Այլ

Շաքար պարունակող ըմպելիքների պատճառով տարեկան 300 հազարից աւելի մարդ է մահանում

Թաֆթսի համալսարանի ամերիկացի գիտնականները գնահատել են շաքարով քաղցրացւած ըմպելիքների (ՇՔԸ) սպառման հետեւանքով մարդկութեան առողջութեանը հասցւած գլոբալ վնասը: Պարզւել է, որ քաղցր ըմպելիքները զգալիօրէն աւելացնում են շաքարային դիաբետից եւ սրտանօթային հիւանդութիւններից հիւանդացութիւնն ու մահացութիւնը: Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Medicine (NatMed) գիտական ամսագրում:

Մասնագէտները ՇՔԸ-ին են դասել բոլոր այն ըմպելիքները, որոնցում շաքարի պարունակութիւնը 240 միլիլիտրի հաշւով կազմում է առնւազն 50 կիլոկալորիա: Բացառութիւն են կազմել քաղցրացւած կաթը, 100% մրգային եւ բանջարեղէնային հիւթերը, ինչպէս նաեւ ոչ կալորիական շաքարի փոխարինիչներով ըմպելիքները:

Հետազօտողները ըմպելիքների սպառման վերաբերեալ տւեալները ստացել են Սննդի գլոբալ տւեալների բազայից, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 118 երկրից 2.9 միլիոն մարդ:

Հեղինակները այս տւեալները եւ կարդիոմետաբոլիկ հիւանդութիւնների ցուցանիշները ներառել են քաղցր ըմպելիքների ֆիզիոլոգիական ազդեցութիւնների՝ նախորդ հետազօտութիւնների վրայ հիմնւած ռիսկերի համեմատական գնահատման մէջ:

Վերլուծութեան համաձայն՝ ՇՔԸ-ները նպաստում են սրտի հիւանդութիւնների 1.2 միլիոն, ինչպէս նաեւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի 2.2 միլիոն նոր դէպքերի առաջացմանը իւրաքանչիւր տարի:

Բացի այդ, քաղցր ըմպելիքները յանգեցնում են շաքարային դիաբետից մօտ 80 հազար մահւան դէպքերի եւ սրտանօթային հիւանդութիւններից 258 հազար մահւան դէպքերի:

Հետազօտողները նշում են, որ մեր օրգանիզմը արագ է մարսում քաղցր ըմպելիքները՝ բարձրացնելով արեան մէջ շաքարի մակարդակը, սակայն լաւագոյն դէպքում ապահովելով միայն աղքատիկ սննդային արժէք:

Միեւնոյն ժամանակ, այս արտադրանքները լայնօրէն գովազդւում են զարգացող երկրներում: Զեկոյցի համաձայն՝ Մեքսիկայում շաքարային դիաբետի բոլոր նոր դէպքերի գրեթէ մէկ երրորդը կապւած է ՇՔԸ-ների հետ, իսկ Կոլումբիայում այս ցուցանիշը մօտենում է 50%-ի:

Գիտնականները աւելացրել են, որ ցանկանում են մարդկանց տեղեկացնել քաղցր ըմպելիքների պատճառով առողջութեանը հասցւած վնասի կործանարար մասշտաբների մասին:

News.am

Related Articles

Back to top button