ՄիջազգայինՔաղաքական

Դոնալդ Թրամփը պաշտօնապէս դարձաւ ԱՄՆ 47-րդ նախագահը

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալութեան արարողութիւնը։

Արարողութեանը ներկայ են գտնւել ԱՄՆ նախկին նախագահներ Ջօ Բայդէնը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, ինչպէս նաեւ միլիարդատէրեր Ջէֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը, Սունդար Պիչայը, Թիմ Քուքը եւ Իլոն Մասկը:

«Ես հանդիսաւոր կերպով երդւում եմ, որ հաւատարմօրէն կիրականացնեմ Միացեալ Նահանգների նախագահի պարտականութիւնները եւ իմ հնարաւորութիւնների եւ ուժերի սահմաններում կը պահպանեմ, կը պաշտպանեմ Միացեալ Նահանգների Սահմանադրութիւնը»,- արտասանելով երդման տեքստը Դոնալդ Թրամփը պաշտօնապէս ստանձնել է ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտօնը:

Երդմնակալութեան արարողութեան աւարտից յետոյ, ըստ ընդունւած աւանդոյթի, ելոյթով հանդէս է եկել Թրամփը:

Նա յայտարարել է, որ Ամերիկայի ոսկէ դարն այժմ սկսւում է. «Այս օրւանից մեր երկիրը բարգաւաճելու է եւ կրկին յարգանքի է արժանանալու ամբողջ աշխարհում։ Բոլոր պետութիւնները կը նախանձեն մեզ, մենք թոյլ չենք տայ մեզ օգտագործել իրենց շահերի համար։

Մենք այնպէս կանենք, որ Ամերիկան միշտ առաջին տեղում լինի։ Մեր ինքնիշխանութիւնը կը վերադարձւի, մեր անվտանգութիւնը կը վերականգնւի, արդարադատութիւնը կրկին կը հաստատւի, եւ Արդարադատութեան դեպարտամենտի քաղաքական նպատակներով օգտագործմանը վերջ կը դրւի»:

Իր ելոյթում ԱՄՆ 47-րդ նախագահը յայտարարել է, որ արարողութեան աւարտից անմիջապէս յետոյ ստորագրելու է մի շարք «պատմական գործադիր հրամաններ, որոնք կը սկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը»:

«Առաջին հերթին ես համազգային արտակարգ դրութիւն եմ յայտարարում մեր հարաւային սահմանին։

ԱՄՆ բոլոր անօրինական ներթափանցումները կը դադարեն, եւ կը սկսւի միլիոնաւոր յանցագործ տարրերի վերադարձն այնտեղ, որտեղից նրանք եկել են:

Ես զօրքեր կուղարկեմ մեր հարաւային սահման՝ յետ մղելու մեր երկիր այս ներխուժումը, որն իսկական աղէտ է դարձել»,- յայտարարել է Թրամփը՝ յաւելելով, որ մտադիր է յանցագործ կարտելներն «ահաբեկչական կազմակերպութիւններ» հռչակելու մասին հրամանագիր ստորագրելու մտադրութեան մասին։

Թրամփը յայտարարել է Պանամայի ջրանցքը վերադարձնելու, Մեքսիկական ծոցի անւանումը փոխելու եւ էներգակիրներ արտահանելու մտադրութեան մասին:

Ըստ նրա՝ Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ը «յիմարաբար» փոխանցել է Պանամային այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ը հսկայական գումարներ է ծախսել դրա վրայ, շինարարութեան ընթացքում զոհւել է 306 հազար մարդ:

«Սա յիմար նւէր էր, պէտք չէր այն նւիրել Պանամային, որը խոստացել էր պահպանել փոխյարաբերութիւնները մեզ հետ, սակայն խախտել է իր խոստումները:

Մեր համաձայնագիրը լիովին խախտւած է, ամերիկեան նաւերից գանձւում են բարձր սակագներ, խախտւում են ԱՄՆ ռազմածովային նաւատորմի իրաւունքները: Միեւնոյն ժամանակ Չինաստանն է օգտւում Պանամայի ջրանցքից, իսկ մենք Չինաստանին չէ, որ տրամադրել ենք այդ ջրանցքը, եւ մենք կը վերադարձնենք այս ջրանցքը մեզ»,- յայտարարել է նա:

Նա նշել է նաեւ, որ մտադիր է Մեքսիկական ծոցը վերանւանել Ամերիկեան ծոց եւ վերսկսել էներգակիրների արտահանումը:

«Մենք կը փոխենք Մեքսիկական ծոցի անւանումը եւ կանւանենք այն Ամերիկեան ծոց, մենք կը վերականգնենք մեր հեղինակութիւնը:

Մենք կօգտագործենք մեր նաւթի եւ գազի հսկայական պաշարները: Մենք կրկին կը համալրենք մեր ռազմավարական պաշարները եւ կարտահանենք ամերիկեան էներգակիրները ամբողջ աշխարհով մէկ: Մենք կրկին կը դառնանք հարուստ երկիր»,- յայտարարել է Թրամփը՝ նշելով, որ երդմնակալութեան արարողութեան աւարտից անմիջապէս յետոյ յետ կը կանչի իր ստորագրութիւնը Փարիզի համաձայնագրից, որով աշխարհի գրեթէ բոլոր երկրները պարտաւորւել են պայքարել կլիմայի փոփոխութեան դէմ:

Թրամփը հաւաստիացրել է, որ կը ձգտի լինել խաղաղարար եւ միաւորող:

«Մենք մեր յաջողութիւնը կը չափենք ոչ միայն այն ճակատամարտերով, որոնցում յաղթել ենք, այլ, նաեւ, այն պատերազմներով, որոնց վերջ ենք դրել: Եւ ամենակարեւորը՝ այն պատերազմներով, որոնցում մենք երբեք չենք մասնակցի»,- նշել է նա՝ յաւելելով. «Հաճոյքով յայտնում եմ, որ նախագահ դառնալուցս մէկ օր առաջ Մերձաւոր Արեւելքում սկսեցին ազատ արձակել պատանդներին, նրանք վերադառնում են իրենց ընտանիքներ»:

Related Articles

Back to top button