղանի թենիս պատանի-երիտասարդների համար, ունենք տղայոց եւ աղջկանց մինի բասկետբոլ, նաեւ տղայոց երէց բասկետբոլ, որի մարզիչն է Ռաֆիկ Փաթաթանեանը, ունենք ժայռամագլցում եւ անցնող տարիներին այս մարզաձեւը ունեցել է Իրանի հաւաքականից ընտրւած շատ լաւ մարզիչներ, ինչպէս պրն. Եգանէն, որը միջազգային ճանաչում ունի եւ այս մարզաձեւից Իրանի հաւաքականում են ընտրւել մեր երկու մարզիկները, միութեան աղջիկ ժայռամագլցողներից մէկը Թեհրանի նահանգում լաւ տեղ է զբաղեցում, խմբի պատասխանատուն է Ռոբերտ Նազարեանը, եւ խմբին մասնակցում են՝ փոքրերը, երիտասարդները  եւ երէցները: Ունենք մասնագիտացւած լեռնագնացութեան խումբ որոնք Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի առիթով նւաճեցին՝ Արարատ լեռը, նւաճել են Իրանում Դամաւանդ լեռը եւս, ունենք նաեւ մինի ֆուտբոլի խումբ եւ բոլոր խմբերը ունենում են իրենց փորձերը եւ հմուտ մարզիչները»:

Նա ընդգծեց. «Ժամանակին միութիւնը հինգ շրջան կազմակերպեց մարզական մրցութիւններ հայոց դպրոցների ծնողաների միջեւ, որի կարգախօսն էր՝ «Դպրոց, միութիւն եւ աշակերտ» նաեւ միութեան Սկաուտական, Մարզական եւ Ուսանողական բաժանմունքները քաղաքամասի դպրոցների ծնողների հետ համատեղ կազմակերպում էին արշաւ, որպէսզի կարողանանք մեր մատաղ սերնդին եւս այդ միջոցներով ներգրաւել միութենական աշխատանքներում: Մի խօսքով միութիւնը տարիներ շարունակ փորձել է նման միջոցներով ենթահող պատրաստել, որպէսզի մեր նոր սերունդը մասնակից դառնայ միութենական աշխատանքներին: Անհրաժեշտ եմ համարում նշելու որ քանի որ այս տարի Իրանի Համահայկական խաղերը նւիրւած էին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակին, «Սիփան»-ը խաղերի բացման հանդիսութեանը տողանցքի ժամանակ հանդէս եկաւ 80 մարզիկներով, իհարկէ կը ցանկանայինք աւելի շատ մարզիկներով մասնակից լինէինք»:

***

Զրոյցը շարունակեցնիք միութեան Ուսանողական բաժանմունքի  նախագահ  Համբիկ Վարդանեանի հետ: Նա նշեց, որ բաժանմունքին է միացել վեց տարի առաջ, երբ մուտք է գործել համալսարան: Նա աւելացրեց. «Բաժանմունքը շաբաթական մէկ օր ունենում է իր հերթական հանդիպումները եւ ակտիւ է: Կամզկերպել եւ կազմակերպում  ենք զանազան թեմաներով դասախօսութիւններ, զրոյցներ, քննարկումներ, կազմակերպում ենք ուրախ ժամանցներ, նշում ենք մեր ազգային-կրօնական տարբեր տօները, կամ նախաձեռնում ծրագրեր միութեան տարբեր բաժանմունքների հետ: Մի ինչ որ թեմայի մասին կազմակերպում ենք նաեւ թեր ու դէմ արտայայտւողների ծրագիր եւ աշխատում ենք արդի միջոցներով ներգրաւել մեր սիրելի երիտասարդներին»: Նա նշեց որ բաժանմունքի ակտիւ ուսաանողների թիւը կապւած քննութիւնների եւ դասերի ժամանակահատւածների տատանւում է մինչեւ 20 հոգի: Ուսանողական բաժանմունքի նախագահը ընդգծեց. «Կարեւոր քայլերից է՝ սոցիալական ցանցերով միութեան աշխատանքները տարածել եւ ներկայացնել այն ինչ կատարւոմ է: Աշխատում ենք ծրագրեր մշակել, որպէսզի Փոդքաստների միջոցով հանրօգուտ տեղեկութիւններ փոխանցենք, սակայն մեր հիմնական նպատակը՝ երիտասարդին միութեան յարկի տակ համախմբելը ու միմեանց հետ շփւելն է, քանի որ հաւաքական ու միութենական աշխատանքներով է հնարւաոր փոխանցել մեր ազգայինը եւ ստեղծել մտերմիկ շրջանակներ, որը միութեան հիմնական նպատակն է»: Նա վերջում խօսքը ուղղելով երիտասարդներին նշեց. «Միութիւնն է, որ երիտասարդին կոփում է եւ հանրութեան մէջ աշխատանքի ասպարէզ ստեղծում: Սիրելի երիտասարդներ միութիւնը մարդուն կոփում է կեանքի համար եւ նրանք ովքեր միութիւնների յարկի տակ զբաղւում են միութենական աշխատանքներով էլ աւելի հեշտ են կարողանում դիմագրաւել կեանքի դժւարութիւնները»:

Զրոյցի ընթացքում միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանը անդրադառնալով միութեան ակտիւ բաժանմունքներից Սկաուտական բաժանմունքի աշխատանքների մասին, նշեց. «Միութեան սպաուտապետն է Քարմէն Չհարմահալեանը: Գերագոյն մարմինը օժտւած է հինգ հոգուց, ունենք բարձրագոյն աստիճանաւորների հաւաքականութիւն եւ հարիւր սկաուտներ, որոնց մեծամասնութիւնը պատանիներ են, վերջերս ունեցել ենք հնգօրեայ բանակում, որը բաւականին յաջող է եղել: Սկաուտականում ներգրաււած պատանի երիտասարդների դաստիարակութեանը պէտք է մօտենալ բաւականաչափ բծախնդրօրէն, քանի որ հէնց այդ տարիքից է կոփւում մարդը: Սկաուտականի հիմնական նպատակը անհատին կոփելն է, որպէսզի կարողանայ իր ձեռք բերած տարբեր հմտութիւններով իր ապագան, թէ՛ հասարակական, եւ թէ՛ համայնքային առումով աւելի հեշտ եւ դիւրին ձեւաւորի, քանզի սկաուտականը, մարդուն կոփում է թէ՛ ֆիզիկապէս, եւ թէ՛ մտաւոր առումներով եւ նրան դաստիարակում ազգային ոգով: Մեր ազգային ու կրօնական բոլոր միջոցառումներին մեր սկաուտները մասնակցութիւնն են բերում: Մեր սկաուտները նաեւ ունենում են միջմիութենական համատեղ աշխատանքներ եւ մասակցել են նաեւ Հայաստանում կազմակերւող համահայկական մասըշտաբի աշխատանքների»:

Միութեան վարչութեան նախագահը անդրադառնալով միութեան Արւեստից բաժանմունքին եւս ընդգծեց, որ 45 տարի է ինչ միութիւնը օժտւած է «Կոմիտաս» երգչախմբով, որի ներկայի խմբավարն է Լուսինէ Միքայէլեանը, ունենք թատերական խումբ, որի պատասխանատուներն են Բիայնա Օհանեանը եւ Շարիս Մելքոմ Աբգարը, խումբը նաեւ համագործակցում է ազատ թատերախմբերի հետ, որոնք կարող են իրենց բեմադրութիւնները իրականացնեն մեր սրահում: Աշխատում է նկարչական եւ արձանագործութեան դասընթացներ, ունենք սոլֆէժի, դաշնամուրի եւ օրֆի ուսուցման դասընթացներ: Մեր խմբերից է «Սիփան»-ի պարախումբը, խմբավարն է Կարինէ Մանուչերեանը եւ մեծամասնաբար պատանի-երիտասարդ անդամներով է ներգրաււած»:

Հայկազ Շիրւանեանը անդրադառնալով միութիւն-դպրոց համագործակցութեան անհրաժեշտութեանը նշեց. «Քանի որ միութիւնը օժտւած է «Նորայր Էլսայեան» մարզադահլիճով, մենք բազմիցս մեր հայկական դպրոցների պատասխանատուներին յայտարարել ենք, որ ցանկութեան դէպքում կարող են իրենց դպրոցի ժամի մարզական աշխատանքները իրականացնեն սրահում, եւ արդէն այս քայլը կատարւում է մեր մի քանի դպրոցների պարագայում»:

Հայկազ Շիրւանեանը իր խօսքը եզրափակելով նշեց. «Մեր Ուսանողական բաժանմունքը սրանից 30 տարի առաջ առաջիններից էր, որ իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի համալսարան մուտք գործող նորամուտ ուսանողներին ցանկագրում էր եւ նրանց հրաւիրելով միջոցառումների, յորդորում էր մասնակից դառնալ մեր միութիւնների միութենական աշխատանքներին: Միութեան վարչութիւնները միշտ փորձել են դիմագրաւելով դժւարութիւնները, հնարաւորինս օգտակար հանդիսանալ մեր երիտասարդներին եւ համայնքին եւ աշխուժ շարունակել աշխատանքները, թէեւ նիւթական հարցերը երբեմն միտում են խոչընդոտել որեւէ աշխատանք, սակայն դա եւս դիմագրաւում ենք, որպէսզի աշխատանքը չտուժի:

Վերջում պէտք է նշեմ, որ Ազգային իշխանութիւնը միշտ եղել է «Սիփան»-ի կողքին եւ միութիւնը եւս ելնելով իր ազգային նպատակներից ու ուղեգծերից միշտ եղել եւ լինելու է ազգային իշխանութեան կողքին:

Անհրաժեշտ եմ համարում նշել որ, նկատի առնելով համայնքի ներկայի թւային պատկերը անհրաժեշտ է աւելի համախմբենք մեր աշխատանքները եւ աւելի հզօր ու միասնական ծրագրերով եւ ապագայի հեռանկարով առաջ շարժւել»:

ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button