Հայաստան - Արցախ

Ի՞նչ ազգութիւն ունի Արցախ-Խաչէնի թագաւոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան

Կովկասի պատմութեան կենտրոնի տնօրէն, պատմաբան Ռիզւան Հուսէյնովը 2024 թ. հոկտեմբերի 4-ին յայտարարել է, որ միջնադարեան Արցախի թագաւոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան ազգութեամբ եղել է թուրք:

Առահասարակ, եթէ որեւէ բնագաւառի մասնագէտ հանդէս է գալիս պնդմամբ, ապա ողջամիտ տրամաբանութիւնը յուշում է, որ նա այդ պնդումը հիմնաւորելու համար պէտք է ներկայացնի անհրաժեշտ եւ բաւարար փաստեր ու հիմնաւորումներ:

Սակայն, վերոնշեալ պատմաբանի պնդմանը չեն յաջորդում իր պնդումն ապացուցող փաստերն ու հիմնաւորումները: Սա անառարկելիօրէն վկայում է այն մասին, որ յիշեալ պատմաբանն իր պնդմամբ հետապնդում է պարզունակ քարոզչական նպատակ. ինչպէս միշտ ադրբեջանականացնել ամէն հայկականը: Իսկ սա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թէ պատմագիտութեան, այլ՝ պատմաշինարարութեան հետ: Շատ ծանօթ ձեռագիր, որ շարունակում են բանեցնել 1936 թւականից ադրբեջանցիներ յորջորջւող կովկասեան թաթարները:

Նպատակ ունենալով անաչառ ընթերցողին հասու դարձնել ճշմարտութիւնը եւ հիմնւելով բացառապէս հարցին վերաբերելի փաստերի վրայ՝ ներկայացնենք միջնադարեան Արցախի թագաւոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը:

13-րդ դարը Արցախի, ինչպէսեւ ողջ Հայաստանի պատմութեան ամենամռայլ դարաշրջաններից մէկն էր: Յիշեալ դարի սկզբում հայոց աշխարհում նկատւած տնտեսական ու մշակութային զգալի վերելքը որոշակիօրէն կասեցւեց թաթար-մոնղոլների առաջին հետախուզական արշաւանքով ու Խորեզմի սուլթան Ջալալ ադ-Դինի դաժան ասպատակութիւններով, որոնց յաջորդեց խաղաղութեան մի կարճ շրջան: Այս ընթացքում թաթար-մոնղոլները, նոր ուժերով համալրելով իրենց զօրքը, դարի 20-ական թւականների կէսին, սկսեցին իրենց լայնամասշտաբ արշաւանքը:                                                          

13-րդ դարի հիւսիսարեւելեան Հայաստանի ամենանշանաւոր քաղաքական միաւորն էր Արցախի Ներքին Խաչէն գաւառի իշխան, ինչպէս նաեւ ողջ Արցախ-Խաչէնի թագաւոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի իշխանութիւնը:                                                       

Այս մեծ հայրենասէր ու իմաստուն իշխանապետի կառավարման ժամանակաշրջանում Արցախ-Խաչէնն ընդհանրապէս, Ներքին Խաչէնը մասնաւորապէս տնտեսապէս բարձրացաւ մի աննախընթաց մակարդակի. կառուցւեցին բազում ճանապարհներ ու կամուրջներ, բերդեր ու ամրոցներ, ինչի արդիւնքում աշխուժացաւ մշակութային կեանքը: Ստեղծւեցին նոր ձեռագրեր ու ընդօրինակւեցին հները, վերանորոգւեցին բազմաթիւ հոգեւոր կենտրոններ եւ կառուցւեցին այնպիսի ճարտարապետական կոթողներ, որոնք, որպէս դասական օրինակ, պիտի մնային հետագայ դարերի համար: Այդպիսի կոթողներից բաւական է, թերեւս, յիշատակել Գանձասարի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին, որը Հասան-Ջալալ-Դոլան կառուցել է 1216-1238 թթ. եւ որը Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանաւոր բիւզանդագէտ Շառլ Դիլը համարել է հայկական ճարտարապետութեան կոթողներից համաշխարհային մշակոյթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրաւ երեւոյթներից մէկը (տե՛ս Թորոս Թորամանեան, Հայկական ճարտարապետութեան փոխազդեցութեան շուրջը, «Նիւթեր հայկական ճարտարապետութեան պատմութեան», հ. Բ, Երեւան, 1948 թ., էջ 25):

Իսկ Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ՝ պատմական գիտութիւնների դոկտոր Անատոլի Յակոբսոնը, ցոյց տալով Գանձասարի եկեղեցու ճարտարապետական բարձր արժանիքները, գրել է, որ այդ կոթողը «հայ ճարտարապետութեան մարգարիտն է, հայկական միջնադարեան ճարտարապետութեան ու կոթողային քանդակագործութեան եզակի յուշարձանը, մի այնպիսի ստեղծագործութիւն, որն, ամենայն իրաւամբ, պէտք է համարել XIII դարի հայ ճարտարապետութեան հանրագիտարանը (տե՛ս Անատոլի Յակոբսոն, Գանձասար, Երեւան, 1987 թ., էջ 14): Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելութեան մէջ ինքնուրոյն, այլեւ բացառիկ է. մենք չենք կարող ցոյց տալ ուրիշ մի այդպիսի յուշարձան Հայաստանի հողի վրայ»:

Պէտք է ասել, որ թագաւոր Հասան-Ջալալ-Դոլայի դերը մեծ էր նաեւ ողջ Հայաստանի թէ՛ քաղաքական, թէ՛ մշակութային կեանքում: Նա հաստատուն քաղաքական յարաբերութիւններ հաստատեց Կիլիկեան հայկական թագաւորութեան, Բիւզանդիայի, Վրաստանի, ինչպէս նաեւ Պարսկաստանի հետ, ինչը եւս նպաստեց Արցախի զարգացմանը:                         

Արտաքին թշնամիների դէմ ձեռնարկած միջոցառումների արդիւնքում նա կարողացաւ երկիրը զերծ պահել թաթար-մոնղոլների կործանարար դաժանութիւններից:

Հասան-Ջալալ-Դոլայի ձեռնարկած միջոցառումների արդիւնքում, շատ կարճ ժամանակ անց Արցախ-Խաչէնը դարձաւ հայկական պետականութեան, ազգային մշակոյթի եւ հոգեւոր կեանքի կենտրոն:

Եւ այսպէս, 1214 թ. Մեծ Հայքի Արցախ նահանգի Ներքին Խաչէն գաւառի իշխան Վախթանգ-Տանգիկի վախճանից յետոյ նրան յաջորդում է իր աւագ որդին՝ Հասան-Ջալալ-Դոլան (տե՛ս Բագրատ Ուլուբաբեան, Խաչէնի իշխանութիւնը 10-16-րդ դարերում, Երեւան, 1975 թ., էջ 172-173):

Արցախի Առանշահիկների թագաւորական տոհմի ամենաականաւոր ներկայացուցիչն էր Հասան-Ջալալ-Դոլան, կենդանութեան ժամանակ միշտ պատմիչների ուշադրութեան կենտրոնում, ողբերգական վախճանից յետոյ՝ ժողովրդի ու դարձեալ ժամանակագիրների միայամուռ փառաբանութեամբ պսակւած:                                    

Ժամանակի հեղինակները ոգեշունչ խօսքերով են պատմում ինչպէս նրա անձի, այնպէս էլ նրա կատարած բացառիկ գործունէութեան մասին: Հասան-Ջալալ-Դոլան իր քաջութեամբ ու հեռատեսութեամբ ստւեր էր գցել ոչ միայն իր ժամանակակիցների փառքի, այլեւ՝ նրանց վրայ, ում մասին պատմում էին հինաւուրց աւանդութիւնները:             

13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ով անձամբ շփւել է Հասան-Ջալալ-Դոլայի հետ, այսպէս է բնութագրել նրան. «Սա մեծամեծ իշխաններ Զաքարէի եւ Իւանէի քրոջ որդին էր, մի բարեպաշտ, աստւածասէր, հեզ ու հանգիստ, ողորմած ու աղքատասէր, անապատականների նման աղօթքների ու աղաչանքների մէջ ճգնող: Որտեղ էլ լինէր, անխափան կատարում էր ցերեկւայ եւ գիշերւայ պաշտամունքը, ինչպէս վանականները: Եւ Փրկչի Յարութեան յիշատակը կիրակի անքուն ոտքի վրայ էր անցկացնում: Չափազանց քահանայասէր եւ ուսումնասէր էր ու աստւածային կտակարանների ընթերցող» (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմութիւն, Երեւան, 1982 թ., էջ 192-193):

Այնուհետեւ պատմիչն աւելացնում է. «աստւածապաշտ, երկիւղած ու պարկեշտ մարդ էր, ազգութեամբ հայ» (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, նշւ. աշխ., էջ 257-258):

Թէեւ պատմիչ Կ. Գանձակեցու խօսքը Հասան-Ջալալ-Դոլայի ծագման վերաբերեալ աւելի քան յստակ է եւ որեւէ հիմք չկայ կասկածելու նրա խօսքի ճշմարտացիութեանը, քանզի դրանք ականատես վկայի խօսքեր են, այնուամենայնիւ մեր օրերում դեռ կան հետազօտողներ, որոնց համար Արցախի իշխանաց իշխանի ազգային պատկանելութեան հարցը քննութեան առարկայ է (տե՛ս Թոմաս դէ Վաալ, Սեւ այգի, Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղութեան եւ պատերազմի միջով, Երեւան, 2007 թ., էջ 220, 223):

Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող եւ լրագրող Թոմաս դէ Վաալը, ցանկանալով պարզել Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը, նամակով դիմել է ԱՄՆ Նիւ Ջերսի նահանգի Ռոհան կոլէջի պրոֆեսոր, Կովկասի 13-րդ դարի պատմութեան մասնագէտ Ռոբերտ Հիւսէնին (տե՛ս Թոմաս դէ Վաալ, նշւ. աշխ., էջ 225):

2001 թ. յունւարի 10-ին պրոֆեսոր Հիւսէնը հանգամանալից պատասխան է ուղարկել Թոմաս դէ Վաալին (տե՛ս Թոմաս դէ Վաալ, նշւ. աշխ., էջ 423): Գիտնականը, հետազօտելով Հասան-Ջալալ-Դոլայի ծագումնաբանութիւնը, հանգել է այն եզրակացութեան, որ այն բացառապէս հայկական է՝ այդ մասին մասնաւորապէս գրելով. «[ՀասանՋալալի] նախնիները յայտնի են մինչեւ չորրորդ դարը՝ ներառելով հետեւեալ ազնւական տոհմերը. հայրական կողմը՝ (1) Սիւնիքի իշխանները (աւելի ուշ՝ թագաւորները): Իր նախնիների հետ ամուսնացած իշխանուհիների գծով ՀասանՋալալը սերում է (2) Բագրատունիների տոհմի հայոց թագաւորներից (Անի մայրաքաղաքով), (3) Արծրունիների տոհմի Վասպուրականի հայոց թագաւորներից (Վան մայրաքաղաքով), (4) Գարդմանի իշխաններից, (5) Պարսկաստանի Սասանեանների տոհմից եւ (6) Արշակունիներից՝ Ալբանիայի երկրորդ թագաւորական տոհմից, որն ինքը (7) հնագոյն պարթեւական թագաւորների ճիւղերից է» (տե՛ս Թոմաս դէ Վաալ, նշւ. աշխ., էջ 226):

Այսպիսով, անվիճելի է այն փաստը, որ Հասան-Ջալալ-Դոլան սերում է հայոց ամենանշանաւոր ու հռչակաւոր տոհմերից: Սակայն որտեղի՞ց, այդ դէպքում, նրա օտարահունչ անունը, ի՞նչ են նշանակում այս անհատականութեան երեք ոչ հայկական անւանումները՝ Հասան, Ջալալ եւ Դոլա:

Այս ժամանակների Արցախում եւ Հայաստանի միւս մասերում մեծ տարածում գտած ո՛չ հայկական, նոյնիսկ ո՛չ քրիստոնէական, օտար անունները, ինչպէս Հասան, Վախթանգ, Քուրդ եւ այլն, զարմանալի չեն լինի, եթէ հաշւի առնենք Իրանի, ապա եւ յատկապէս արաբական խալիֆայութեան, նրանց միջոցով էլ՝ օտար մշակութային միջավայրերի անյաղթահարելի ազդեցութիւնը ողջ Հայաստան աշխարհի ու նրա ժողովրդի վրայ: Այլ խօսքով ասած, պատմական տւեալ ժամանակաշրջանում արաբական լեզուն եղել է բաւականին յարգի եւ ունեցել է մօտաւորապէս այն արժէքը, ինչ որ անգլերէնը ժամանակակից աշխարհում: Այդ պատճառով էլ հասարակութեան մէջ մեծ հռչակ վայելող մարդկանց կոչել են արաբական անուններով, որպէս իւրայատուկ արժանիքի տէր անձնաւորութիւնների, դրանցից են օրինակ Ջալալը, Դոլան եւ այլն:                            

Հնում, ինչպէս եւ այսօր, Արցախում ու նաեւ ամբողջ Հայաստանում, սովորութեան համաձայն, աւագ որդուն կոչել են պապի անունով: Տւեալ դէպքում հայր Վախթանգ-Տանգիկն աւագ որդուն՝ Հասան-Ջալալ-Դոլային կոչել է իր հօր՝ Հասանի անունով:

«Հասան»-ը արաբերէն բառ է, որ նշանակում է «գեղեցիկ տղամարդ» (տե՛ս Հրաչեայ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, Երեւան, 1946 թ., էջ 51):

Խաչէնի իշխան Հասանին անւանում էին նաեւ «Ջալալ» եւ «Դոլա»:

«Ջալալ»-ը դարձեալ արաբերէն է եւ նշանակում է «փառք, վեհութիւն, մեծութիւն» (տե՛ս Հրաչեայ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հ. Դ, Երեւան, 1948թ., էջ 286):

«Դոլա»-ն էլ արաբերէն «դաւլաթ-դովլաթ» բառից է եւ նշանակում է «հարստութիւն, մեծութիւն, ինչք, պետութիւն, իշխանութիւն» (տե՛ս Հրաչեայ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հ. Բ, Երեւան, 1944 թ., էջ 76):

Արցախահայութիւնն իր իշխանապետին՝ Հասանին, մեծարելով, կոչել է «Ջալալ-Դոլա», որ բառացի թարգմանաբար նշանակում է «փա՛ռք պետութեանը», «փա՛ռք իշխանութեանը»: Սա, բառացի թարգմանաբար, կարծէք թէ, նման է ռուսերէն “славо царю” (փա՛ռք թագաւորին) արտայայտութեանը: Իսկ իմաստային թարգմանութեան պարագայում «Ջալալ-Դոլա» արտայայտութիւնը նշանակում է «պետութեան փառք», «պետութեան վեհութիւն»:

Հարկ է նշել, որ Հասանի եղբայր Զաքարէն էլ է ունեցել համանման անւանում, նա էլ կոչւել է «Նասր-Դոլա», ինչը թարգմանաբար նշանակում է «օգնութիւն կամ յաղթութիւն պետութեանը» (տե՛ս Հրաչեայ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հ. Դ, Երեւան, 1948 թ., էջ 24):

Այսպիսով, ինչպէս տեսնում ենք, Հասան-Ջալալ-Դոլան իր անւան մէջ խտացրել էր պետութեան գաղափարը:

Շատ կարճ ժամանակամիջոցում Հասան-Ջալալ-Դոլան շնորհիւ իր կառավարման, դիւանագիտական եւ զօրավարական աստւածատուր տաղանդի, ձեռք է բերում գահերեցի կարգավիճակ: Իր կառավարած գաւառի՝ Ներքին Խաչէնի իշխանութեան տարածքին միացնելով անիշխան մնացած Հաթերք գաւառի տարածքը՝ Հասան-Ջալալ-Դոլան դառնում է Արցախի արդէն երկճիւղ դարձած իշխանութիւնների (Ներքին Խաչէնի եւ Վերին Խաչէնի կամ Ծարի) լիիրաւ ղեկավարը՝ վիմագիր արձանագրութիւններում եւ ձեռագիր մատեաններում կոչւելով Արցախի թագաւոր, կամ իշխանաց իշխան: 

13-րդ դարի հայ քաղաքական իրականութեան մէջ Հասան-Ջալալ-Դոլան ամենանշանաւոր պետական, ռազմական ու քաղաքական գործիչներից մէկն էր: Նրա քաղաքական-դիւանագիտական գործունէութիւնը Հայաստանի միջնադարեան պատմութեան մէջ եզակի երեւոյթ էր: 47 տարի (1214-1261 թթ.) անընդմէջ նա փաստացի (դէ ֆակտօ) եւ իրաւաբանօրէն (դէ իւրէ) ներկայացել եւ օտարների կողմից ճանաչւել է որպէս անկախ, ինքնիշխան պետութեան ղեկավար:

Արցախ-Խաչէնի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ողբերգական վախճանից յետոյ Ներքին Խաչէնի իշխանական տունը 13-րդ դարի վերջերից սկսած կոչւում է Հասան-Ջալալ-Դոլայի անունով, սակայն առանց «Դոլա»-ի, պարզապէս՝ Հասան-Ջալալեան: Այս ազգանունն էին կրում նաեւ այն հոգեւոր գործիչները, ովքեր սերում էին այս իշխանական տոհմից եւ արդէն ժառանգաբար 13-րդ դարի կէսերից իրենց ձեռքում էին կենտրոնացրել Ներքին Խաչէն գաւառի եպիսկոպոսական, իսկ 14-րդ դարի վերջերից նաեւ ողջ Արցախի կաթողիկոսական գաւազանը:

Բազմաթիւ հոգեւորականներից այստեղ բաւական է յիշենք մի քանիսին ընդամէնը, որոնց անբասիր գործունէութիւնը բոլորին է յայտնի. ահա նրանք՝ Արցախի կաթողիկոսներ Երեմիա Հասան-Ջալալեան, Եսայի Հասան-Ջալալեան, Յովհաննէս Հասան-Ջալալեան, Սարգիս Հասան-Ջալալեան, Արցախի մետրոպոլիտ եւ առաջին թեմակալ առաջնորդ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալեան, Արցախի թեմի առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալեան…

Այսպիսով, հիմնւելով վերոնշեալ փաստերի հիման վրայ կատարւած վերլուծութեան վրայ՝ կարող ենք պնդել, որ 1214-1261 թթ. Արցախի թագաւոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան ազգութեամբ եղել է հայ:

Հասան-Ջալալ-Դոլայի ծագման եւ գործունէութեան մասին առաւել մանրամասն տեղեկութիւններ իմանալ ցանկացողները կարող են ընթերցել հետեւեալ գիտական յօդւածները՝ https://shorturl.at/nfi8E

https://shorturl.at/fhLLv

Ստեփան Հասան-Ջալալեան, XIII դարի Արցախի իշխանաց իշխան, թագաւոր Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը եւ գործունէութիւնը, Ստեփանակերտ, 2016, էջ 177-186, http://www.asu.am/images/stories/humanitar_2016.pdf

Իսկ Ռիզւան Հուսէյնովը, եթէ ունի այդքան համարձակութիւն, թող փորձի զբաղւել ադրբեջանցիների ծագման հարցով՝ որպէս ուղեցոյց, մասնաւորաբար, ունենալով՝

Ադրբեջանի նախագահ Հէյդար Ալիեւի խօսքերը՝ ասւած նախքան 1995 թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Սահմանադրութեան ընդունումը՝ մտաւորականութեան ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկել են, թէ ովքե՞ր են իրենք եւ ո՞րն է իրենց լեզուն: Հանդիպման ժամանակ Հէյդար Ալիեւը, մասնաւորապէս, յայտարարել է. «Սկզբում մեզ անւանում էին թաթարներ, 1918 թւականից յետոյ՝ թուրքեր, իսկ 1936 թւականից՝ ադրբեջանցիներ»):

Ադրբեջանի գիտութիւնների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր Ֆարիդ Ալեքպերլիի «Ադրբեջանի ազգային գաղափարախօսութիւնը. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք առաջացել եւ ո՞ւր ենք գնում» 2009 թւականի օգոստոսի 8-ին «Зеркало» թերթում հրապարակւած յօդւածը (https://archive.zerkalo.az/2009-08-08/politics/1630-read), որտեղ վերջինս, մասնաւորաբար, յայտարարել է. «Արհեստական, անդեմ «ադրբեջանցի» անւան տակ թաքնւած են իրական էթնիկ խմբեր՝ հիմնականում թուրքեր, ինչպէս նաեւ քրդեր, թալիշներ, թաթեր, լեզգիներ եւ այլն։ Նրանք բոլորը քաղաքացիութեամբ ադրբեջանցի են, բայց, միեւնոյն ժամանակ, ներկայացնում են տարբեր էթնիկ խմբեր… «Ադրբեջանցու» ողջ պատմութիւնը սկսւում է 1930-ական թւականներից: Մինչ այդ «ադրբեջանցի» պարզապէս գոյութիւն չի ունեցել»:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

«ՀասանՋալալեանների խորհուրդ» հասարակական կազմակերպութեան հիմնադիրնախագահ

Related Articles

Back to top button